1970 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել Փոլ Սամուելսոնը (1915–2009թթ.) «տնտեսագիտության ստատիկ և դինամիկ տեսությունները զարգացնող աշխատանքի, ինչպես նաև այս բնագավառում գիտական վերլուծության մակարդակի բարձրացման մեջ ունեցած ավանդի համար», նա առաջին ամերիկացին էր, որն արժանացավ այսպիսի պատվի:

Փոլ Սամուելսոն (1915–2009թթ)

Փոլ Էնթոնի Սամուելսոնը սկսել է ուսանել տնտեսագիտություն Չիկագոյի համալսարանում 16 տարեկան հասակում, իսկ դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Հարվարդի համալսարանում 1941 թվականին: 1948 թվականին նա հեղինակել է «Տնտեսագիտություն. ներածական վերլուծություն» գիրքը, որը դարձել է տնտեսագիտության բոլոր ժամանակների ամենահանրաճանաչ դասագրքերից մեկը: Դասագիրքն առաջին անգամ լույս տեսնելուց ի վեր վերահրատարակվել է շուրջ երկու տասնյակ անգամ՝ համաշխարհային տնտեսական զարգացումներին զուգահեռ (վերջին անգամ 2009 թվականին): Գիրքն թարգմանվել է 41 լեզուներով, ներառյալ հայերենը, իսկ մինչ օրս վաճառված օրինակների քանակը գերազանցում է չորս միլիոնը: Առաջին անգամ տպագրվելուց հետո մոտ կես դար շարունակ գրքից տարեկան վաճառվում էր 50,000 օրինակ: «Ինձ համար կարևոր չէ, թե ովքեր են գրում երկրի օրենքները, եթե ես կարող եմ գրել դրա տնտեսագիտության դասագրքերը», ասել է Սամուելսոնը:


Փոլ Սամուելսոնը եղել է շատ գործուն տնտեսագետ. ավելի քան հիսուն տարվա ընթացքում նա միջինում ամսական հրապարակել է մեկ տեխնիկական հոդված: Այդ հոդվածներից մոտ 338-ը ներառված են «Փոլ Սամուելսոնի ընտրյալ հոդվածները» (1966–1986) հինգ հատորյակում: Իր կողմից իրականացված տնտեսական հետազոտությունների մեջ Սամուելսոնը մեծ տեղ էր տալիս մաթեմատիկական գործիքների կիրառությանը, ինչը մեծապես օգնեց տնտեսագիտությունն ավելի հասկանալի գիտություն դարձնելուն և հանդիսանում է նրա ունեցած ամենամեծ ներդրումներից մեկը:


Բացի Նոբելյան մրցանակի դափնեկիր լինելուց, 1947 թվականին Սամուելսոնը նաև արժանացել է Ջոն Բեյթս Քլարկի հեղինակավոր մրցանակին, որը տրվում է մինչև քառասուն տարեկան լավագույն տնտեսագետին:


Ի տարբերության իր ժամանակների շատ տնտեսագետների՝ Սամուելսոնի գիտական հետաքրքրությունների շրջանակը բավականին ընդգրկուն էր։ Նա իր ավանդն է ունեցել տնտեսագիտական ուսումնասիրությունների այնպիսի ուղղություններում ինչպիսիք են՝ տնտեսական համակարգերի դինամիկան և հավասարակշռությունը, միջազգային առևտուրը, հասարակական բարիքի տեսությունը, կապիտալի տեսությունը և այլն: Ընդ որում, Սամուելսոնը առաջինն էր, ով դեռևս 1954թին փորձեց տալ հասարակական բարիքի մանրակրկիտ բնութագրությունը: Հատկապես մեծ կարևորություն ունեն նրա կողմից բազմարկչի և աքսելերատորի էֆֆեկտների հարաբերության մաթեմատիկական ձևակերպումը և սպառողների բացահայտված նախընտրությունների (revealed preference) տեսության զարգացումը:


«Բացահայտված նախընտրություն» հասկացությունը նա առաջին անգամ ներկայացրել է 1938թին: Մինչև Սամուելսոնի կողմից բացահայտված նախընտրությունների հասկացության ներմուծումը, ընդունված էր համարել, որ սպառողների վարքագիծը կամ ավելի կոնկրետ սպառողների կատարած ընտրությունը հասկանալու համար պետք է ուսումնասիրել ապրանքի, ծառայության սպառումից ստացված բավարարվածությունը կամ օգտակարությունը: Սակայն օգտակարությունը չափելը շատ դժվար է և տնտեսագետները խնդիրների էին հանդիպում դրա հետ կապված: Փոլ Սամուելսոնը ցույց տվեց, որ մի շարք գործոնների ազդեցությունից կախված սպառողների վարքագծի փոփոխության ուսումնասիրությունը կարող է օգնել բացահայտել նրանց նախընտրությունները: Այլ կերպ ասած, սպառողների նախընտրությունների չափման լավագույն եղանակը նրանց սպառողական վարքագծի ուսումնասիրությունն է՝ օգտակարության ուսումնասիրության փոխարեն:


Պրոֆեսոր Սամուլսոնը նաև ճանաչված տնտեսական խորհրդատու էր: Նա եղել է Ջոն. Ֆ. Քենեդիի տնտեսական հարցերով խորհրդականը, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրել ԱՄՆ գանձապետարանին, Դաշնային պահուստային համակարգին, Տնտեսական խորհրդատուների խորհրդին և այլ պետական կառույցների: Սակայն տնտեսագետի խոսքերով՝ իր հիմնական հետաքրքրությունները մնում էին հետազոտությունները և դասախոսությունը:

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են