prices rates

2023 թվականի օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը աճել է 16.1 դրամով կամ 4.2%-ով։ Հասկանալու համար, թե արդյոք գոյություն ունի կապ այդ շրջանում ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին օրական փոխարժեքի տատանումների և սպառողական ապրանքների գների աճի միջև՝ ACSES վերլուծական կենտրոնը (Սոցիալտնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնև Datamotus ընկերությունը իրականացրել են Երևան քաղաքի հինգ խոշոր սուպերմարկետներում 27,319 ապրանքային միավորների գների ուսումնասիրություն։

Ինչպես է փոխվել դրամ/դոլար փոխարժեքը

Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը աճել է 16.1 դրամով կամ 4.2%-ով։ Հոկտեմբերի 4-ին դրամի միջին փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է 429.1 դրամի՝ սեպտեմբերի 18-ի համեմատ (նախքան Արցախում ռազմական գործողությունների սկիզբը) աճելով 43.3 դրամով (11.2%): Հոկտեմբերի վերջին դրամ/դոլար փոխարժեքը սկսել է որոշակիորեն կայունանալ 402 դրամի շուրջ՝ այնուամենայնիվ, շարունակելով մնալ ավելի բարձր մակարդակի վրա, քան օգոստոսին։

Ինչպես են փոխվել պարենային ապրանքների գները

Մենք ուսումնասիրել ենք Երևան քաղաքի հինգ խոշոր սուպերմարկետներում 2023 թվականի օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում 27,319 ապրանքային միավորների գները։ Դրանցից 8,464-ի կամ 31%-ի մոտ օգոստոս-հոկտեմբերին դիտվել է գնային փոփոխություն։ Ինչպես երևում է գծապատկերից՝ գնային փոփոխություն արձանագրած ապրանքների տեսակարար կշիռները տարբեր սուպերմարկետներում տարբերվում են ու տատանվում են 24.3%-43.3%-ի միջակայքում։

Ինչպես են փոխվել սպառողական զամբյուղի Top-10 պարենային ապրանքների գները

ՀՀ սպառողական զամբյուղի մեջ մտնող առաջին տասը պարենային ապրանքների գների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս տարվա օգոստոս-հոկտեմբերին առաջնային պարենային ապրանքների գները մեծամասամբ փոփոխվել են։ Բացառություն են կազմում ցորենի հացը և լավաշը, որոնց գները մնացել են անփոփոխ, իսկ ամենամեծ գնաճը գրանցվել է կարտոֆիլի դեպքում։ Այսպես, հոկտեմբերի 30-ին օգոստոսի 1-ի համեմատ կարտոֆիլի գինը աճել է 54%-ով։ Դիտարկված սուպերմարկետներում հավի ձվի գինը միջինում աճել է 8%-ով, արևածաղկի յուղի և ցորենի ալյուրի գները՝ 6%-ով, սերուցքային կարագի գինը՝ 5%-ով, տավարի մսի գինը՝ 3%-ով, իսկ կովի կաթից պանրի գինը՝ 2%-ով, այնինչ հավի մսի գինը նվազել է 1%-ով։

Գների և փոխարժեքի միջև փոխկապվածությունը

Հասկանալու համար, թե արդյոք  գնային փոփոխություն արձանագրած ապրանքների գների փոփոխությունը կապված էր դրամ/դոլար փոխարժեքի տատանումների հետ, թե ոչ, մենք իրականացրեցինք կոռելյացիոն վերլուծություն, որի արդյունքում պարզվեց, որ ուսումնասիրված սուպերմարկետներից երեքում ապրանքների գների և դրամ/դոլար փոխարժեքի միջև կապը հիմնականում թույլ կամ շատ թույլ է, իսկ երկուսի մոտ՝ հիմնականում չափավոր։ Այնուամենայնիվ բոլոր սուպերմարկետներում հայտնաբերվել են ապրանքներ, որոնց գների աճի և փոխարժեքի աճի միջև կա ուժեղ կապ։ Ընդ որում, ուժեղ կամ շատ ուժեղ կապ արձանագրած ապրանքներից գրեթե բոլոր սուպերմարկետներում կան սպառողական զամբյուղի մեջ ներառված այնպիսի ապրանքներ, ինչպես օրինակ միրգ ու բանջարեղեն (խնձոր, լոլիկ), թխվածքաբլիթներ ու շոկոլադե կոնֆետներ, բուսական յուղ, պանիր, կարագ և այլն։ Դիտարկված սուպերմարկետներում ուժեղ կամ շատ ուժեղ կապ արձանագրած ապրանքների մեջ գերակշռում են ներմուծված ապրանքները։

Կոռելյացիոն գործակիցը (r) ցույց է տալիս՝ ինչպես են փոփոխականները փոխկապված միմյանց հետ։ Գործակիցը տատանվում է [-1,1] միջակայքում։ 1-ին ձգտող ցուցանիշը ցույց է տալիս, որ երկու փոփոխականների միջև կա ուժեղ դրական կապ, զրոյին ձգտող գործակիցը ցույց է տալիս փոխկապվածության բացակայություն։ Կոռելյացիոն գործակիցը ցույց է տալիս երկու փոփոխականների միջև կապի սերտությունը, բայց ոչ պատճառահետևանքային հարաբերությունները։

Դրական կապը ավելի վառ արտահայտված էր Սուպերմարկետ 1-ի դեպքում, որտեղ փոխարժեքի փոփոխության հետ ամենաուժեղ դրական կապ ունեցող ապրանքներն էին BazarCo ապրանքանիշի գառան կրծքամիսը և գառան բուդը, Доярушка ապրանքանիշի սերուցքային կարագը, Anchor ապրանքանիշի սերուցքային կարագը, Qualiko ապրանքանիշի հավի սառեցված բուդը:

Այսպիսով, չնայած ուսումնասիրված ապրանքների և դրամ/դոլար փոխարժեքի փոփոխության միջև կապը դիտարկված սուպերմարկետներում հիմնականում թույլ կամ չափավոր էր, այնուամենայնիվ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր սուպերմարկետներում կան ապրանքներ, որոնց գների փոփոխությունների ու փոխարժեքի աճի միջև դիտվել է ուժեղ դրական կապ։ Ընդհանուր առմամբ բացահայտվել է նման 503 ապրանք։

Ամբողջական ուսումնասիրությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ «Պարենային ապրանքների գների զգայունությունը դոլարի փոխարժեքից»։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են