
1981 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել ամերիկացի տնտեսագետ Ջեյմս Թոբինը (1918-2002թթ․) «ֆինանսական շուկաների և ծախսերի վերաբերյալ որոշումների, զբաղվածության, արտադրության և գների վրա այդ շուկաների ազդեցության վերաբերյալ վերլուծությունների համար»:
Ջեյմս Թոբինը ծնվել է 1918 թվականին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում, 1935 թվականին ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ ստացել է տնտեսագիտության բակալավրի և մագիստրոսի աստիճան, իսկ 1947 թվականին՝ պաշտպանել դոկտորական ատենախոսություն։ Տնտեսագիտությունը, որպես մասնագիտություն ընտրելու իր դրդապատճառների մասին խոսելիս Թոբինը ասում է՝ «տնտեսագիտությամբ տարվելը շատ հեշտ էր, որովհետև ակնհայտ էր, որ այն ամենը ինչ սխալ էր աշխարհում մեծ առնչություն ուներ տնտեսագիտության հետ»:
1930-ականների Մեծ ճգնաժամի տարիներին Թոբինը առաջին անգամ ծանոթացել է Ջոն Մեյնարդ Քեյնսի աշխատություններին և տարվել նրա գաղափարներով, որոնք խրախուսում էին պետության ներգրավվածությունը տնտեսության մեջ։ Ինչպես ինքն էր նշում՝ տնտեսագիտության բնագավառում իր ջանքերը ուղղված էին քեյնսական տնտեսագիտության տեսության համար ավելի ամուր հիմքերի ստեղծմանը և հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականությունների դերերի հստակեցմանը։ Շատերը Թոբինին համարում են ամերիկյան ամենանշանավոր քեյնսական տնտեսագետը։
Թոբինը պնդում էր, որ դրամավարկային քաղաքականության ազդեցությունը թողարկման և գործազրկության վրա հնարավոր չէ կանխատեսել հիմնվելով միայն տոկոսադրույքի կամ փողի զանգվածի աճի տեմպի վրա։ Օրինակ, ժամանակին տարածված տեսությունների համաձայն դրամավարկային քաղաքականության արդյունքում փոփոխվող տոկոսադրույքները ուղղակիորեն ազդում են ներդրումների դինամիկայի վրա և դրա միջոցով նաև տնտեսության վրա։ Սակայն Թոբինը համամիտ չէր այս պարզեցված մոտեցման հետ և գտնում էր, որ մինչդեռ տոկոսադրույքների փոփոխությունը կարևոր գործոն է ներդրումների համար, բայց դա միակ գործոնը չէ․ այլ գործոններ ևս, ինչպես օրինակ սպասումները, կարևոր ազդեցություն ունեն ներդրումների դինամիկայի վրա։ Նա ներմուծել է Թոբինի q գործակիցը (անգլ․՝ Tobin’s q), որը հաշվարկվում է ընկերության ակտիվների շուկայական արժեքը հարաբերելով դրանց փոխարինման արժեքին։ Գործակիցը օգնում է կանխատեսել ներդրողների վարքագիծը և ցույց է տալիս, որ տնտեսավարող սուբյեկտների ներդրումային որոշումները կախված են ապագայում սպասվող տնտեսական վիճակից: Եթե կոնկրետ ակտիվի (շենքեր, շինություններ, մեքենաներ, սարքավորումներ) q գործակիցը փոքր է մեկից, այսինքն՝ ակտիվի շուկայական արժեքը նրա փոխարինման արժեքից ցածր է, ապա դա նշան է, որ նոր ներդրումները նմանատիպ ակտիվներում շահավետ չեն և հակառակը՝ եթե մեծ է մեկից, ձևավորվում են դրական սպասումներ, ինչը նշանակում է, որ ներդրումները նոր կապիտալ ձեռք բերելու կամ կառուցելու մեջ կավելանան։
Տնտեսագիտության մեջ Թոբինի հաջորդ կարևոր ներդրումներից է ներդրումային պորտֆելի ընտրության տեսությունը (անգլ․՝ portfolio-selection theory), որի համար էլ տնտեսագետն արժանացել է Նոբելյան մրցանակի։ Մինչև այդ տնտեսագիտության մեջ հիմնականում միայն փողն էր դիտվում որպես ներդրումների հիմնական միջոց։ Թոբինը ցույց է տվել, որ տնային տնտեսությունները կամ տնտեսավարող սուբյեկները իրենց ներդրումային պորտֆելները կառուցելիս դիտարկում են ոչ միայն ֆինանսական այլև իրական ակտիվները, և հետևաբար նրանց ներդրումային որոշումների վրա ազդում են ավելի շատ գործոններ, քան ընդունված էր դիտարկել, այդ թվում իրական և/կամ ֆինանսական ակտիվների սպասվող շահութաբերությունը և ռիսկայնությունը։ Նա մշակել է ֆինանսական և իրական ակտիվների համար ընդհանուր հավասարակշռության տեսություն և ուսումնասիրել ֆինանսական շուկայի և անշարժ գույքի շուկայի միջև փոխկապվածությունը։ Այս տեսության միջոցով նա ցույց է տվել, թե ինչպես են դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները ազդում արտադրության, զբաղվածության, գնաճի և այլ գործոնների վրա՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումային պորտֆելի կառուցվածքի փոփոխության միջոցով։
1970-ականներին Թոբինը առաջարկեց արտարժույթի առուվաճառքի գործառնությունների նկատմամբ սահմանել հարկ՝ ցածր դրույքաչափով (0.1-1% միջակայքում)։ Այս հարկատեսակը տարածում ստացավ Թոբինի հարկ անվանմամբ (անգլ․՝ Tobin tax)։ Այս հարկատեսակը պետք է ծառայեր «տաք փողերի» սպեկուլյատիվ հոսքերը զսպելու համար։ Այն նախատեսված չէր երկարաժամկետ ներդրումների վրա ազդելու համար և որքան կարճ է ներդրումային ցիկլը (այսինքն՝ արժույթը գնելու և վաճառելու միջև ընկած ժամանակահատվածը), այնքան բարձր է հարկի արդյունավետ դրույքաչափը՝ այդպիսով ստեղծելով շուկայական խթաններ ներդրումային հորիզոնը ընդլայնելու համար: Հետագայում այս հարկատեսակը առաջարկվում էր ներդնել այլ նպատակներով ևս (օրինակ՝ համաշխարհային նշանակության ինչ-որ խնդիրների լուծման համար), ինչին Թոբինը դեմ էր հանդես գալիս։ Թոբինի հարկը կիրառվում է մինչ օրս (հատկապես տարածվել է 2000-ակաների ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո)։ Վերջին տասնամյակներում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, Շվեդիան, ԵՄ երկրները (Financial Transactions Tax, FTT) ներդրել են այս հարկատեսակը կամ դրա փոփոխված տարբերակը։
1950-ականներին Թոբինը աշխատանքի առաջարկ է ստացել Յեյլի համալսարանից, որտեղ և անց է կացրել իր ակադեմիական կարիերայի մեծ մասը, բացառությամբ 1961-1962 թվականներին, երբ եղել է ԱՄՆ նախագահ Ջոն. Ֆ. Քենեդիի տնտեսական հարցերով խորհրդականը։