1972 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի են արժանացել բրիտանացի տնտեսագետ Ջոն Ռ. Հիքսը (1904–1989թթ.) և ամերիկացի տնտեսագետ Քեննեթ Էրրոուն (1921–2017թթ.) «ընդհանուր հավասարակշռության տեսության և բարեկեցության տեսության մեջ ունեցած ավանդի համար»:
Ջոն Ռ. Հիքսը ծնվել է 1904 թվականին Անգլիայի Ուորվիք քաղաքում: Նա 1922 թվականին ընդունվում է Օքսֆորդի համալսարան՝ ուսանելու մաթեմատիկա, սակայն գրականության և պատմության նկատմամբ հետաքրքրությունը ստիպում են մեկ տարի անց փոխել մասնագիտությունը և շարունակել կրթությունը «Փիլիսոփայություն, քաղաքագիտություն և տնտեսագիտություն» մասնագիտությամբ: Չնայած ուսմանը ո՛չ փիլիսոփայությունից, ո՛չ քաղաքագիտությունից և ո՛չ էլ տնտեսագիտությունից նա մեծ հաջողություններ չի ունենում և, ինչպես ինքն է գրում, համալսարանը ավարտում է «առանց պատշաճ մասնագիտացման իր ուսանած առարկաներից որևիցե մեկի գծով»: Այդուհանդերձ, տարիներ անց նա արժանանում է Նոբելյան մրցանակի և ճանաչվում տնտեսագիտության տարբեր բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած եզակի տնտեսագետ։
Օքսֆորդի համալսարանը ավարտելուց հետո Հիքսը սկսում է դասավանդել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում, որտեղ ծանոթանում է այնպիսի տնտեսագետների հետ, ինչպիսիք են Ֆրիդրիխ Ֆոն Հայեկը, Լայնել Ռոբբինսը, Ռոյ Ալլենը, Նիկոլաս Կալդորը, Աբբա Լերները, Ռիչարդ Սայերսը և Ուրսուլա Վեբբը՝ իր ապագա կինը: Գիտամանկավարժական կարիերան 1935–38 թվականներին շարունակում է Քեմբրիջի համալսարանում, որից հետո՝ մինչև 1946 թվականն աշխատում է Մանչեստերի համալսարանում, իսկ այնուհետև վերադառնում իր հարազատ Օքսֆորդ:
Հիքսը ճանաչված է որպես եզակի տնտեսագետ, ում հաջողվել է մեծ ավանդ ունենալ տնտեսագիտության տարբեր բնագավառներում։ Դրանցից չորսը հատկապես առանձնանում են։ Առաջին՝ Հիքսը ցույց տվեց, որ մարդու աշխատանքը խնայող տեխնիկական առաջընթացը անխուսափելիորեն չի հանգեցնում ազգային եկամտի մեջ աշխատողների աշխատանքի վարձատրության կշռի կրճատմանը: Մինչ այդ տնտեսագիտության տեսության մեջ գերակշռում էր հակառակը պնդող Կառլ Մարքսի առաջ քաշած տեսությունը, համաձայն որի՝ տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում մարդու աշխատանքը փոխարինվում է մեքենաների աշխատանքով, ինչի արդյունքում աշխատողների քանակը կրճատվում է և դա հանգեցնում է ազգային եկամտի կառուցվածքում աշխատողների վարձատրության տեսակարար կշռի կրճատմանը։
Երկրորդ՝ Հիքսը մշակել է IS-LM մոդելը, որը գրաֆիկորեն պատկերում է Ջոն Մեյնարդ Քեյնսի «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» գրքում ներկայացված այն գաղափարը, որ տնտեսությունը ոչ լրիվ զբաղվածության պայմաններում կարող է հավասարակշռության վիճակում լինել: Հիքսի երրորդ նշանակալի ներդրումը տնտեսագիտության բնագավառում հանդիսանում է «Արժեք և կապիտալ» գիրքը (1939), որը ընդլայնեց արժեքի տեսության վերաբերյալ տնտեսագետների իմացությունը։ Այս գիրքը նաև ընդհանուր հավասարակշռության վերաբերյալ առաջին աշխատություններից մեկն է տնտեսագիտության մեջ։
Հիքսի չորրորդ նշանակալի ներդրումը տնտեսագիտության բնագավառում փոխհատուցման թեստի (Kaldor-Hicks compensation criteria) գաղափարն է, որը օգնում է քաղաքականություն մշակողներին գնահատել ներդրվող քաղաքականության արդյունավետությունը։ Մինչ այս թեստի ի հայտ գալը, քաղաքականություն մշակողների համար դժվար էր դատել նոր քաղաքականությունների արդյունավետության մասին, քանի որ ամեն քաղաքականության արդյունքում միշտ կան շահողներ և կան այնպիսիք, ովքեր վնասներ են կրում։ Հիքսը առաջարկեց պատասխանել հետևյալ հարցին՝ քաղաքականության կիրառման արդյունքում ակնկալվող օգուտները գերազանցում են շահառուների որևէ խմբի վնասները (cost-benefit analysis)։ Եթե պատասխանը այո է, ապա քաղաքականությունը անցել է «Հիքսի փոխհատուցման թեստը» և համարվում է արդյունավետ:
1972 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան երկրորդ դափնեկիր Քենեթ Էրրոուն ծնվել է 1921 թվականին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում։ 1941 թվականին նա ստացել է մաթեմատիկայի մագիստրոսի աստիճան Կոլումբիայի համալսարանից, սակայն իր դասախոս վիճակագիր-տնտեսագետ Հարոլդ Հոթելլինգի խրախուսմամբ փոխել է իր հետագա կրթության ուղղվածություն դեպի տնտեսագիտություն։ 1970 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Սամուելսոնի խոսքերով Էրրոուն «20-րդ դարի ամենակարևոր տեսաբանն է տնտեսագիտության բնագավառում»։
Էրրոուն առաջին տնտեսագետներից էր, ով գրել է արտադրողականության բարձրացման գործում փորձի կարևորութան կամ այլ կերպ ասած՝ սովորելու կորի (learning curve) մասին։ Սովորելու կորի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ ինչքան ավելի շատ են արտադրում արտադրողները, այնքան ավելի փորձառու, բանիմաց են դառնում և արդյունքում բարձրանում է նրանց արդյունավետությունը։ Տասնամյակներ անց տնտեսագետներն այս գաղափարը կօգտագործեն էնդոգեն աճի տեսությունները կառուցելիս, որոնց համաձայն՝ երկրի տնտեսական աճի տեմպը կախվածության մեջ է գիտությունը և նորարարությունը խթանող պետական քաղաքականություններից։
1950-ականներին Էրրոուն մաթեմատիկորեն ցույց տվեց, որ անհատական նախընտրությունների առկայության պատճառով հասարակության համար անհնար է իր առաջնահերթությունների վերաբերյալ կայացնել կոլլեկտիվ ռացիոնալ որոշում։ Սա այսօր հայտնի է անհնարինության թեորեմ կամ Էրրոուի պարադոքս անվանմամբ և այն հիմք է դրել մի նոր տնտեսագիտության ճյուղի՝ հասարակական ընտրության տեսությանը։ Քաղաքական ընտրությունների օրինակով, սա նշանակում է, որ չկա ընտրական համակարգ, որը թույլ կտա ընտրողներին կայացնել այնպիսի որոշում, որը ամբողջ հասարակությանը կբավարարի, այն դեպքում, երբ հասարակությունն ընտրում է երեքից ավելի թեկնածուների միջև։ Էրրոուն իր հետազոտություններով նաև մեծ ավանդ է ունեցել այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են ապահովագրության տեսությունը, առողջապահությունը, արժեթղթերի շուկան։
Մինչև 2019 թվականը, երբ Էսթեր Դուֆլոն 46 տարեկանում արժանացավ Նոբելյան մրցանակի, Էրրոուն համարվում էր ամենաերիտասարդ Նոբելյան դափնեկիրը տնտեսագիտության բնագավառում (նա 51 տարեկան էր, երբ ստացավ Նոբելյան մրցանակ)։ Իր մասնագիտական կյանքի մեծ մասը Էրրոուն անց է կացրել Ստենֆորդի (1949–1968 և 1980–2017) և Հարվարդի համալսարաններում (1968–1979), որտեղ ունեցել է մի շարք ուսանողներ, ովքեր տարիներ անց ևս կարժանանան տնտեսագիտությունից Նոբելյան մրցանակի։