1973 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել ռուսական ծագմամբ ամերիկացի տնտեսագետ Վասիլի Լեոնտևը (1906–1999թթ.) ««ծախսեր-թողարկում» մեթոդի զարգացման և այն կարևոր տնտեսական խնդիրների լուծման մեջ կիրառելու համար»:

Վասիլի Լեոնտև (1906–1999թթ.)

Վասիլի Լեոնտեվը ծնվել է 1906 թվականին*, իր մանկությունը և պատանեկությունը անց է կացրել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Լենինգրադի համալսարանում (այժմյան Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան) 1921–1925 թվականներին, որտեղ նա ուսումնասիրել է փիլիսոփայություն, սոցիոլոգիա և տնտեսագիտություն։ Հետբուհական կրթությունը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանում (այժմյան Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարան)։ 19-րդ և 20-րդ դարերում այս համալսարանը համարվում էր աշխարհի լավագույններից մեկը, այստեղ են ուսանել Կառլ Մարքսը, Ֆրիդիրիխ Էնգելսը, Արթուր Շոպենհաուերը, Օտտո ֆոն Բիսմարկը, ինչպես նաև Կոմիտաս վարդապետը, իսկ համալսարանի նշանավոր դասախոսներից էր Ալբերտ Էյնշտեյնը։


Վասիլի Լեոնտևը հայտնի է ծախսեր-թողարկում մեթոդի/գործիքակազմի մշակման համար, որի համար էլ արժանացել է Նոբելյան մրցանակի։ Նա գտնում էր, որ երկրի տնտեսական համակարգի կառուցվածքի և աշխատանքի վերաբերյալ հիմնարար պատկերացում կազմելու համար միայն դրա առանձին տարրերի, ոլորտների ուսումնասիրությունը բավարար չէ, անհրաժեշտ է նաև ոլորտների միջև կապերի ուսումնասիրությունը, որին էլ ուղղված է ծախսեր-թողարկում գործիքը։


Ծախսեր-թողարկում գործիքն ունի աղյուսակների տեսք, որոնք նկարագրում են տնտեսության ոլորտների միջև ապրանքների և ծառայությունների հոսքերը (միջճյուղային հաշվեկշիռը), այլ կերպ ասած՝ թե տվյալ երկրի տնտեսության առանձին ոլորտներն ինչ են գնում մեկը մյուսից և ինչ են վաճառում մեկը մյուսին որոշակի ժամանակահատվածի ընթացքում։ Վերջին հաշվով, դրանք հնարավորություն են տալիս հասկանալ, թե տնտեսության մեջ որևէ արտադրանքի թողարկման համար ինչ քանակությամբ բաղադրիչներ են անհրաժեշտ և տնտեսության, որ հատվածներն են մատակարարում դրանք։


1931 թվականին Լեոնտևը շահում է հետազոտական դրամաշնորհ, որի շնորհիվ առաջին անգամ կիրառում է ծախսեր-թողարկում մեթոդը ԱՄՆ տնտեսության համար՝ Ամերիկյան տնտեսության վրա տեխնոլոգիական փոփոխության հետևանքների ուսումնասիրության նպատակով։ Այս մեթոդը հատկապես մեծ հետաքրքրության է արժանացել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` հետպատերազմյան տնտեսության դեմոբիլիզացիան արագացնելու համար։ Այնուհետև ծախսեր-թողարկում մեթոդը կիրառվում էր ինչպես պլանային, այնպես էլ շուկայական տնտեսությամբ տարբեր երկրներում՝ թողարկման ծավալները պլանավորելու կամ կանխատեսելու համար։ Ներկայումս ԱՄՆ-ում ամենամյա պարբերականությամբ կազմվում է միջճյուղային հաշվեկշիռ 71 ոլորտների համար։ Հայաստանում նման աղյուսակներ կազմելու փորձ կատարվել է 2006 թվականին 17 ոլորտի համար։ Ծախսեր-թողարկում աղյուսակները օգտագործվում են մի շարք միջազգային կառույցների կողմից իրենց հաշիվներում, այդ թվում ՄԱԿ-ի կողմից ազգային հաշիվների համակարգում։


Խորհրդային Միությունից մեկնելու Լեոնտևի առաջնային պատճառը եղել է այն, որ իր գիտական աշխատանքը, քաղաքական ուղղվածություն չունենալով հանդերձ, սահմանափակվում էր խորհրդային իշխանությունների կողմից։ Սակայն նույնիսկ ԱՄՆ տեղափոխվելուց հետո նա շարունակել է հետաքրքրվել ԽՍՀՄ տնտեսությամբ և կապը երկրի հետ չի կորցրել։ Երբ 1989 թվականին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան որոշում կայացրեց հրաժարվել բարձրագույն ուսումնական հաստատություններում այդ ժամանակներում օգտագործվող տնտեսագիտության դասագրքերից, նրանք դիմեցին Լեոնտևին ճիշտ դասագիրք ընտրելու հարցում օգնության համար։ Լեոնտևը, տեղյակ լինելով Խորհրդային Միության համակարգի առանձնահատկություններից, եկավ այն եզրակացությանը, որ այն տնտեսագիտության դասագրքերը, որոնք օգտագործվում են ԱՄՆ-ում հարմար չեն ԽՍՀՄ-ում տնտեսագիտություն ուսանելու համար։ Նա գտնում էր, որ անհրաժեշտ է նոր դասագիրք գրել ԽՍՀՄ ուսանողների համար և այս հարցով դիմում է Հարվարդի Համալսարանից Նիվա Գուդվինին։ ԽՍՀՄ փլուզման պատճառով այս խնդիրը փակվում է, սակայն տարիներ անց որպես Համաշխարհային Բանկի աշխատակից Ռուսաստան այցելության ժամանակ Գուդվինը նորից բարձրացնում է այն և հետամուտ է լինում դրա իրականացմանը։ 2000 թվականին ավարտվում է գրքի անգլերեն տարբերակը, որը թարգմանվում է ռուսերեն 2002 թվականին։


Լեոնտևը հայտնի է նաև «Լեոնտևի պարադոքսի» համար։ Նա օգտագործել է ծախսեր-թողարկում մեթոդը երկրների միջև առևտրային հոսքերը հասկանալու համար։ Համաձայն Հեքշեր-Օհլինի տեսության՝ երկրները հիմնականում արտահանում են այնպիսի ապրանքներ, որոնց արտադրության համար պահանջվող արտադրության գործոններ (օրինակ կապիտալ կամ աշխատուժ) համեմատաբար շատ ունեն և ներմուծում են այնպիսի ապրանքներ, որոնց արտադրության համար պահանջվող արտադրության գործոններ համեմատաբար քիչ ունեն։ 1954 թվականի իր հոդվածում Լեոնտևը ցույց է տվել, որ ԱՄՆ-ն արտահանում է ավելի շատ աշխատատատար ապրանքներ, ինչը հակասում էր Հեքշեր-Օհլինի տեսությանը, որի համաձայն ակլկալվում էր, որ ԱՄՆ-ն պետք է արտահաներ կապիտալատար ապրանքներ և ներմուծեր աշխատատար ապրանքներ։ Սա ստացավ «Լեոնտևի պարադոքս» անվանումը։ Տարիներ անց պարադոքսը լուծվեց, երբ տնտեսագետները ապացուցեցին, որ երկու և ավելի ապրանք արտադրող երկրում կապիտալի ավելցուկը աշխատուժի համեմատ չի նշանակում, որ կապիտալատար ապրանքների արտահանումը պետք է գերակշռի։


Տնտեսագիտության մեջ ընդհանրապես, և իր աշխատանքներում հատկապես, Լեոնտևը կարևորում էր տնտեսական հետազոտությունների գործնական կիրառելիությունը և իրականության հետ տեսությունների սերտ կապը։ Նա բազմիցս քննադատել է ժամանակակից տնտեսագետներին, որոնցից շատերը էմպիրիկ հետազոտությունների վրա չէին հիմնվում տեսություններ մշակելիս։ Միևնույն ժամանակ նա գտնում էր, որ ցանկացած էմպիրիկ հետազոտություն պետք է հիմնված լինի տեսական հիմնադրույթների վրա։ Ինքն իրեն Լեոնտևը համարում էր տեսաբան։


ԱՄՆ տեղափոխվելուց հետո նա 45 տարի դասավանդել է Հարվարդի համալսարանում։ Վասիլի Լեոնտևը եղել է շատ հեղինակավոր տնտեսագետների գիտական ղեկավար, որոնցից չորսը արժանացել են տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի․ նրանք են Փոլ Սամուելսոնը (1970), Ռոբերտ Սոլոուն (1987), Վեռնոն Սմիթը (2002), Թոմաս Շելինգը (2005):

* Սա այն թվականն է, որը նշված է Լեոնտևի ինքնակենսագրության մեջ։ Ավելի ուշ տարիների աղբյուրներ վկայում են, որ նա ծնվել է 1905 թվականին Մյունխենում, որտեղ այդ տարիներին ուսանում էր նրա հայրը։ Այս տեղեկությունը բացահայտվել է ԽՍՀՄ փլուզումից հետո ի հայտ եկած փաստաթղթերում և անակնկալ էր նաև տնտեսագետի համար։ Այնուամենայնիվ նրա գերեզմանաքարի վրա որպես ծննդավայր նշված է Սանկտ Պետերբուրգ քաղաքը։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են