1975 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի են արժանացել Լեոնիդ Կանտորովիչը (1912-1986թթ․) և Տյալլինգ Կուպմանսը (1910-1985թթ․) «ռեսուրսների օպտիմալ բաշխման տեսության զարգացման գործում ունեցած ներդրման համար»:


Լեոնիդ Կանտորովիչը ծնվել է 1912թ-ին  Ռուսական կայսրության (այժմյան Ռուսաստան) Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Նրա ամբողջ աշխատանքային գործունեությունը կապված է եղել Ռուսաստանի հետ, որտեղ էլ նա կրթվել, աշխատել և ապրել է մինչև իր կյանքի վերջը։


Կանտորովիչը 1930 թ-ին՝ 18 տարեկան հասակում, ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը (ներկայումս՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան), իսկ 1935թ-ին` 23 տարեկան հասակում, ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների պրոֆեսորի գիտական կոչում։ Նա մաթեմատիկոս էր, ով հետաքրքված էր տնտեսական հիմնարար խնդիրների լուծմամբ և փորձում էր մաթեմատիկական մեթոդները կիրառել խորհրդային տնտեսության խնդիրների լուծման գործում։


1938թ-ին Կանտորովիչը խորհրդատվություն էր մատուցում խորհրդային արտադրական գործարաններից մեկին` արտադրական գործընթացի արդյունավետության բարձրացման հարցի շուրջ։ Սա սահմանափակ ռեսուրսներով առավելագույն արդյունք ստանալու դասական տնտեսագիտական խնդիր էր, սակայն Կանտորովիչը դրան մոտենում է որպես մաթեմատիկական խնդրի։ Մեթոդը, որը նա մշակեց այդ խնդիրը լուծելու համար այսօր հայտնի է գծային ծրագրավորում անվանմամբ։ 1939թ-ին լույս տեսավ Կանտորովիչի «Արտադրության կազմակերպման և պլանավորման մաթեմատիկական մեթոդներ» գրքույկը, որը ինչ-որ տեղ ամփոփում էր գծային ծրագրավորման տեսությունները, ներկայացնում էր գծային ծրագրավորման խնդիրների լուծման հիմնական ալգորիթմները, նվիրված էր մաթեմատիկական մեթոդների օգնությամբ տնտեսագիտական խնդիրների լուծմանը։


Հաշվի առնելով աշխատանքի ռազմավարական նշանակությունը Խորհրդային Միության համար՝ գրքույկը ի սկզբանե չի թարգմանվում այլ լեզուներով, տպագրվում է 1000 օրինակով և տարածվում միայն ԽՍՀՄ-ում։ Արդեն 1950-ականներին իր միջազգային գործընկերների և մասնավորապես Նոբելյան մրցանակը իր հետ կիսող Տյալլինգ Կուպմանսի ջանքերի շնորհիվ այս գրքույկը թարգմանվում է անգլերեն, ինչի շնորհիվ էլ Կանտորովիչը ճանաչում է ձեռք բերում արևմտյան գիտական շրջանակներում։


1930-ականներին տնտեսական արդյունավետության բարձրացումը հռչակված էր որպես Խորհրդային Միության առաջնահերթ խնդիրներից մեկը և Կանտորովիչի մոտ միտք է առաջանում, որ գործարաններում արտադրական գործընթացների պլանավորման համար նրա մշակած օպտիմիզացման տեխնիկան կարող է կիրառելի լինել նաև ժողովրդական տնտեսության մակարդակով պլանավորման և արտադրության արդյունավետության բարձրացման համար։ Սակայն այս ուղղությամբ նրա աշխատանքը հանդիպում է ԽՍՀՄ գիտական շրջանակների և հատկապես Մարքսիստական դպրոցի հետևորդ իշխանության ներկայացուցիչների անհավանությանը՝ մաթեմատիկական մեթոդների կիրառության պատճառով։ Արևմուտքում տնտեսագիտության բնագավառում կիրառական մաթեմատիկայի դպրոցը հակամարքսիստական էր և խորհրդային իշխանությունները գտնում էին, որ մաթեմատիկական մեթոդները տնտեսագիտության մեջ գործիքն են կապիտալիստական կարգերը արդարացնելու համար։ Սակայն տարիների ընթացքում թե՛ գիտական շրջանակների, թե՛ իշխանությունների վերաբերմունքը փոխվում է Կանտորովիչի աշխատանքի նկատմամբ, Կանտորովիչին հաջողվում է ցույց տալ, որ մաթեմատիկայի կիրառությունը տնտեսագիտության մեջ կարող է օգնել շատ հիմնարար հարցերի լուծմանը։


1961-1971 թթ-ին Կանտորովիչը ղեկավարել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրի նորաբաց մասնաճյուղի տնտեսագիտության մեջ մաթեմատիկայի կիրառության հարցերով զբաղվող լաբորատորիան, իսկ 1971-1976 թթ-ին՝ Մոսկվայի ժողովրդական տնտեսության պլանավորման ինստիտուտի (ներկայումս ՌԴ Նախագահին կից Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիա) հետազոտական լաբորատորիան, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաներին ծանոթացնում էր կառավարման նոր մեթոդների հետ։ Իր աշխատանքով նա մեծ ավանդ է ունեցել ԽՍՀՄ-ում նոր մասնագիտության՝ տնտեսագետ-մաթեմատիկոսի մասնագիտության, զարգացման գործում և 1965թ-ին արժանացել է Լենինյան մրցանակի, որը տրվում էր ԽՍՀՄ-ում գիտության, տեխնիկայի, գրականության, արվեստի և ճարտարապետության ոլորտում կարևորագույն և ամենաբարձր ձեռքբերումների համար։


1959 թ-ին լույս է տեսնում Կանտորովիչի «Ռեսուրսների լավագույն օգտագործման տնտեսական հաշվարկը» գիրքը, որը համարվում է նրա ամենաճանաչված աշխատությունը։


Տյալլինգ Կուպմանսը ծնվել է 1910թ-ին Նիդերլանդներում։ 1927թ-ին նա ընդունվել է Ուտրեխտի համալսարան, որտեղ ուսանում էր մաթեմատիկա, սակայն «իրական կյանքին ավելի մոտ» բնագավառում կրթությունը շարունակելու ցանկությունը դրդեց նրան երեք տարի անց փոխել իր կրթության բնագավառը ֆիզիկայի իսկ այնուհետև՝ տնտեսագիտության։


1930-ականների տնտեսական ճգնաժամը գրավում է Կուպմանսի ուշադրությունը, նա սկսում է ուսումնասիրել ճգնաժամով պայմանավորված տնտեսական խնդիրները, ընկերանում է սոցիալիստական հայացքներով մի խումբ ուսանողների հետ և սկսում է ուսումնասիրել Կարլ Մարքսի «Կապիտալը», որի 1-ին հատորը տնտեսագիտությունից կարդացած նրա առաջին գիրքն էր։ Այս տարիներին աստիճանաբար տարածում էր ստանում տնտեսագիտության մի նոր ճյուղ, որը կիրառում էր մաթեմատիկական մեթոդներ և մոդելներ տնտեսագիտական հարցերի ուսումնասիրության համար (հետագայում այս ճյուղը կստանա էկոնոմետրիկա անվանումը) և որի առաջամարտիկ էր մեկ այլ հոլանդացի գիտնական Յան Թինբերգենը (ով 1969-ին Ռագնար Ֆրիշի հետ կկիսի տնտեսագիտության բնագավառում առաջին Նոբելյան մրցանակը)։ Ինչպես և Կուպմանսը՝ Թինբերգենը ֆիզիկայի բնագավառում գիտական աստիճան ստանալուց հեռացել էր ֆիզիկայից տնտեսագիտությամբ զբաղվելու համար։ Թինբերգենը հրավիրում է նրան մասնակցելու ուսանողների փոքր խմբի համար իր շաբաթական դասախոսություններին, ինչպես նաև անհատապես պարապում է ապագա նոբելյան մրցանակակրի հետ։ Թինբերգենի խորհրդով Կուպմանսը սկսում է ավելի խորությամբ ուսումնասիրել էկոնոմետրիկա և վիճակագրություն:  


1940-ականներին բռնկված պատերազմը ստիպում է Կուպմանսին ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ, որտեղ նա սկսում է աշխատել որպես վիճակագիր։ Այստեղ իր աշխատանքի նպատակն էր հասկանալ, թե ինչպես վերակազմակերպել բեռնափոխադրումները՝ տրանսպորտային ծախսերը նվազագույնի հասցնելու համար, հետագայում այդ խնդիրը տնտեսագետների շրջանում հայտնի էր դառնալու  որպես տրանսպորտային խնդիր։ Խնդրի լուծման մեթոդը, որն առաջարկել էր Կուպմանսը նման էր Կանտորովիչի մշակած մեթոդին, ում աշխատանքին նա այդ ժամանակ դեռևս ծանոթ չէր, ինչպես և Կանտորովիչը՝ Կուպմանսի աշխատանքին։ Ինչպես և Կանտորովիչը՝ Կուպմանսը միկրո մակարդակում ստացած աշխատանքի արդյունքները փոխադրեց մակրո մակարդակ (տնտեսության մակարդակ) և ցույց տվեց թե ինչպես բաշխել ռեսուրսները տնտեսության արդյունավետության հասնելու համար։


1944-1955թթ․ Կուպմանսը աշխատել է ԱՄՆ Չիկագոյի համալսարանում, այնուհետև 1955թ-ից մինչև 1981թ-ին թոշակի անցնելը՝ Յելի համալսարանում։ 1946թ-ին նա ստացել է ԱՄՆ քաղաքացիություն, և եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են