1974 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի են արժանացել Ֆրիդրիխ ֆոն Հայեկը (1899–1992թթ․) և Գուննար Մյուրդալը (1898–1987թթ․)՝«փողի և տնտեսական տատանումների տեսության վերաբերյալ նորարական աշխատանքների, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ երևույթների փոխկախվածությունների վերլուծության համար»:

 

Ֆրիդրիխ ֆոն Հայեկը ծնվել է 1899 թվականի մայիսի 8-ին Ավստրիայի Վիեննա քաղաքում։ Շուրջ մեկդարյա կյանքի և 70 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում նրա գաղափարները մերժված, անտեսված լինելուց դարձան ընդունված, մեծ տարածում գտան և մինչ օրս շարունակվում են ուսումնասիրվել ու քննարկվել։

 

Հայեկը գտնում էր, որ պետությունը՝ կառավարությունը և կենտրոնական բանկը, պետք է հնարավորինս քիչ միջամտեն տնտեսությանը։ Նա համարում էր, որ տնտեսությունը կարող է արդյունավետորեն կարգավորվել ինքնաբերաբար, առանց որևէ մեկի թելադրանքի և միջամտության։ Նրա հայացքները հակադրվում էին իր ապրած ժամանակներում (մասնավորապես 1950-ականներին և 60-ականներին) դոմինանտ քեյնսյան հայացքներին, համաձայն որոնց պետությունը պետք է տարբեր ուղղություններով ակտիվ միջամտի տնտեսական գործընթացներին և ակտիվ դեր զբաղեցնի տնտեսության մեջ։ Միայն 1970-ականների ստագֆլյացիայից և 1980-ականներին Խորհրդային Միության փլուզումից հետո Հայեկի հայացքները վերանայվեցին։ Այսօր նա համարվում է 20-րդ դարի ամենազդեցիկ մտածողներից մեկը։

 

Հայեկը բարձրագույն կրթություն է ստացել Վիեննայի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է փիլիսոփայություն, հոգեբանություն և տնտեսագիտություն։ Նա ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան 1921 թ-ին և քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան 1923 թ-ին, որից հետո մեկ տարի՝ 1923–1924 թթ-ին, հետազոտական աշխատանք է իրականացրել ԱՄՆ Նյու Յորքի համալսարանում։

 

Հայեկի մասնագիտական կյանքում առանձնապես կարևոր շրջան էր 1930–1950 թվականները։ 1931-ին տնտեսագետ Լայնել Ռոբինսը Հայեկին հրավիրեց Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում մոնետար տնտեսագիտությանը վերաբերող (տնտեսագիտության ճյուղ, որը ուսումնասիրում է փողի տարբեր տեսություններ) չորս դասախոսություն կարդալու (այս դասախոսությունները ամփոփված են նրա «Գները և արտադությունը» (1931) գրքում)։ Դասախոսությունների ավարտից հետո Հայեկին առաջարկվեց մեկ տարով վերադառնալ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց՝ որպես հրավիրյալ պրոֆեսոր, որից հետո նա մշտական պաշտոն ստացավ և մնաց այստեղ մինչև 1950 թ-ը։

 

Անգլիայում անցկացրած տարիների ընթացքում Հայեկը բանավեճի մեջ է մտնում Քեմբրիջի համալսարանի տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսի հետ՝ տնտեսական ցիկլերի վերաբերյալ իրենց հակադիր տեսությունների շուրջ և Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի իր գործընկերների հետ սոցիալիստական երկրներում տնտեսության պլանավորման շուրջ։ Այս տարիներին նա մի շարք քննադատական հոդվածներ է հրապարակում իր գաղափարական հակառակորդների տեսությունների ու հայացքների վերաբերյալ։

 

Մասնավորապես, Հայեկը գտնում էր, որ Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությունը, այն է՝ փողի առաջարկը կառավարելու նպատակով տոկոսադրույքների փոփոխությունը, ցիկլային տատանումների պատճառ է դառնում։ Եվ հետևապես պետությունը՝ հանձինս Կենտրոնական բանկի, պետք է զերծ մնա տնտեսության մեջ միջամտություններից։

 

Ինչպես Ավստրիական դպրոցի այլ ներկայացուցիչներ, օրինակ Լյուդվիգ ֆոն Միզեսը, Հայեկը գտնում էր, որ տնտեսությունը շատ ավելի բարդ է, քան ներկայացվում է Ջոն Մեյնարդ Քեյնսի տեսություններում։ Քեյնսը գտնում էր, որ տնտեսական անկման շրջանում պետությունը պետք է ակտիվորեն միջամտի երկրում զբաղվածության մակարդակը պահպանելու և գործազրկության աճ թույլ չտալու համար, որի արդյունքում բնակչությունը կշարունակի եկամուտ ստանալ, պատրաստակամ կլինի ավելի շատ ծախսել, ամբողջական պահանջարկը կաճի, և տնտեսությունը վերելք կապրի։ Ավստրիական դպրոցի ներկայացուցիչները գտնում էին, որ այս քաղաքականությունը միայն սահմանափակ ազդեցություն կունենա տնտեսության վրա և չի կարող արդարացնել այդպիսի ակնկալիքները։ Մյուս կողմից, Հայեկը գտնում էր, որ քեյնսյան տեսությամբ առաջնորդվելու դեպքում Կենտրոնական բանկը գործազրկության մակարդակը ցածր պահելու նպատակով ստիպված է լինելու փողի առաջարկը ավելացնել ավելի ու ավելի արագ տեմպերով, ինչը կնպաստի գների շարունակական բարձրացմանը։

 

Հայեկը քննադատում էր սոցիալիստական երկրներում տնտեսության պլանավորման գործընթացը։ Նա գտնում էր, որ գոյություն ունի փոխկապվածություն տնտեսական և քաղաքական ազատությունների միջև, որ մարդկանց տնտեսական կյանքի նկատմամբ պետական վերահսկողությունը հանգեցնում է կյանքի բոլոր բնագավառների նկատմամբ վերահսկողության, ինչը ճանապարհ է դեպի ստրկություն։ Սոցիալիզմի հետևանքների մասին այլ երկրներին զգուշացնելու նպատակով նա գրել է «Ճանապարհ դեպի ստրկություն» (1944) գիրքը, որը նրան համաշխարհային ճանաչում է բերել և համարվում Հայեկի ամենահայտնի աշխատությունը։

 

Հայեկը ազատական տնտեսության և ազատ շուկայի կողմնակից էր։ Նա գտնում էր, որ տնտեսությունը հնարավոր չէ արդյունավետորեն պլանավորել, քանի որ այդ գործընթացի համար անհրաժեշտ են տվյալներ և գիտելիքներ, որոնց տիրապետում են շուկայի անթիվ սուբյեկտները և որոնք կենտրոնական պլանավորող մարմինների համար հնարավոր չէ հավաքել։ Այդ իսկ պատճառով նա համարում է, որ պետությունը պետք է հնարավորինս քիչ պլանավորի, և որոշումների կայացումը թողնի ազատ շուկայի վրա։

 

Գիտելիքների և տնտեսության վերաբերյալ Հայեկը գրել է մի շարք հոդվածներ, որոնք ամփոփված են «Ճանապարհ դեպի ստրկություն» գրքում, այս թեմային էր նվիրված նաև Նոբելյան մրցանակի շնորհման հետ կապված Հայեկի ելույթը, որը հատուկ ուշադրության է արժանանում տնտեսագետների կողմից։

 

1950-ին Հայեկը թողեց Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցը և տեղափոխվեց ԱՄՆ Չիկագոյի համալսարան, որտեղ նա աշխատեց 12 տարի։ Այս տարիներին նա գրել է հոդվածներ տարբեր թեմաների շուրջ, ներառյալ քաղաքական փիլիսոփայության, գաղափարների պատմության, և սոցիալական գիտությունների մեթոդաբանության։ 1962 թ-ին Հայեկը վերադարձավ Եվրոպա՝ աշխատանքի անցնելով Արևմտյան Գերմանիայի Ֆրեյբուրգի համալսարանում՝ որպես տնտեսական քաղաքականության դասախոս, որտեղ նա դասավանդեց մինչև 1968 թ-ը, որից հետո մոտ 9 տարի՝ մինչև թոշակի անցնելը, նա աշխատեց Ավստրիայի Զալցբուրգի համալսարանում։

 

1970-ականներին Հայեկը առաջ քաշեց «մասնավոր փողերի» տեսությունը։ Նա առաջարկում էր, որ պետությունները հրաժարվեն փողի առաջարկի մենաշնորհից և փողի թողարկումը ապահովվի տարբեր բանկերի միջոցով։ Ըստ Հայեկի ինչպես ապրանքային շուկաներում է մրցակցությունը նպաստում ապրանքների սպառողական հատկանիշների բարելավմանը, այնպես էլ այստեղ թողարկող բանկերի միջև մրցակցության արդյունքում շուկայում կմնան այն արժույթները, որոնք լավագույնս են կատարում փողի ֆունկցիան։

 

1974 թ-ին Հայեկին շնորհվեց Նոբելյան մրցանակ, որը նա կիսեց տնտեսագետ Գուննար Մյուրդալի հետ, ում հետ տարբեր հարցերի շուրջ հակադարձ քաղաքական և տնտեսական հայացքներ ուներ, մասնավորապես, Մյուրդալը սոցիալիստ էր, իսկ Հայեկը՝ լիբերալ։ Ասում են, ո՛չ Հայեկը, ո՛չ Մյուրդալը երջանիկ չէին, որ մեկը մյուսի հետ պետք է կիսեին Նոբելյան մրցանակը։

 

Գուննար Մյուրդալը շվեդ տնտեսագետ և սոցիոլոգ էր։ Նա համարվում էր միջազգային հարաբերությունների և զարգացման տնտեսագիտության ականավոր տեսաբան։ Մյուրդալը ծնվել է 1898 թվականի դեկտեմբերի 6-ին։ 1923-ին ավարտել է Ստոկհոլմի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 1927-ին ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում՝ քաղաքական տնտեսագիտություն մասնագիտացմամբ։

 

1938 թ-ին Նյու Յորքի Կարնեգի կորպորացիան պատվիրեց Մյուրդալին ղեկավարել Ամերիկայի սևամորթ բնակչության վիճակի վերաբերյալ ուսումնասիրությունները։ Այս ուսումնասիրությունների արդյունքները տեղ գտան նրա «Ամերիկյան դիլեմա» (1944) գրքում, որը Մյուրդալին միջազգային ճանաչում բերեց։ Մյուրդալի ուսումնասիրությունները ցույց տվեց, որ Ֆրանկլին Ռուզվելտի տնտեսական քաղաքականությունները մեծ վնաս են հասցրել սևամորթ բնակչությանը՝ թողնելով հարյուր հազարավոր աֆրոամերիկացիների առանց աշխատանքի։ Այդ քաղաքականություններից մեկը գյուղատնտեսական արտադրանքի (բամբակի արտադրության) նկատմամբ սահմանափակումների սահմանումն էր, երկրորդը՝ նվազագույն աշխատավարձի սահմանումը, որի պատճառով, ինչպես մատնանաշում է Մյուրդալը, գործատուները ավելի քիչ էին հակված վարձելու ցածր որակավորվածություն ունեցող աշխատողների, որոնցից շատերը աֆրոամերիկացիներ էին։

 

Նա շուրջ տաս տարի ուսումնասիրել է Ասիայում աղքատության հարցերը, որոնց արդյունքները ամփոփված են նրա գլխավոր աշխատություններից մեկում՝ 1968 թ-ի «Ասիական դրամա․ ազգերի աղքատության հետազոտություն» գրքում։ Գրքի հիմնական ուղերձն այն է, որ Հարավարևելյան Ասիայի արագ զարգացումը հնարավոր է միայն բնակչության թվաքանակի աճը վերահսկելու, գյուղատնտեսական նշանակության հողերը ավելի մեծ քանակությամբ մարդկանց միջև բաշխելու, առողջապահության և կրթության ոլորտներում ներդրումները ավելացնելու միջոցով։

 

Տնտեսագետ և սոցիոլոգ լինելուց բացի, Մյուրդալը նաև քաղաքական գործիչ էր։ Նա երկու անգամ ընտրվել էր Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր (1934–1936, 1942–1946), առևտրի նախարար (1945–1947) իսկ 1947–1957 թթ-ին ՄԱԿ-ի եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գլխավոր քարտուղար։

 

Նոբելյան մրցանակի է արժանացել նաև Մյուրդալի կինը՝ Ավա Մյուրդալը, մասնավորապես, 1982 թ-ին նրան է շնորհվել խաղաղության Նոբելյան մրցանակը, որը նրանց դարձրել է չորորդ նոբելյան մրցանակակիր ամուսնական զույգը և առաջին ամուսինները, որոնք արժանացել են մրցանակին առանձին-առանձին և ոչ թե համատեղ կատարված գիտական աշխատանքի համար։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են