1976 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել հրեական ծագմամբ ամերիկացի տնտեսագետ Միլթոն Ֆրիդմանը (1912–2006թթ.) «սպառման վերլուծության, դրամաշրջանառության պատմության և մոնետարիզմի տեսության բնագավառում ունեցած ձեռքբերումների, ինչպես նաև տնտեսական կայունության քաղաքականության բարդության գործնական ցուցադրման համար»:


Ծնվել է 1912 թվականին Նյու Յորքում: Ընտանիքի չորրորդ զավակն էր, միակ որդին: Սովորելով մաթեմատիկա, ապա հետաքրքրվելով տնտեսագիտությամբ՝ 20 տարեկանում ստացել է բակալավրի աստիճան Ռաթջերսի համալսարանում: Հաջորդ տարի ավարտել է մագիստրատուրան Չիկագոյի համալսարանում, որտեղ ծանոթացել է ապագա կնոջ՝ Ռոուզ Դայրեքթորի հետ։ 1946-ին դոկտորի աստիճան է ստացել Կոլումբիայի համալսարանում, սակայն Չիկագոյի համալսարանը մնացել է Ֆրիդմանի «ինտելեկտուալ տունը», որտեղ էլ հետագայում դարձել է տնտեսագիտության պրոֆեսոր՝ կուտակելով երկարամյա դասավանդման և գիտական գործունեության փորձ:


Աշխատելով Տնտեսական հետազոտության ազգային բյուրոյում (NBER) Նոբելյան մրցանակի մեկ այլ դափնեկիր Սայմոն Կուզնեցի հետ՝ Ֆրիդմանը ներկայացրել է սպառման թեմայով աշխատանք, մասամբ որի համար էլ հետագայում ստացել է Նոբելյան մրցանակ: Դա սպառման ֆունկցիայի տեսությունն (1957թ.) էր: Սպառման այս նոր տեսության հիմնական բացահայտումը մշտական եկամտի վարկածն էր: Ըստ Ֆրիդմանի՝ ենթադրվում է, որ տնային տնտեսության սպառման և խնայողության որոշումների վրա ավելի շատ ազդում է մշտական, ոչ թե ժամանակավոր (անցողիկ) եկամտի փոփոխությունը: Այս վարկածը բացատրում էր որոշ հանելուկներ, որոնցից էր հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում հարկերի բարձրացման արդյունքում սպառման անփոփոխ մնալը: Իրականում ավելացված հարկը կարող է դիտարկվել որպես ժամանակավոր և ֆինանսավորվել խնայողությունների, ոչ թե սպառման հաշվին:


Երկրորդ աշխարահամարտի տարիներին ԱՄՆ ֆինանսների նախարարությունում և Կոլումբիայի համալսարանում աշխատանքից հետո 1950թ. Ֆրիդմանը հանձն է առնում ուսումնասիրել Շումանի պլանը, որտեղից էլ ծնվում է Ֆրիդմանի հետաքրքրությունը դեպի լողացող փոխարժեքները: Այստեղ նա հանգում է այն եզրակացությանը, որ «ընդհանուր շուկան անխուսափելիորեն կխորտակվի առանց լողացող փոխարժեքների»: Ֆրիդմանը այն մարդկանցից էր, ով առաջինը գիտակցեց և կարողացավ բացատրել, թե ինչու գրեթե կայուն փոխարժեքներով Բրետոն-Վուդսյան համակարգը վաղ թե ուշ պետք է կործանվեր:


1950-ականներին, երբ մակրոտնտեսագիտության մեջ գերակա էին «քեյնսականները», ովքեր նախապատվությունը տալիս էին կառավարության կողմից տնտեսական քաղաքականությանը միջամտությանը, օրինակ, ռեցեսիայի հետևանքների մեղմման նպատակով հարկաբյուջետային գործիքակազմի կիրառմանը, Ֆրիդմանը եկավ հակադրվելու Քեյնսի «փողն էական չէ» անվիճարկելի մտքին: Այսպես, ըստ Ֆրիդմանի՝ փողի առաջարկի փոփոխությունը ազդում է իրական տնտեսական գործունեության վրա կարճաժամկետ և գների մակարդակի վրա՝ երկարաժամկետ հեռանկարում: Ֆրիդմանը շրջանառության մեջ դրեց «փողն էական է», ավելին՝ «միայն փողն է էական» մտքերը՝ նախանշելով մոնետարիզմի ուսմունքի ծնունդը և քեյնսականության խավարումը:


Մոնետարիզմը հայտնվեց առաջին պլանում հատկապես այն ժամանակ, երբ 1963 թվականին Աննա Շվարցի հետ միասին Ֆրիդմանը գրեց «Միացյալ Նահանգների դրամավարկային պատմությունը 1867-1960թթ.» աշխատանքը, որը համարվում է Ֆրիդմանի ամենախորքային և նաև ամենանշանավոր նվաճումներից մեկը: Ֆրիդմանի կարծիքով՝ Մեծ դեպրեսիան Դաշնային պահուստային համակարգի (FED) վատ մտածված դրամավարկային քաղաքականության արդյունք էր:


Այսպիսի կարծիքը չէր կարող չհանդիպել Դաշնային պահուստային համակարգի շատ կոշտ արձագանքին: Կոշտ էր նաև լայն տնտեսագիտական հանրույթի արձագանքը, որը շուտով սկսեց տեղի տալ՝ հետևելով համընդհանուր հարգանք վայելող մտածողների արտահայտած կարծիքներին: Մասնավորապես քեյնսական հայացքներով Փոլ Սամուելսոնը 1967 թվականին գրեց, որ դրամավարկային քաղաքականությունը «կարևոր ազդեցություն» ունի ընդհանուր ծախսերի վրա, 1985-ին որ՝ «փողը ամենահզոր և օգտակար գործիքն է, որ ունեն մակրոտնտեսական քաղաքականություն մշակողները»:


Մոնետարիստական-քեյնսական բանավեճն այսքանով չէր սահմանափակվում: 1967 թվականին Ֆրիդմանը կասկածի տակ դրեց այնպիսի հայեցակարգ, ինչպիսին Ֆիլիպսի կորն էր: Ըստ Ֆիլիպսի կորի՝ աշխատավարձի ինֆլյացիայի ու գործազրկության մակարդակի միջև կա կայուն փոխզիջում (trade-off): Ըստ Ֆրիդմանի՝ այդ փոխզիջումը ժամանակավոր ֆենոմեն է՝ պայմանավորված այն հանգամանքով, թե աշխատողները որքան «կխաբվեն» աշխատավարձի չնախատեսված գնաճին՝ կարծելով, թե անվանական աշխատավարձի բարձրացումն ու իրական աշխատավարձի բարձրացումը նույնն են: Եթե մինչ այդ ենթադրվում էր, որ կառավարությունը մշտապես կարող է ապրանքների պահանջարկը մեծացնելով նվազեցնել գործազրկությունը, ապա Ֆրիդմանը պնդում էր, որ երբ մարդիկ հարմարվեն գնաճի ավելի բարձր մակարդակին, գործազրկությունը կաճի: Գործազրկությունը մշտապես ցածր պահելու համար, նրա խոսքով, կպահանջվի ոչ միայն ավելի բարձր, այլ մշտապես արագացող գնաճ:


1970-ականների «ստագֆլյացիան» (աճող գնաճը զուգորդված աճող գործազրկության հետ), որն անհնար էր բացատրել քեյնսյան տեսության շրջանակներում, շատերի կողմից դիտվում էր որպես Ֆրիդմանի վարկածի հաստատում։ Այստեղ ևս Սամուելսոնի տեքստը դարձավ տնտեսագետների մտածողության փոփոխության բարոմետր: Նրա ամենահայտնի գրքի 1980 թվականի հրատարակությունն ասում է, որ երկարաժամկետ հեռանկարում ավելի քիչ «փոխզիջում» կա, քան կարճաժամկետում, իսկ 1985 թվականի հրատարակությունն ասում է, որ երկարաժամկետ «փոխզիջում» պարզապես գոյություն չունի:


«Քեյնսը մեծ տնտեսագետ էր։ Նրա «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն»-ը չափազանց հետաքրքրական է: Դա ճիշտ տեսություն է, նրանցից, որ քիչ բառերով շատ բան են ասում: Դա տեսություն է, որը մեծ ներուժ ունի: Գիտեք՝ գիտության մեջ առաջընթացը բերում են մարդիկ, ովքեր վարկածներ են առաջարկում, վարկածներ, որոնք ենթակա են փորձարկման, մերժման և ավելի լավ վարկածներով փոխարինման: Կարծում եմ՝ Քեյնսի տեսությունը այդ շատ արդյունավետ վարկածներից մեկն էր՝ շատ հնարամիտ, շատ խելացի վարկած: Պարզապես այն անհամատեղելի եղավ փաստերի հետ, երբ փորձության ենթարկվեց։ Այնպես որ, ես չեմ քննադատում Քեյնսին: Ավելին ասեմ՝ ես Քեյնսի մեծ երկրպագուն եմ, իհարկե ավելի շատ որպես տնտեսագետ, այլ ոչ թե քաղաքական համատեքստում: Քաղաքական հարթությունը այլ հարց է, բայց որպես տնտեսագետ նա փայլուն էր»:


(hատված Ֆրիդմանի 2000 թ-ին կայացած հարցազրույցից)

 

Ֆրիդմանի մյուս կարևոր ներդրումը «լագերի» ուսումնասիրությունն է: Ֆրիդմանն էր, ով հորինեց «դիտարկում-լագ», «որոշում-լագ» և «ազդեցություն-լագ» եզրույթները՝ արտահայտելու մի հիմնարար խնդիր, որը թերևս անտեսված էր նախկինում. դա բիզնես ցիկլի ընթացքում կայունացման միջոցառումների ճիշտ ժամանակացույցն է: Ֆրիդմանը ցույց տվեց, թե ինչպես կարող են երկարացված կամ տարբեր երկարությունների «ազդեցություն-լագերը» ապակայունացնող ազդեցություն ունենալ: Ֆրիդմանը ենթադրում էր, որ դրամավարկային քաղաքականության հիմնական նպատակը փողի առաջարկի երկարաժամկետ կայուն աճը ապահովելն է: Այս տեսակետը որոշ չափով ընդունվել է մի քանի առաջատար կենտրոնական բանկերի կողմից:


«Ինչպես ձեզանից ոմանք գիտեն, դրամավարկային համակարգի վերաբերյալ իմ ուսումնասիրությունները ինձ հանգեցրին եզրակացության, որ կենտրոնական բանկերը կարող են արդյունավետորեն փոխարինվել համակարգիչներով, որոնք կապահովեն փողի քանակի աճի կայուն տեմպ: Ի բարեբախտություն ինձ և գործընկեր տնտեսագետների, այս եզրակացությունը գործնական ազդեցություն չունեցավ… այլապես չէր լինի Շվեդիայի Կենտրոնական բանկը, որ հաստատեր այն մրցանակը, որը ես պատիվ ունեցա այսօր ստանալ: Բարոյագիտական տեսակետից արդյո՞ք կարելի է պատկերացնել այն իրադրությունը, որ երբեմն ձախողվելը նշանակում է հաջողության հասնել»: 


(հատված 1976թ-ի Նոբելյան մրցանակի հանձնման առթիվ ելույթից)


Ֆրիդմանի գործունեությունը գիտական աշխատանքով չէր սահմանափակվում: Նա եղել է տնտեսական խորհրդատու սենատոր Գոլդուոթերի, ապա Ռիչարդ Նիքսոնի, Ռոնալդ Ռեյգանի, անգամ Չիլիի ռազմական դիկտատոր Ավգուստո Պինոչետի համար:


1977-ից Ֆրիդմանը որպես ավագ գիտաշխատող աշխատում էր Սթենֆորդի համալսարանի Հուվեր ինստիտուտում: Այդ տարիներին էլ Բոբ Չիթեստերի հետ միասին ստեղծել է «Ընտրության ազատություն» հեռուստատեսային ծրագիրը, որը մեծ հաջողություն է ունեցել հեռուստադիտող շրջանում, ապա ամփոփվել համանուն գրքի տեսքով՝ թարգմանված ավելի քան 14 լեզուներով: Ֆրիդմանի ամենահայտնի գիրքը թերևս 1962թ-ի «Կապիտալիզմ և ազատություն» գիրքն է, որտեղ ամփոփված են քաղաքական և տնտեսական ազատության վերաբերյալ տնտեսագետի հիմնական գաղափարները։


Ֆրիդմանի տեսությունների շուրջ ծավալված բանավեճը հանգեցրեց կենտրոնական բանկերի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության վերանայման, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներում: Շատ հազվադեպ է, որ տնտեսագետը նման ազդեցություն ունենա՝ ոչ միայն գիտական հետազոտությունների ուղղության, այլ նաև փաստացի քաղաքականության վրա: Չնայած այս ամենին, 2006 թվականի հարցազրույցում Ֆրիդմանը խոստովանում էր, որ «միակ բանը, որին իսկապես հասել ենք, կամավորական հիմունքներով բանակն է»:


Մեծ տնտեսագետի լուսավոր միտքը ու առողջ հումորն այսօր էլ տնտեսագիտական շրջանակների, նաև լայն հանրության ուղեկիցն են: Բազմաթիվ հետազոտական խմբեր հենց այժմ էլ փորձում են և հաջողում կյանքի կոչել Ֆրիդմանի խիզախ հղացումները մարդկային կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում՝ ռազմական գործից մինչև կրթություն, բնակարանաշինությունից մինչև առողջապահական համակարգ: Այդ հղացումներից շատերն այնքան խիզախ են, որ այսօր մեզ միայն մնում է դրանք «կենդանի պահել այնքան, մինչև որ քաղաքականապես անհնարինը դառնա քաղաքականապես անխուսափելի» (Կապիտալիզմ և ազատություն, 1962թ․):


«Թեպետ ուրախ եմ մրցանակի առիթով, սակայն պետք է խոստովանեմ, որ անցած ութ շաբաթներն ինձ նկատել տվեցին, որ ոչ միայն անվճար ճաշ չկա, այլ նաև անվճար մրցանակ: Որպես Նոբելյան մրցանակի համաշխարհային համբավին հարգանքի տուրք, մրցանակի մասին հայտարարությունն իր ստացողին ակնթարթորեն դարձնում է ամեն ինչի փորձագետ՝ ամբողջ աշխարհի ամսագրերից ու հեռուստակայաններից դեպի քեզ մղելով լրագրողների ու լուսանկարիչների հորդաները: Ինքս իմ կարծիքն եմ արդեն հասցրել իմանալ ամեն ինչի մասին՝ սկսած մրսածության դեղամիջոցից մինչև Ջոն Ֆ. Քենեդու ստորագրած նամակի շուկայական արժեքը: Ուշադրությունը շոյող է, բայց և այլասերող: Մեզ ինչ-որ հակաթույն է պետք, մի կողմից Նոբելյան մրցանակակրի նկատմամբ ուռճացված ուշադրության համար, եթե հարցերը վերջինիս իրավասությունից դուրս են, իսկ մյուս կողմից՝ հակաթույն փքված էգոյի համար, որը սպառնալիք է ամեն մարդու համար: Իմ բնագավառը առաջարկում է մեկ ակնհայտ հակաթույն՝ մրցակցություն համանման մրցանակների ստեղծման միջոցով: Սակայն չափազանց հաջողակ ապրանքը հեշտ չէ փոխարինել: Հետևաբար, ես խիստ կասկածում եմ, թե մեր փքված էգոները դեռ երկար ժամանակ ապահով կլինեն»:


(հատված 1976թ-ի Նոբելյան մրցանակի հանձնման առթիվ ելույթից)

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են