1977 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը կիսել են Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Բերտիլ Օլինն (1899–1979թթ.) ու Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Միդը (1907–1995թթ.) «միջազգային առևտրի և կապիտալի միջազգային շարժի տեսության մեջ կատարած բեկումնային ներդրման համար»:


Բերտիլ Օլինը ծնվել է 1899թ-ին Շվեդիայի Կլիպան քաղաքում։ Հետևելով մաթեմատիկայի նկատմամբ իր սիրուն՝ սովորել է վիճակագրություն և տնտեսագիտություն Լունդի համալսարանում, Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցում և Հարվարդի համալսարանում: Շվեդական ամսագրերից մեկում մի ակնարկի ընթերցումը Օլինի կյանքը դրեց այն ուղու վրա, որը պիտի տաներ նրան դեպի միջազգային տնտեսագիտություն, ճանաչում և ի վերջո Նոբելյան մրցանակ: Այդ ակնարկի հեղինակը այդ օրերի Շվեդիայում մեծ ճանաչում ունեցող պրոֆեսոր Էլի Հեքշերն էր:


Օլինի և պրոֆեսոր Հեքշերի ջերմ հարաբերությունները գիտական արժեքավոր արդյունքներ են ծնել, չնայած որոշ հարցերում, ինչպես օրինակ՝ շահույթի մաքսիմալացման խնդրի շուրջ նրանց ունեցած տարակարծություններին: Երկու տնտեսագետների համագործակցության արդյունքում ստեղծվեց միջազգային առևտրի նոր տեսություն, որը եկավ փոխարինելու, լրացնելու Դավիթ Ռիկարդոյի համեմատական առավելությունների և դրան նախորդած մյուս տեսություններին: Նրանց տեսությունը, որն հայտնի է որպես Հեքշեր-Օլինի մոդել, ենթադրում է, որ եթե երկու երկրներ արտադրում են երկու ապրանք՝ օգտագործելով երկու արտադրական գործոն (օրինակ՝ աշխատանք և կապիտալ), յուրաքանչյուրը կարտահանի այն ապրանքը, որի արտադրության գործոնն ավելի առատ է իր երկրում և կներմուծի այն ապրանքը, որի արտադրության համար ունի սակավ արտադրական գործոններ: Հետագայում իհարկե տնտեսագետները ցույց են տվել, որ ասվածը ճիշտ կլիներ այն դեպքում, եթե աշխարհում միայն երկու ապրանք լիներ:


1918թ-ին Օլինն անդամակցել է Քաղաքական տնտեսության ակումբին (Political Economy Club), որը տնտեսագիտության բնագավառում գիտական գործունեությամբ հետաքրքրված տնտեսագետների խումբ էր։ Այստեղ նա ծանոթացել է շվեդ տնտեսագետ, ժամանակակից մակրոտնտեսագիտության հայրերից մեկի՝ Կնուտ Ուիքսելի և այլ նշանավոր տնտեսագետների հետ: Կնուտ Ուիքսելի, Էլի Հեքշերի, Գուննար Մյուրդալի և Գուստավ Կասելի հետ Օլինը կազմում է շվեդ տնտեսագետների հայտնի հնգյակը, որը օրակարգ ու կարծիք էր ձևավորում Շվեդիայի հանրային բանավեճում:


Ուսումնասիրելով Էլի Հեքշերի աշխատանքները՝ Օլինը նկատում է, որ վերջինիս մոտեցումը կարելի է կիրառել երկրների գնային համակարգերի փոխկախվածության ուսումնասիրության մեջ: Այս ուսումնասիրությունների արդյունքների հակիրճ նկարագրությունը գործընկերներոջ առաջարկով Օլինն ուղարկում է «The Economic Journal» ամսագրին, որի խմբագիրն այդ ժամանակ անգլիացի նշանավոր տնտեսագետ Քեյնսն էր: Արդյունքում Օլինն ստացավ Քեյնսի կողմից մակագրված թուղթ, որի վրա գրված էր. «Սա հանգում է ոչնչի ու պետք է մերժվի. Ջ. Մ. Քեյնս»: Հետագայում Օլինը խոստովանում է, որ նա պահեց այդ թուղթը «որպես անգին գանձ»:Իրականում Քեյնսը շատ զբաղված էր և չէր կարողանում ուշադիր կարդալ բոլոր աշխատանքները, որոնք խմբագրությունը ստանում էր, մինչդեռ եթե ուշադիր կարդար Օլինի աշխատանքը, ըստ վերջինիս՝ նրանք կկարողանային ավելի հեշտ համաձայնության գալ առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրած Գերմանիայի փոխհատուցումների վճարման խնդրի շուրջ, որն ի վերջո քննարկեցին յոթ տարի անց «The Economic Journal»-ում պատասխան հոդվածների տեսքով և նամակագրությամբ:


Քեյնսի հետ հայտնի բանավեճում Օլինը դեմ էր արտահայտվում Քեյնսի այն տեսակետին, ըստ որի՝ Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիան չի կարող վճարել պատերազմական փոխհատուցումները (ռազմատուգանք)։ Քեյնսը գտնում էր, որ նախատեսվող պատերազմական փոխհատուցումները կվնասեն անմեղ գերմանական ժողովրդի եկամուտներին, երկրի վճարունակությանը և խիստ կսահմանափակեն ուրիշ երկրներից ներմուծումների համար վճարելու երկրի հնարավորությունը՝ այդպիսով վնաս հասցնելով ոչ միայն Գերմանիայի տնտեսությանը, այլև աշխարհի այլ երկրների տնտեսություններին։ Քեյնսը խոչընդոտներ էր տեսնում նաև Գերմանիայի կողմից փոխանցումների իրականացնելու (կապիտալի տրանսֆերի) մեջ։ Օլինը գտնում էր, որ Գերմանիայի վճարունակությունը չի տուժի փոխհատուցումների վճարման արդյունքում և արտաքին առևտրի վրա ազդեցությունը կլինի չնչին կամ ընդհանրապես կբացակայի։ Գերմանական փոխհատուցումների խնդիրը մնաց օդում առկախված, քանի որ սկսվեց Երկրորդ աշխարհամարտը, սակայն մինչ օրս քննարկումները շարունակվում են նրա շուրջ թե ով էր երկու տնտեսագետներից ճիշտ։ Որոշ տնտեսագետներ, ինչպես օրինակ Փոլ Սամուելսոնը և Ռոբերտ Մանդելը, հակված են Օլինի տեսակետին։


Հետագայում փոխհատուցումների շուրջ Քեյնսի և Օլինի բանավեճը նպաստեց միակողմանի միջազգային փոխանցումների (unilateral international transfer) ժամանակակից տեսությունների զարգացմանը:


Երկրորդ աշխարհամարտի տարիներին բացի դասախոսական աշխատանքից Օլինը եղել է նաև Շվեդիայի խորհրդարանի անդամ, առևտրի հարցերով նախարար և շուրջ 20 տարի ղեկավարել է Շվեդիայի ազատական կուսակցությունը: Նոբելյան մրցանակաբաշխության օրերին Օլինն իր ինքնակենսագրականում խոստովանել էր, որ «գործունեության այս բոլոր տեսակները, անկասկած, տուժել են միաժամանակ չափազանց շատ բան անելու իր փորձերից»:


Բերտիլ Օլինը համարվում է միջազգային առևտրի ժամանակակից տեսության հայրը, շնորհիվ իր «Միջտարածաշրջանային և միջազգային առևտուր» աշխատանքի (1933): Նրա մշակած տեսությունը մի կողմից ցույց է տալիս, թե որ գործոններն են որոշում արտաքին առևտրի օրինաչափությունները, իսկ մյուս կողմից՝ թե արտաքին առևտուրն ինչ ազդեցություն ունի գների, ռեսուրսների ու եկամտի բաշխման վրա։


Ջեյմս Միդը ծնվել է 1907 թ-ին Անգլիայում, բարձրագույն կրթությունը ստացել է Օքսֆորդի համալսարանում, որտեղ սկզբնապես ուսումնասիրել է Հին Հունաստանի և Հին Հռոմի պատմություն, փիլիսոփայություն և լեզուներ, իսկ երկու տարի անց փոխել ուսման ուղղվածությունը դեպի քաղաքականություն և տնտեսագիտություն։ Տնտեսագիտությամբ նրա հետաքրքրվածությունը կապված էր առաջին համաշխարհային պատերազմից հետո Անգլիայում տիրող ծանր տնտեսական իրավիճակի հետ։ Ապագա նոբելյան մրցանակակիրը տնտեսագիտական կրթությունը շարունակել է Քեմբրիջի համալսարանում, որտեղ սովորելու տարիներին, ինչպես Օլինի, այդպես էլ Միդի կյանքում մեծ դերակատարում է ունեցել Քաղաքական տնտեսության ակումբը, որտեղ, ինչպես պատմում է Միդը իր ինքնակենսագրականում, ծանոթացել է այդ օրերի հեղինակություն Քեյնսի հետ:


Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Միդը հանդիսանում էր Միացյալ Թագավորության պատերազմի կաբինետի քարտուղարության տնտեսական բաժնի անդամ, այդ թվում նաև ղեկավարելով բաժինը։ Բաժնի ամենօրյա գործառույթն էր հրատապ լուծումներ տալ ընթացիկ տնտեսական խնդիրներին: Այս ընթացքում նա 1984 թ-ի տնտեսագիտության բնագավառում նոբելյան դափնեկիր Ռիչարդ Սթոունի հետ միասին պատրաստել է Միացյալ Թագավորության ազգային եկամուտների և ծախսերի առաջին պաշտոնական գնահատականները, նրա ծավալած գործունեության արդյունք էր 1944 թ-ի «Զբաղվածության քաղաքականության մասին» սպիտակ թուղթը, որտեղ Միացյալ Թագավորության կառավարությունն ընդունեց բնակչության զբաղվածության ապահովումը որպես կառավարության պարտավորություն։ Այս տարիներին Միդը նաև մեծ ներդրում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի, Մաքսերի և Առևտրի Գլխավոր Համաձայնագրի (հետագայում Առևտրի համաշխարհային կազմակերպություն) ձևավորման գործընթացներում։


Միջազգային առևտրի վերաբերյալ Միդի գրեթե բոլոր աշխատանքները ամփոփված են «Միջազգային տնտեսական քաղաքականության տեսություն» երկհատորյակում (1951թ․, 1955թ․), որն, ըստ որոշ տնտեսագետների, «դարձել է առևտրի ուսումնասիրությամբ զբաղվող յուրաքանչյուր տնտեսագետի Սուրբ գիրքը»: Այս աշխատության մեջ Միդը ցույց է տվել տնտեսական քաղաքականության ազդեցությունը արտաքին առևտրի վրա և ուսումնասիրել բաց տնտեսության կայունացման քաղաքականության խնդիրները (բաց է համարվում այն տնտեսությունը, որը մեծապես կախված է արտաքին առևտրից):


Միդը «Միջազգային տնտեսական քաղաքականության տեսության» առաջին՝ «Վճարային հաշվեկշիռը» հատորում իր սահմանած յուրաքանչյուր առանձին նպատակի համար կառավարությանը առանձին գործիք է առաջարկում՝ հետևելով Թինբերգենի կանոնին․ 1952 թ-ին Յան Թինբերգենը ցույց է տվել, որ պետական քաղաքականության նպատակներին հասնելու համար, կառավարությունը պետք է օգտագործի այնքան գործիք, որքան սահմանված նպատակներ ունի։Այսպես, լրիվ զբաղվածության հասնելու համար Միդը որպես գործիք առաջարկում է հարկաբյուջետային քաղաքականությունը, իսկ վճարային հաշվեկշռի կարգավորման համար՝ դրամավարկային քաղաքականությունը՝ այդկերպ նաև համադրելով քեյնսյան ու նորդասական մոտեցումները: Երկրորդ հատորում, որը վերնագրված էր «Առևտուր և բարեկեցություն», Միդը ուսումնասիրում է տարբեր առևտրային քաղաքականությունների ազդեցությունը բարեկեցության վրա։


Շուկայի ու պետության հարաբերությունների մասին Միդի տեսակետը հավասարակշռված էր, ինչպես ինքն է ասում՝ «ձախ կողմում սիրտն է, աջում՝ ուղեղը»: Ֆրիդմանի նման, Միդը ևս կարծում է, որ հաճախ տնտեսության պետական կարգավորումը վնասում է, սակայն նաև կողմ էր կառավարության կողմից խիստ միջոցառումների իրականացմանը՝ խթանելու եկամուտների հավասարությունը:


Նոբելյան մրցանակի շնորհման առիթով իր ելույթում Միդը խոստովանում է, որ չնայած այս երկու հատորները նրանից շուրջ 10 տարի են պահանջել, սակայն, այնուամենայնիվ, «դրանք չեն լուսաբանում միջազգային հիմնախնդիրն ամբողջությամբ»: Միդի սկզբնական նախագիծը չափազանց հավակնոտ էր եղել, բայց այդ երկու հատորները, որ նա կարողացել է գրել, փաստորեն, «բավական եղան Նոբելյան մրցանակ ստանալու համար»:


«[…] ինձ հաջողվել է միայն սկիզբը դնել։ Մեր թեմայի տարբեր ոլորտներում գիտելիքի սահմաններն այնպիսի արագությամբ են ընդլայնվում, որ որքան էլ շատ աշխատենք, ավելի ու ավելի ենք հեռանալու ամբողջի ըմբռնումից: […] Առողջ տնտեսական քաղաքականությունը պետք է հաշվի առնի տնտեսության բոլոր ասպեկտները միաժամանակ, բայց ամբողջի և դրա մասերի միջև փոխհարաբերությունների հիմնավորված ըմբռնումը գնալով դառնում է ավելի ու ավելի դժվար, եթե ոչ անհնար»:

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են