1971 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել Սայմոն Սմիթ Կուզնեցը (1901–1985թթ.), նրա ավանդը այնքան մեծ է համախառն ազգային եկամտի/ներքին արդյունքի հաշվարկման եղանակների մշակման ու զարգացման գործում, որ շատերին թվում է, թե նա հենց դրա համար է Նոբելյան մրցանակ ստացել, այնինչ Կուզնեցն այս հեղինակավոր մրցանակին արժանացել է «տնտեսական աճի էմպիրիկ հետազոտությունների համար, որոնք նպաստեցին զարգացման գործընթացի սոցիալական և տնտեսական կառուցվածքի վերաբերյալ նոր և ավելի խորքային գիտելիքների ձևավորմանը»:

Սայմոն Կուզնեցը (1901 - 1985)

Կուզնեցը ծնվել է 1901 թվականին Ռուսական Կայսրության (այժմյան Բելառուս) Պինսկ քաղաքում, հիմնական կրթությունը ստացել է Խարկովում (այժմյան Ուկրաինա): Երկու տարի Խարկովի համալսարանում ուսանելուց հետո 1922-ին նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ Կուզնեցը շարունակել է բարձրագույն կրթությունը Կոլումբիայի համալսարանում, և չորս տարի անց պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը: ԱՄՆ տեղափոխվելուց հետո նրա հայրը ընտանիքի ազգանունը փոխեց Սմիթի, սակայն տնտեսագետը նախընտրում էր օգտագործել Կուզնեց ազգանունը:

 

Սայմոն Կուզնեցը ճանաչված է տնտեսական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունների մշակման ու զարգացման համար: Կուզնեցը գտնում էր, որ տնտեսական հետազոտությունները պետք է հիմնված լինեն մեծաքանակ տվյալների և դիտարկումների վրա ու քննադատում էր իր ժամանակների տնտեսագիտության տեսությունները և հետազոտությունները՝ տրամաբանական մտածողության միջոցով կազմված անորոշ փաստարկների վրա հիմնված լինելու և պարզունակության համար: 1930-ականներին նա սկսեց հաշվարկել ԱՄՆ ազգային եկամուտը 1869 թվականից մինչև իր ժամանակները (ինչը մինչ այդ չէր իրականացվել նման երկար ժամանակահատվածի համար). այս աշխատանքը հետագայում օգնեց հասկանալ, թե ինչպես հաշվարկել երկրի համախառն ներքին արդյունքը: Պետք է նշել, որ համախառն ազգային եկամտի/ներքին արդյունքի գաղափարը տնտեսագետների շրջանում արծարծվել է դեռևս 17–րդ դարում, սակայն իր ժամանակակից տեսքով ընկալման համար մենք պարտական ենք Սայմոն Կուզնեցին։

Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) չափում է երկրի տարածքում այդ երկրի քաղաքացիների և ոչ քաղաքացիների կողմից թողարկած վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը, այնինչ համախառն ազգային եկամուտը (ՀԱԵ) չափում է տվյալ երկրի քաղաքացիների կողմից թողարկած վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը այդ երկրի տարածքում և դրանից դուրս։

Մինչև առաջին համաշխարհային պատերազմը երկրները լավագույն դեպքում շատ մոտավոր պատկերացումներ ունեին համախառն ազգային եկամտի/համախառն ներքին արդյունքի մեծության վերաբերյալ: Ըստ էության, ո՛չ պետական մարմինների, ո՛չ մասնավոր տնտեսական հետազոտողների կողմից համախառն ազգային եկամտի/ներքին արդյունքի հաշվարկման համար այնքան համապարփակ և համակարգված տվյալներ չէին հավաքվում, ինչպես Կուզնեցի ծավալուն աշխատանքի արդյունքում: Ավելի ուշ Կուզնեցը օգնեց ԱՄՆ առևտրի դեպարտամենտին ստանդարտացնել Համախառն ազգային եկամտի հաշվարկման գործընթացը և խորհրդատվություն էր տրամադրում Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Կորեայի, Իսրայելի կառավարություններին՝ ազգային վիճակագրության վարման գործում:


1940-ականներին Կուզնեցը խզեց կապերը ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի հետ՝ համախառն ազգային եկամտի կիրառության և հաշվարկման շուրջ մասնագիտական անհամաձայնությունների պատճառով. նա ցանկանում էր, որ դեպարտամենտը համախառն ազգային եկամտի մեջ ներառեր նաև տնային տնտեսությունների կողմից իրականացված չվճարվող աշխատանքը, որը մերժվեց և մինչ օրս չի ներառվում ՀԱԵ/ՀՆԱ հաշվարկների մեջ:


Կուզնեցը Նոբելյան մրցանակ է ստացել տնտեսական աճի էմպիրիկ հետազոտությունների համար: Ուսումնասիրելով տարիների ընթացքում տարբեր երկրների տնտեսական աճերը՝ Կուզնեցը նկատել էր, որ 18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի վերջ ընկած ժամանակահատվածում մեկ շնչի հաշվով եկամուտներն աշխարհում աճում էին նախադեպը չունեցող բարձր տեմպերով (յուրաքանչյուր տասնամյակը մեկ 15 և ավելի տոկոսով): Այս աննախադեպ աճի դարաշրջանը Կուզնեցն անվանեց «ժամանակակից տնտեսական աճի» դարաշրջանը, որն ըստ նրա՝ սկիզբ է առել հարավարևելյան Եվրոպայում 18-րդ դարի երկրորդ կեսին, այնուհետև տարածվել հարավ և արևելք ու 19-րդ դարի վերջին հասել Ռուսաստան և Ճապոնիա: Կուզնեցը ժամանակակից աճի ակունքները տեսնում էր գիտության և տեխնոլոգիական նորարարությունների մեջ: Պատմական փաստերի ուսումնասիրության վրա հիմնված ժամանակակից տնտեսական աճի իր տեսությունը ամփոփված է «Ժամանակակից տնտեսական աճը» (1966) և «Ազգերի տնտեսական աճը» (1971) գրքերում:


Սայմոն Կուզնեցին շատերը ճանաչում են «Կուզնեցի կորի» շնորհիվ, որը վերաբերում է եկամուտների բաշխման և տնտեսական աճի միջև կապերին: Կուզնեցի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թույլ զարգացած երկրներում տնտեսական աճը խորացնում է հարուստների և աղքատների միջև եկամուտների անհավասարությունն իսկ զարգացած երկրներում, ընդհակառակը, տնտեսական աճը նպաստում է հարուստների և աղքատների եկամուտների միջև տարբերության կրճատմանը: Նա եկավ այն եզրահանգմանը, որ եկամուտների անհավասարությունը տնտեսական զարգացմանը զուգահեռ կրճատվում է: Տնտեսական զարգացվածության և եկամուտների անհավասարության միջև այս կապը ստացավ «Կուզնեցի կոր» անվանումը, որը սկիզբ դրեց եկամուտների անհավասարության բնագավառում ուսումնասիրությունների նոր ալիքի և մինչ օրս հանդիսանում է ամենաշատ քննարկվող ու ուսումնասիրվող հարցերից մեկը:


Նոբելյան մրցանակի շնորհման իր ելույթում Կուզնեցը ասում է, որ ինքը սկսել է հետաքրքրվել տնտեսագիտությամբ, որովհետև այս գիտությունը տեսնում էր որպես սոցիալական խնդիրների լուծման բանալի: Նա ԱՄՆ Տնտեսական հետազոտությունների ազգային գործակալության հետազոտական թիմի անդամ էր 1927–1961 թվականներին, խորհրդատվություն էր մատուցում տարբեր երկրների կառավարություններին, դասավանդում էր տնտեսագիտություն և վիճակագրություն առաջատար համալսարաններում, հեղինակել է 31 գիրք և ավելի քան 200 հոդված, որոնցից շատերը սկիզբ են դրել տնտեսական հետազոտությունների խոշոր ալիքների:

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են