Herbert Simon

1978 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել հրեական ծագմամբ ամերիկացի տնտեսագետ Հերբերտ Սայմոնը (1916-2001թթ.) «տնտեսական կազմակերպություններում որոշումների կայացման գործընթացների վերաբերյալ նորարարական հետազոտությունների համար»:

 

Ծնվել է 1916 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում Գերմանիայից արտագաղթած դաշնակահարուհու ու ինժեների ընտանիքում: Սովորել է Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, ապա զբաղվել գիտական աշխատանքով Չիկագոյի, Բերկլիի համալսարաններում, Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտում, ինչպես նաև Քարնեգի Մելոնի համալսարանում՝ որպես համակարգչային գիտության և հոգեբանության պրոֆեսոր:

 

Դպրոցական տարիքում պատանին նկատել էր, որ մարդիկ հիմնականում «գիտություն» բառի ներքո պատկերացնում են ֆիզիկան, մաթեմատիկան և այլ բնական գիտություններ, մինչդեռ մարդուն՝ որպես սոցիալական էակ ուսումնասիրող գիտությունների դերը բավականին ստվերված է: Պատանի Սայմոնը կարծում էր, որ խիստ գիտական ուսումնասիրության կարելի է ենթարկել նաև մարդու վարքագիծը: Շնորհիվ տնտեսագետ քեռու թողած գրքերի ու հիշողությունների՝ ապագա Նոբելյան դափնեկիրը շուտով հստակեցնում է իր քայլերը դեպի սոցիալական գիտություններ:

 

Դեռ Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության բաժինն ընդունվելիս Հերբերտ Սայմոնն ունեցել է այն հստակ գիտակցումը, որ սոցիալական գիտություններին անհրաժեշտ է մաթեմատիկական նույն խստությունը, որը, թվում է թե, այսպես կոչված «դժվար» գիտությունների մենաշնորհն է: Արդյունքում, Չիկագոյի համալսարանում Հերբերտ Սայմոնը կարողացել է ձեռք բերել գիտելիքներ ոչ միայն քաղաքագիտության ու տնտեսագիտության, այլ նաև բարձրագույն մաթեմատիկայի, սիմվոլիկ տրամաբանության ու մաթեմատիկական վիճակագրության ոլորտներում: Նրա գիտական հրապարակումները աչքի են ընկել ուսումնասիրության առարկայի թեմատիկ լայն ընդգրկմամբ՝ ֆիզիկայի փիլիսոփայությունից մինչև դասական մեխանիկայի աքսիոմատիզացիա:

 

Հետաքրքրությունների լայն հորիզոնները Սայմոնին թույլ են տվել տարբեր գիտաճյուղերի, այդ թվում՝ քաղաքագիտության, հանրային կառավարման, իմացաբանության (կոգնիտիվ գիտություն), տեղեկատվական գիտությունների, կիրառական մաթեմատիկայի, վիճակագրության և բիզնեսի կառավարման, միավորման ճանապարհով բացահայտել տնտեսագիտական նոր ճշմարտություններ, ինչպես նաև հիմք ստեղծել հետագա էմպիրիկ ուսումնասիրությունների համար։

 

Հերբերտ Սայմոնի «Վարչարարական վարքագիծ» (1947) գիրքն ու դրան հաջորդած աշխատությունները հիմնաքարային նշանակություն ունեն տնտեսական կազմակերպություններում որոշումների կայացման ուսումնասիրությունների շարքում: Ընդհանուր առմամբ, դասական տեսությունների նկատմամբ Սայմոնը հակադրվում էր առնվազն երեք կետով.

 

  1. Դասական տեսություններում «ձեռնարկություն» և «ձեռնարկատեր» հասկացությունների միջև տարբերակում չկար, դրանք ներկայանում էին որպես միասնական, կուռ օրգանիզմ: Սայմոնը կազմակերպությունը նկարագրում է որպես «հարմարվողական» համակարգ՝ ֆիզիկական, անհատական և սոցիալական բաղադրիչներով, ապա տարանջատում սեփականատիրելու և ղեկավարելու հասկացությունները: Վերջինս ղեկավարումը նկարագրում է՝ որպես ոչ թե մեկ անձի (ձեռնարկատիրոջ), այլ բազմաթիվ որոշում կայացնողների առօրյա ընտրությունների կոլեկտիվ արդյունք:
  2. Դասական տեսություններում ձեռնարկությունը ղեկավարում է ձեռնարկատերը, ով բնորոշվում է որպես ռացիոնալ որոշում կայացնող: Իսկ ըստ Սայմոնի՝ փաստորեն մենք ոչ միայն գործ ունենք կազմակերպության ներսում որոշում կայացնողների մեծ քանակի հետ, այլև վերջիններս ունեն ռացիոնալ գործելու խիստ սահմանափակ կարողություններ, ինչպես գիտելիքի պակասի, այդպես նաև անհատական և սոցիալական կապանքների պատճառով:
  3. Դասական տեսություններում ձեռնարկության / ձեռնարկատիրոջ միակ նպատակը շահույթի մաքսիմալացումն է: Ըստ Սայմոնի՝ քանի որ որոշում կայացնողները չեն կարող ռացիոնալ գտնվել և «լավագույն» ընտրությունը կատարել, նրանք ընտրում են հնարավոր «բավարարող» տարբերակը: Շուկայական բարդ խնդիրների պայմաններում ձեռնարկությունները ձգտում են ոչ թե առավելագույնի հասցնել շահույթը, այլ գտնել ընդունելի լուծումներ սուր խնդիրների համար:

Այսպիսով, Սայմոնը Նոբելյան մրցանակակիների շարքում առաջինն է, ով կասկածի տակ է դրել «հոմո էկոնոմիկուսի» (տնտեսական մարդ, ռացիոնալ մարդ) գաղափարը: Այսպիսի տեսակետը բեկումնային էր ոչ միայն որոշումների կայացման տեսություններում, այլև առհասարակ տնտեսագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, բիզնեսի, մարքեթինգի և բազմաթիվ այլ գիտաճյուղերում: Սահմանափակ ռացիոնալության տեսության ուսումնասիրությունները սկիզբ դրեցին վարքագծային տնտեսագիտության զարգացման համար, հետազոտողների կողմից սկսեց կիրառվել «behaviorism» հասկացությունը, որն առավել հաճախ կապվում է հենց Սայմոնի անվան հետ: Թեպետ դասական տնտեսագիտական ըմբռնումները հերքելով՝ Սայմոնը կարծես թե դուրս է մնացել ընդհանուր տնտեսագիտական քննարկումներից, սակայն նրա դիտարկումները իրենց նպաստն են ունեցել ժամանակակից բիզնեսի, տնտեսագիտության և կառավարման հետազոտությունների մեջ:

 

Գիտական աշխատանքին զուգահեռ Սայմոնը մասնակցել է նաև Տնտեսագիտության ոլորտում հետազոտությունների Քաուլսի հանձնաժողովի (Չիկագոյի համալսարան) սեմինարներին, որին մասնակցում էր նաև մեկ այլ Նոբելյան մրցանակակիր Միլթոն Ֆրիդմանը: Այս սեմինարներին մասնակցությունը Սայմոնի համար եղել է երկրորդ կրթություն. այստեղ նա կարողացել է լրացնել իր պատկերացումները Վալրասյան տեսության ու Նեյման-Պիրսոնի վիճակագրության վերաբերյալ, ապա ուսումնասիրել Սամուելսոնի նոր աշխատությունները համեմատական ստատիկայի և դինամիկայի վերաբերյալ:

 

Գիտական կյանքի ընկերների հետ մասնակցել է ատոմային էներգիայի հեռանկարային տնտեսական հետևանքների ուսումնասիրությանը, որի շրջանակներում կիրառել է ինչպես դասական Կոբ-Դուգլասի ֆունկցիաները, այնպես էլ Կուպմանսի կողմից մշակված վերլուծությունը: Հետագայում ինքը՝ Սայմոնը ատոմային էներգիայի շուրջ ուսումնասիրությունը համարել է իր իրական մկրտությունը տնտեսական վերլուծությունների բնագավառում: Այստեղ արթնացած հետաքրքրությունը մաթեմատիկական տնտեսագիտության նկատմամբ ծնունդ է տվել Հոքինս-Սայմոնի թեորեմին, որը վերաբերում է մուտքային-ելքային մատրիցների դրական լուծման վեկտորների գոյության պայմաններին, ինչպես նաև Ալբերտ Անդոյի հետ մշակված թեորեմներին «գրեթե-քայքայունակության» (near-decomposability) և ագրեգացիայի վերաբերյալ:

 

Սայմոնը մասնակցել է Քարնեգիի տեխնոլոգիական ինստիտուտի ներքո Արդյունաբերական կառավարման բարձրագույն դպրոցի ստեղծման աշխատանքներին: Դպրոցը կոչված էր բիզնես կրթության հիմքում դնել վարքագծային տնտեսագիտության հիմնարար ուսումնասիրությունները: Այս ժամանակներում են ձևավորվել կառավարման ոլորտում գիտական նոր սկզբունքները՝ իրենց վրա կրելով նոր-նոր ձևավորվող համակարգչային գիտության ազդեցությունը: Այսպես, Սայմոնի հայացքը շուտով ուղղվում է դեպի համակարգչային գիտություն. վերջինս կարծում էր, որ խնդիրների լուծման արդյունավետության բարձրացման համար նպաստավոր կարող է լինել մարդկային իմացաբանության համակարգչային մոդելավորումը: Ռացիոնալ որոշումների կայացման խոչընդոտների բացահայտման արդյունքում Սայմոնը եղել է առաջիններից մեկը, ով լրջորեն սկսել է մտածել այնպիսի լուծումների մասին, ինչպիսիններից է արհեստական բանականությունը: Ալեն Նյուելի և գիտական ուղու այլ ընկերների հետ Սայմոնը ստեղծել է GPS ծրագիրը, որը կարելի է համարել արհեստական բանականության ալգորիթմի պարզագույն դրսևորում: Արդյունքում, 1975 թվականին Հերբերտ Սայմոնը Ալեն Նյուելի հետ արժանացել է համակարգչային գիտության բարձրագույն կոչմանը՝ Թյուրինգի մրցանակին՝ «արհեստական ինտելեկտի, մարդու իմացաբանական (կոգնիտիվ) հոգեբանության բնագավառներում հիմնարար ներդրման համար»: Իսկ 1986 թվականը նշանավորվեց ԱՄՆ Գիտության ազգային մեդալով, որը շնորհվել է Սայմոնին համակարգիչների, տնտեսագիտության ու կառավարման վերաբերյալ մի շարք հրապարակումների համար:

 

Հանրային ու սոցիալական հարաբերություններում Հերբերտ Սայմոնը եղել է ոչ միայն դիտորդ և հետազոտող, այլև մասնակից: 1948 թվականին ներգրավվել է Մարշալի պլանի շրջանակներում ԱՄՆ կառավարությանը աջակցելուն միտված Տնտեսական համագործակցության վարչության ստեղծման աշխատանքներին, ծառայել է Ջոնսոնի վարչակազմի վերջին և Նիքսոնի կառավարման առաջին երեք տարիների ընթացքում Նախագահի գիտության խորհրդատվական կոմիտեում, ինչպես նաև իր գիտելիքներով նպաստել է շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքականության մշակմանը Գիտությունների ազգային ակադեմիայում ծառայության շրջանակներում:

 

Ե՛վ հանրային, և՛ զուտ գիտական աշխատանքում Հերբերտ Սայմոնն ունեցել է երկու սկզբունք. նախ մաթեմատիկական գործիքների ներդրմամբ բարելավել սոցիալական գիտություններում հետազոտությունների մեթոդական հենքը, ապա մեկտեղել իմաստնության երկու տեսակները՝ խորացնելով բնական ու սոցիալական գիտաշխատողների համագործակցությունը, որպեսզի հանրային քաղաքականության առաջ ծառացած խնդիրները հնարավոր լինի լուծել առավել բարձր արդյունավետությամբ:

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են