refund

2022թ-ին պետական բյուջեից ԱԱՀ-ի, եկամտային հարկի և ակցիզային հարկի գծով հարկատուներին է վերադարձվել 261.9 մլրդ դրամ՝ 45.3%‑ով կամ շուրջ 82 մլրդ դրամով ավելի, քան նախորդ տարի։ Եթե վերադարձված գումարները գանձվեին պետական բյուջե, ապա բյուջեի հարկային եկամուտների աճը 2022թ-ին կկազմեր 24%` փաստացի գրանցված 21%-ի փոխարեն։ 

Պետական բյուջեից փոխհատուցվող գումարները աճել են 45.3%-ով

Համաձայն ՀՀ օրենսդրության՝ պետությունը որոշակի պարբերականությամբ հարկ վճարողներին է վերադարձնում պետական բյուջե վճարված հարկերի մի մասը։ Խոսքը վերաբերում է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ), եկամտային հարկի և ակցիզային հարկի գծով հարկատուներին փոխհատուցվող գումարներին։ Օրինակ, պետությունը արտահանողներին փոխհատուցում է վճարված ԱԱՀ գումարները կամ հիպոտեկային վարկի վճարված տոկոսների չափով վարկառուներին է վերադարձնում պետական բյուջե վճարած եկամտային հարկի գումարները։

 

Այսպիսով, 2022թ-ին պետական բյուջեից հարկատուներին է վերադարձվել մոտ 262 մլրդ դրամ։ 2021-ի համեմատ այս գումարը աճել է 45.3%-ով կամ շուրջ 82 մլրդ դրամով։ Վերադարձված գումարները մեծամասամբ ԱԱՀ-ի և եկամտային հարկի մասով են։ Մասնավորապես, 2022-ին ԱԱՀ-ի գծով վերադարձված գումարները կազմել են շուրջ 213 մլրդ դրամ կամ ընդհանուր վերադարձված գումարների 81%-ը, եկամտային հարկի գծով վերադարձված գումարները՝ 47.4 մլրդ դրամ կամ 18% և ակցիզային հարկի գծով փոխահատուցված գումարները՝ 1.7 մլրդ դրամ, ինչը ընդհանուր վերադարձված գումարների 1%-ն է։

Վերջին 5 տարում վերադարձված եկամտային հարկի գումարները աճել են 10 անգամ

2022թ-ին եկամտային հարկի գծով հարկատուներին է վերադարձվել 47.4 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ այս գումարն աճել է 45.4%-ով կամ 14.8 մլրդ դրամով։

 

Վերադարձված եկամտային հարկի մեծ մասը կազմում են բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին և համավարկառուներին վերադարձված եկամտային հարկի գումարները։ Ընդ որում այս մասով վերադարձված գումարների ծավալը և շահառուների թվաքանակը վերջին տարիներին կտրուկ ավելացել է։ 2022-ին հիպոտեկային վարկերի գծով վերադարձվել է 36.5 մլրդ դրամ եկամտային հարկ, 60.5%-ով կամ շուրջ 14 մլրդ դրամով ավելի, քան 2021-ին և շուրջ 8 անգամ ավելի, քան 2018թ-ին։ 2022-ին եկամտային հարկի վերադարձից օգտվող շահառուների թիվը կազմել էր 29 հազար, այնինչ 2017-ին արտոնությունից օգտվել է ընդամենը 2,400 շահառու։

Չնայած նրան, որ 2022-ից սահմանափակումներ են մտցվել հիպոտեկային վարկերի գծով եկամտային հարկի վերադարձի ծրագրի մեջ, այնուամենայնիվ այս մասով պետական բյուջեից վերադարձված գումարները շարունակում են աճել բարձր տեմպերով։

Վերջին 5 տարում վերադարձված ԱԱՀ գումարները աճել են 3 անգամ

2022թ-ին ԱԱՀ գծով հարկատուներին է վերադարձվել շուրջ 213 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ այս գումարն աճել է 45%-ով կամ 66 մլրդ դրամով։

 

Վերադարձված ԱԱՀ-ն գրեթե ամբողջությամբ կազմում է արտահանողներին ԱԱՀ գծով փոխհատուցված գումարները։ ՀՀ կառավարությունը արտահանման խրախուսման նպատակով արտահանողներին մեկամսյա ժամկետում հետ է վերադարձնում նրանց վճարած ԱԱՀ  գումարը։ Այս մասով վերադարձված գումարների ծավալը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Մասնավորապես, 2022-ին արտահանողներին ԱԱՀ-ի փոխհատուցված գումարները կազմել են շուրջ 212 մլրդ դրամ, 45%-ով կամ շուրջ 66 մլրդ դրամով ավելի, քան 2021-ին և և շուրջ 3 անգամ ավելի, քան 2018թ-ին։

Այսպիսով, եթե 2022թ-ին ԱԱՀ-ի, եկամտային հարկի և ակցիզային հարկի գծով վերադարձված գումարները ներառվեին պետական բյուջեի փաստացի մուտքերում, ապա հարկային եկամուտների և պետական տուրքի աճը կկազմեր 24%` 21%-ի փոխարեն։ 

 

Սույն հոդվածը պատրաստվել է Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի (ACSES)  կողմից «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության աջակցությամբ՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Արևելյան գործընկերության համար ԵՄ բարեվարքության ծրագրի շրջանակում։ Դրա բովանդակությունը բացառապես Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն (ACSES)  վերլուծական կենտրոնի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտացոլի ԲԿԳ կամ ԵՄ հայացքները։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են