1982 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել ամերիկացի տնտեսագետ Ջորջ Սթիգլերը (1911-1991թթ․)՝  «արդյունաբերական կառուցվածքների, շուկաների գործունեության, պետական կարգավորման պատճառների և հետևանքների նորարարական հետազոտությունների համար»:

Ջորջ Սթիգլերը ծնվել է ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում 1911թ-ին: Սովորել է Վաշինգտոնի համալսարանում, որտեղ ստացել է բակալավրի աստիճան, կրթությունը շարունակել է Նորթվեսթերն համալսարանում՝ բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագրով (MBA), իսկ 1938թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Չիկագոյի համալսարանում: Չիկագոյի համալսարանում սովորելու տարիներին նա ծանոթացել է մեկ այլ ապագա նոբելյան մրցանակակիր Միլթոն Ֆրիդմանի հետ, ում հետ ողջ կյանքի ընթացքում մնացել են մտերիմ ընկերներ։ Գիտությունների թեկնածուի աստիճան ստանալուց հետո Սթիգլերը դասավանդել է Այովայի պետական քոլեջում, Մինեսոթայի, Բրաունի, Կոլումբիայի համալսարաններում, իսկ 1958թ-ին վերադարձել է Չիկագոյի համալսարան, որտեղ և աշխատել է մինչև իր կարիերայի ավարտը։

Ջորջ Սթիգլերի աշխատանքի մեծ մասը կենտրոնացած էր շուկաների պետական կարգավորման, մրցակցության և գների համակարգի ուսումնասիրության մեջ։ Նա գտնում էր, որ տնտեսագիտությունը պետք է լինի փաստահենք և տեսությունները պետք է հիմնված լինեն իրական աշխարհը արտացոլող տվյալների ու փաստերի վրա և ոչ թե զուտ ենթադրությունների։ Նա ցույց է տվել, որ ի տարբերություն տարածված մոտեցման՝ պետական կարգավորումը շատ քիչ ազդեցություն է ունենում սպառողների շահերի պաշտպանության և շուկաների արդյունավետության բարձրացման վրա, և շատ դեպքերում նույնիսկ գործիք է դառնում ընկերությունների ձեռքում՝ նպաստելով շուկաների մոնոպոլիզացմանը։ Պետական կարգավորման բնագավառում իր իրականացրած ուսումնասիրությունները ստիպել են շատ տնտեսագետների իրենց աշխատություններում ևս հենվել իրողությունների, փաստերի ուսումնասիրության վրա։ Սթիգլերը նաև համարվում է «տեղեկատվության տնտեսագիտության» (Economics of Information) նախահայրը։ Ավելին, այս բնագավառում իր իրականացրած աշխատանքները նա համարում էր տնտեսագետության մեջ ունեցած իր ամենակարևոր ներդրումը։

Ուսումնասիրությունները տեղեկատվության տնտեսագիտության բնագավառում

Իր 1961թ-ի հոդվածում Սթիգլերը ցույց է տվել, որ տեղեկատվությունը կարևոր տնտեսական ռեսուրս է, և դրա առկայությունը կամ բացակայությունը  էական ազդեցություն է ունենում սպառողների վարքագծի և շուկաների վրա։

Մինչև Սթիգլերի ուսումնասիրությունները տնտեսագիտության մեջ տարածված մոտեցումն այն էր, որ մրցակցային շուկայում գոյություն ունի մեկ հավասարակշռված գին և տվյալ ապրանքային շուկայում առկա տարբեր գները ձգտում են և, ի վերջո, հավասարվում են այդ գնին։ Սթիգլերը ցույց է տվել, որ գնային տարբերությունները կարող են պահպանվել շատ ավելի երկար ժամանակ, քանի որ սպառողները և ընկերությունները երբեք շուկայում առկա բոլոր գների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն չունեն։ Ավելին, տեղեկության որոնման հնարավորությունները և գինը տարբերվում է շուկայի տարբեր մասնակիցների համար, ինչը լրացուցիչ բարդություն է ստեղծում հավասարակշռված գնի ձևավորման համար։ Նա ցույց է տվել, որ գովազդը կարևոր դեր է խաղում տեղեկատվության որոնման ծախսերի կրճատման մեջ․ այն ոչ միայն օգնում է համոզել սպառողներին գնել այս կամ այն ապրանքը, այլև տեղեկություններ է տալիս ապրանքի գնի և հիմնական հատկանիշների վերաբերյալ։

Տեղեկատվության տնտեսագիտության վերաբերյալ իր այս հոդվածը նպաստել է  ժամանակակից տեղեկատվության տնտեսագիտության զարգացմանը, որը հետագայում վերածվեց տնտեսագիտության առանձին ուղղության։

Ներդրումը տնտեսության պետական կարգավորման բնագավառում

Սթիգլերը գտնում էր, որ պետական կարգավորման, միջամտության վերաբերյալ տնտեսագետների եզրակացությունները պետք է հիմնված լինեն ոչ թե ենթադրությունների, այլ շուկայի ուսումնասիրությունների վրա։ Քլեր Ֆրիդլանդի հետ հեղինակած իր 1962թ-ի հոդվածում էլեկտրաէներգիայի գների  օրինակով նա ցույց է տվել, որ պետական կարգավորումը կարող է շատ թույլ ազդեցություն ունենեալ շուկայի վարքագծի վրա։ Այդ տարիներին, ԱՄՆ որոշ նահանգներում էլեկտրաէներգիայի գների պետական կարգավորման հիմնավորումն այն էր, որ առանց պետության միջամտության էլեկտրաէներգիայի գները էականորեն կբարձրանան։ Սակայն այս եզրակացության հիմնական թերությունն այն էր, որ այն հիմնված չէր փաստերի վրա, այլ միայն տնտեսագետների կողմից արված ենթադրությունների։ Ուսումնասիրելով գների տարբերությունները պետության կողմից կարգավորվող և չկարգավորվող շուկաներում՝ Սթիգլերը և Ֆրիդլանդը ցույց են տվել, որ պետական կարգավորման և գների միջև կապը շատ թույլ է։ Չնայած 1978թ-ին իր աշակերտ Գրեգ Ջառելլի ուսումնասիրությունները հակադարձել են Սթիգլերի և Ֆրիդլանդի եզրակացություններին, այնուամենայնիվ այս հոդվածը ցույց է տվել, որ պետական կարգավորման իրական հետևանքները հնարավոր է հասկանալ ուսումնասիրությունների միջոցով և ստիպել է շատ տնտեսագետների այդուհետ իրենց եզրակացություններում ավելի շատ հիմնվել էմպիրիկ հետազոտությունների, և ոչ թե պարզապես ենթադրությունների վրա։

1971թ-ին Սթիգլերը հրապարակել է պետական կարգավորման բնագավառում իր ամենաազդեցիկ աշխատությունը՝ «Տնտեսական կարգավորման տեսությունը» հոդվածը, որտեղ նա ցույց է տվել, թե ինչպես պետության միջամտությունը կարող է գործիք դառնալ խոշոր ընկերությունների ձեռքում և ծառայել ոչ թե սպառողների շահերի պաշտպանությանը, ինչպես ընդունված էր համարել, այլև շուկայում այդ ընկերությունների դիրքերի ամրապնդմանը (regulatory capture)։ 

Շուկայի կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունները և օլիգոպոլիայի տեսությունը

Տնտեսագիտության բնագավառում Սթիգլերի կարևորագույն ներդրումներից է շուկայի կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունները։ Մասնավորապես, տնտեսագիտության մեջ տարածված էր այն մոտեցումը, որ տնտեսական գործունեության որևէ բնագավառում փոքր քանակությամբ  ձեռնարկությունների առկայությունը վկայում է մենաշնորհային իշխանության մասին։ Սթիգլերը ցույց է տվել, որ փոքրաթիվ մասնակիցների առկայությունը միշտ չէ, որ վկայում է մենաշնորհի մասին։ Ըստ տնտեսագետի՝ ժամանակի ընթացքում ոչ արդյունավետ ձեռնարկություններն աստիճանաբար դուրս են մղվում շուկայից, ինչը կարող է հանգեցնել շուկայում փոքր քանակությամբ մասնակիցների կենտրոնացմանը։ Նա առաջարկել է մեթոդ (survivor technique), որը օգնում է հասկանալ շուկայի օպտիմալ կառուցվածքը (1958թ․)։

Սթիգլերի աշխատությունների մի մասը նվիրված էր օլիգոպոլիստական շուկաներում ձեռնարկությունների վարքագծի, նրանց միջև մրցակցության և շուկայում գնագոյացման ուսումնասիրությանը։ Այս բնագավառում նրա ամենաազդեցիկ աշխատությունը 1964 թ-ի «Օլիգոպոլիայի տեսությունը» հոդվածն է, որը ուսումնասիրում է օլիգոպոլիստական շուկայի մասնակիցների միջև բարդ հարաբերությունները։

Սթիգլերի կողմից ներկայացված տեսությունները  մեծ ազդեցություն են ունեցել տնտեսագիտության բնագավառում՝ մարտահրավեր նետելով ենթադրությունների վրա հիմնված մոտեցումներին և օգնելով բարելավել դրանք փաստերի վրա հիմնված ուսումնասիրություններով։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են