2022 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 2.06 տրիլիոն դրամ, ինչը 22.5%-ով ավելի է, քան 2021-ին և 5.9%-ով ավելի, քան կառավարության նախնական պլանը։ Բյուջեի եկամուտների աճը գլխավորապես պայմանավորված էր հարկային եկամուտների ավելացմամբ, որի վրա զգալի դրական ազդեցություն է ունեցել ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստանի տնտեսության ակտիվացումը:
2022-ի պետական բյուջեի եկամուտները գրանցել են պատմական ռեկորդ
2022-ին պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 63 միլիարդ դրամ, ինչը 22.5%-ով կամ 379.3 մլրդ դրամով ավել էր, քան 2021-ին և անկախ Հայաստանի պատմության մեջ ռեկորդային բարձր ցուցանիշ է։
Ի սկզբանե կառավարությունը 2022-ի համար ակնկալում էր 1 տրիլիոն 948 մլրդ դրամի չափով եկամուտ, ինչը նշանակում է, որ պետական բյուջեի եկամուտները գերակատարվել են 5.9%-ով կամ 115.3 մլրդ դրամով:
Պետական բյուջեի եկամուտների աղբյուրները
2022-ին պետական բյուջեի եկամուտների 93.4%-ը կամ 1 տրլն 926 մլրդ դրամը ձևավորվել է պետական բյուջե վճարված հարկերի և տուրքերի հաշվին, 0.7%-ը կամ 15 միլիարդ դրամը՝ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհների հաշվին և 5.9%-ը կամ 122.1 մլրդ դրամը՝ այլ եկամուտներից, որոնց մեջ մտնում են պետական բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինները, պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսներ) և այլն։
Ինչի հաշվին են աճել հարկային եկամուտները և տուրքերը
2022թ-ին 2021թ-ի համեմատ հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 21.4%‑ով կամ 339.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված էր ԱԱՀ-ի, շահութահարկի և եկամտային հարկի գծով մուտքերի աճով: Պետական բյուջեի հարկային եկամուտների ավելացմանը զգալիորեն նպաստել են 2022-ին երկրում տնտեսական ակտիվության աճը, արտահանման և ներմուծման աճը, ինչպես նաև աշխատատեղերի ու միջին աշխատավարձի ավելացումը։ Հարկ է նշել, որ այս զարգացումների վրա զգալի դրական ազդեցություն է ունեցել ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանից Հայաստան աշխատուժի և կապիտալի հոսքը, ինչպես նաև Ռուսաստանում հայկական ծագման և Հայաստանի կողմից մատակարարվող ապրանքների նկատմամբ պահանջարկի կտրուկ աճը։
2022-ին պետական տուրքերը կազմել են 106.8 մլրդ դրամ, ինչը 39.9 մլրդ դրամով կամ շուրջ 60%-ով ավելի է, քան 2021-ին։ 2022-ին պետական տուրքերի 70%-ը կամ շուրջ 75 մլրդ դրամ կազմել են լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար գանձվող տուրքերը, որոնք նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել են։ Սա հիմնականում պայմանավորված էր 2021-ի սեպտեմբերի 4-ից մինչև 2022-ի սեպտեմբերի 10-ը պղնձի և մոլիբդենի խտահանքեր արտահանելու լիցենզիաներ, թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար պետական տուրքի սահմանմամբ։
Միաժամանակ, 2022 թվականի պետական բյուջեից հարկ վճարողներին է վերադարձվել 261.9 մլրդ դրամի չափով ԱԱՀ, եկամտային հարկ և ակցիզային հարկ՝ 45.3%‑ով կամ 81.7 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ընդ որում, ԱԱՀ-ի գծով վերադարձված գումարների մեջ են մտնում արտահանողներին ԱԱՀ-ի փոխհատուցված գումարներ, իսկ եկամտային հարկի գծով վերադարձված գումարների գերակշիռ մասը կազմում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին և համավարկառուներին վերադարձված եկամտային հարկը։ Վերջինիս մասով վերադարձված գումարը 2022-ին կազմել է 36.5 մլրդ դրամ` 60.8%-ով կամ 13.8 մլրդ դրամով ավելի, քան 2021-ին։ Ընդ որում՝ ԱԱՀ-ի, եկամտային հարկի և ակցիզային հարկի գծով վերադարձված գումարների փաստացի մուտքերում ներառելու դեպքում հարկային եկամուտների և պետական տուրքի աճը կկազմեր 24%` 21%-ի փոխարեն։
Ամփոփելով պետք է նշել, որ 2022թ-ը ՀՀ պետական բյուջեի եկամուտների տեսանկյունից եղել է բավականին բարենպաստ տարի՝ հիմնականում պայմանավորված Հայաստանի տնտեսության վրա արտածին գործոնների դրական ներազդեցությամբ։
Սույն հոդվածը պատրաստվել է Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի (ACSES) կողմից «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության աջակցությամբ՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Արևելյան գործընկերության համար ԵՄ բարեվարքության ծրագրի շրջանակում։ Դրա բովանդակությունը բացառապես Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն (ACSES) վերլուծական կենտրոնի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտացոլի ԲԿԳ կամ ԵՄ հայացքները։