Հայաստանը մինչև 2021թ-ը ԵՄ հետ առևտրային հարաբերություններում օգտվում էր GSP+ արտոնյալ ռեժիմից, որի շրջանակում շատ ապրանքախմբերի համար կիրառվում էին ներմուծման արտոնյալ սակագներ։ Սակայն 3 տարի շարունակ լինելով վերին միջին եկամտային խմբի երկիր` Հայաստանը 2022թ-ի հունվարի 1-ից զրկվեց GSP+ արտոնյալ ռեժիմից։

Արտոնյալ մաքսային ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը հատկապես սրվեց 2026թ-ին, երբ հայկական ծագման ոչ մետաղական արտադրանքի իրացման հիմնական շուկայում՝ Ռուսաստանում, խոչընդոտներ առաջացան ապրանքների ներմուծման հետ։ Մայիսից կիրառված ՌԴ սահմանափակումների պատճառով 2026թ-ին Հայաստանի արտահանման գծով հնարավոր կորուստները, այլ հավասար պայմաններում, կարող են հասնել մինչև 260 մլն ԱՄՆ դոլարի, ինչը համարժեք է 2025թ-ի Հայաստանի ամբողջ ապրանքային արտահանման (ներառյալ վերաարտահանումները)  3.1%-ին, իսկ տեղական արտադրանքի արտահանման՝ մոտ 7.4%-ին։ Միաժամանակ, Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ այլ երկրներ իրականացվող տարանցիկ արտահանման հնարավոր կորուստը 2026թ-ին գնահատվում է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար։

Նպատակ ունենալով մեղմել ճնշումը Հայաստանի տնտեսության վրա՝ օրերս՝ սեպտեմբերի 2-ին, Եվրոպական միության (ԵՄ) խորհուրդը հավանություն է տվել հայկական ծագման արտադրանքի նկատմամբ առևտրային ազատականացման ժամանակավոր միջոցառումներին (autonomus trade measures)։

Առևտրի ազատականացման ԵՄ առաջարկը նախատեսվում է քննարկել Եվրոպական խորհրդարանի առաջիկա նիստում․ հավանության արժանանալու դեպքում հայկական ծագման արտադրանքի մեծ մասը ազատվելու է ներմուծման տուրքերից երկու տարով, միաժամանակ, ԵՄ շուկայի պաշտպանության շրջանակում, որոշ արտադրատեսակների նկատմամբ կիրառվելու են սակագնային քվոտաներ։ Այս հոդվածում փորձել ենք գնահատել այդ միջոցառումների իրական մեծությունը և հնարավոր հեռանկարները։


Դեպի ԵՄ արտահանման ո՞ր մասն է «կանաչ լույս» ստանում

2025թ-ին Հայաստանից ԱՏԳ ԱԱ 8-անիշ դասակարգման 1166 ծածկագրերով ԵՄ է արտահանվել 667 մլն ԱՄՆ դոլարի ապրանք։ Եթե հետահայաց դիտարկելու լինենք, այդ արտոնությունները վերաբերում են նշված 1166 ծածկագրերից 1100-ին, իսկ դրամական արժեքով՝ 667 մլն ԱՄՆ դոլարից 400 մլն-ին։ Ըստ ԵՄ գնահատականի՝ միջոցառումների կյանքի կոչման պարագայում պակաս վճարվող տուրքերի տարեկան ծավալը կկազմի մոտ 3 մլն եվրո (2027թ-ին 2․475 մլն եվրո, 2028թ-ին 2․97 մլն եվրո)։ Դեպի ԵՄ արտահանման առաջատար ապրանքախմբերի շարքում արտոնյալ ռեժիմը չի վերաբերում միայն մոլիբդենի, պղնձի և ցինկի հանքաքարի ու խտանյութի արտահանմանը, սակայն այն վերաբերում է այլ առաջատարների, օրինակ՝ ֆեռոմոլիբդենի, ալյումինե փայլաթիթեղի, հագուստի արտահանմանը։


ԵՄ արտահանման պոտենցիալը կարող է մեծանալ

Առևտրի ազատականացման շրջանակում ԵՄ ներմուծման մաքսատուրքից ազատված ապրանքատեսակների արտահանումը զգալի կշիռ ունի նաև Հայաստանի ամբողջ արտահանման մեջ։ Մեր գնահատականերով 2025թ-ին Հայաստանից արտահանվել է մոտ 3.5 մլրդ ԱՄՆ դոլարի հայկական ծագման արտադրանք, որի 2/3-ից ավելին բավարարում է առաջարկվող արտոնություններին։

Զուգորդվելով կառավարության արտահանման խթանման միջոցառումների հետ՝ այս արտոնությունները կարող են փոխել մեր արտահանման դիվերսիֆիկացման մակարդակը՝ դեպի ԵՄ ուղղելով նաև այն հոսքերը, որոնք առաջ ուղղվում էին դեպի ԵԱՏՄ, մասնավորապես Ռուսաստան։ Միջոցառումների շրջանակում ներմուծման տուրքից ազատվում են 2025թ-ի տվյալներով դեպի ՌԴ արտահանված ապրանքախմբերի 8-անիշ դասակարգմամբ ծածկագրերի 91%-ը։


Սակագնային քվոտաներ որոշ ապրանքատեսակների նկատմամբ

Այնուամենայնիվ, պտուղ-բանջարեղենի մասով կան որոշակի սահմանափակումներ, քանի որ զրոյական սակագներով ԵՄ ներմուծման դեպքում սահմանված են քվոտաներ, մասնավորապես՝ ծիրանի, խաղողի, սալորի, դեղձի, բալի ու կեռասի, ելակի, վարունգի ու տանձի համար։ Սահմանված քվոտան գերազանցելուց հետո կիրառվում են ռեգուլյար սակագները։ Ինչպես երևում է գծապատկերից, շատ դեպքերում սակագնային քվոտաները էականորեն քիչ են 2025թ-ի փաստացի արտահանման ցուցանիշներից, օրինակ՝ սալորի դեպքում քվոտան փաստացի արտահանման ընդամենը 13%-ն է, իսկ ծիրանի դեպքում՝ 16%:

Նշված փոքր ծավալները ոչ այնքան պայմանավորված են ԵՄ-ի՝ սեփական շուկան պաշտպանելու մտադրությամբ, որքան ԵՄ մեթոդաբանությամբ ու պրակտիկայով։ Քվոտաների չափերը որոշվել են՝ հաշվի առնելով 2025թ-ին Հայաստանում գրանցված բիզնեսների կողմից կատարված արտահանումների տվյալները, որոնք հասանելի են ՄԱԿ-ի UN Comtrade տվյալների բազայում։ Մինչդեռ հատկապես պտուղ-բանջարեղենի դեպքում արտահանումների մեծ մասը կատարվում է ֆիզիկական անձանց կողմից։ Այս առումով, թերևս մեր կառավարությունը պետք է ավելի հետևողական լիներ՝ լիարժեք ներկայացնելու Հայաստանի թարմ պտուղ-բանջարեղենի արտահանողների շահերը։

Ամփոփելով կարող ենք ասել, որ առևտրի ազատականացման ծավալները իսկապես էական են, բայց արդյո՞ք Հայաստանը կկոտրի կախվածության կարծրատիպերն ու կվերագծի արտահանման նոր քարտեզ․ պատասխանը մեծապես կախված է հայկական բիզնեսի ու Կառավարության առաջիկա գործողություններից, նոր համալիր լոգիստիկ կարողությունների զարգացումը ժամանակի հրամայական է։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են