1. Տնտեսական աճը չի համընկել ո՛չ Կենտրոնական բանկի, ո՛չ էլ ֆինանսների նախարարության կանխատեսումներին

2021-ի տարեսկզբին կատարված տարբեր կանխատեսումներով ակնկալվում էր, որ ՀՀ տնտեսությունը 2021թ-ին կաճի 1-3.2%-ով։ Տարվա ընթացքում տնտեսության մի շարք ոլորտներում սպասվածից ավելի դրական միտումները պատճառ հանդիսացան, որ միջազգային կառույցները և ՀՀ պետական մարմինները վերանայեն իրենց կանխատեսումները։ Այսպես, վերջին կանխատեսումներով Հայաստանի տնտեսությունը 2021թ-ին պետք է աճեր 3.4-6.5%-ով:


Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների՝ 2021թ-ին Հայաստանում տնտեսական աճը կազմել է 5.7%, ինչը մասնավորապես 0.8%-ային կետով ցածր է ՀՀ Ֆինանսների նախարարության վերջին կանխատեսումներից և 1.5%-ային կետով բարձր՝ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումներից։


2021թ-ի ՀՆԱ-ի աճին առավելապես նպաստել են տնային տնտեսությունների սպառումը (2.6%-ային կետ) և համախառ կուտակումը (1.7%-ային կետ)։

Նպաստումը ՀՀ 2021թ-ի ՀՆԱ աճին, տոկոսային կետ

Աղբյուր՝ ՀՀ ՎԿ

2. Հայաստանում գրանցվել է վերջին տաս տարիների ընթացքում գնաճի ամենաբարձր մակարդակը

2021թ-ի հունվար-դեկտեմբերին գնաճը հանրապետությունում կազմել է 7.2%՝ գերազանցելով Կենտրոնական բանկի 4+/-1.5% թիրախային ցուցանիշը։ Գնաճի և գնաճային սպասումների արագացմանը հակազդելու նպատակով 2021-ին ՀՀ Կենտրոնական բանկն ընդհանուր առմամբ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2.5 տոկոսային կետով՝ 2021թ-ի դեկտեմբերի 14-ին հասցնելով 7.75%-ի:

 

2021թ-ի 7.2% գնաճին հիմնականում  նպաստել են Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախումբը (4.2%-ային կետ)։ Այս ապրանքախմբում, որը բնակչության սպառողական զամբյուղի մեջ ամենամեծ կշիռն ունի (41.66%), գնաճը կազմել է 11.2%։

 

Արձանագրված գնաճը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Մասնավորապես, արտաքին շուկաներում աճել են պարենային և ոչ պարենային ապրանքների գները՝ պայմանավորված բերքի ծավալների ցածր մակարդակով, բեռնափոխադրումների ծախսերի աճով, արտադրական շղթաների խաթարմամբ, առաջարկի նկատմամբ պահանջարկի առաջանցիկ աճով։ Գնաճին նպաստած ներքին գործոններից են 2020թ-ի համավարակով և Արցախում ռազմական գործողությունների հետևանքով բնակչության շրջանում  կուտակված պահանջարկի  դրսևորումները, արտասահմանից դրամական փոխանցումների աճը, ինչպես նաև տնտեսության վերականգնումը։

3. Հայաստանի արտահանումը անկախացումից ի վեր առաջին անգամ գերազանցել է 3 միլիարդ ԱՄՆ դոլարը

2021թ-ին Հայաստանի ապրանքային արտահանումը աճել է 19.1%-ով, իսկ ներմուծումը՝ 16.9%-ով։

 

Անցած տարի, Հայաստանի ներմուծումը կազմել է 5.4 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 773.5 մլն դոլարով կամ 16.9%-ով։

 Ապրանքային արտահանումը կազմել է 3․02 մլրդ դոլար, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 485.4 մլն դոլարով, որին ամենաշատը (167.5 մլն դոլարի չափով) նպաստել են հանքահումքային արտադրանքը (պղինձի խտանյութ), ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը (135.2 մլն դոլար), սննդի արտադրանքը (61 մլն դոլար)։

 

Ընդ որում, արտահանման աճը հիմնականում պայմանավորված էր միջազգային շուկաներում Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքների գների աճով և ոչ թե ֆիզիկական ծավալի աճով, ինչպես օրինակ պղինձի խտանյութի դեպքում։ Օրինակ, 2021թ-ին պղնձի խտանյութի արտահանումը Հայաստանից դոլարային արտահայտությամբ աճել է 27.3%-ով կամ  165 մլն դոլարով, իսկ արտահանման ֆիզիական ծավալը նվազել է 16%-ով կամ 80,394.4 տոննայով։ Սա նշանակում է, որ դոլարային արտահայտությամբ արտահանումը աճել է միջազգային գների բարձրացման շնորհիվ։

4․ Դրամը արժևորվել է դոլարի նկատմամբ

2021-ի դեկտեմբերին հունվարի համեմատ դրամ/դոլար միջին փոխարժեքը նվազել է շուրջ 7%-ով (36.06 դրամով): Դրամի արժևորումը դոլարի նկատմամբ տեղի է ունենում, նախևառաջ, երկիր դոլարի ներհոսքի աճի արդյունքում: 2021թ-ին ՀՀ բանկերի միջոցով արտասահմանից փոխանցված միջոցները կազմել է 2.1 մլրդ դոլար՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 15%-ով (ընդ որում 2015-2020թթ փոխանցված միջոցները տարեկան միջինում կազմում էին 1.75 մլրդ դոլար)։ Տարվա ընթացքում դրամի ամենամեծ արժևորումը դիտվել է տարվա առաջին կեսին (5% կամ 25.34 դրամ), այս ժամանակաշրջանում դրամի արժևորմանը նպաստած առավել հավանական գործոններից է նաև  ներմուծման նկատմամբ արտահանման առաջանցիկ աճի տեմպը։ 2021-ի հունվար-հունիսին Հայաստանի ապրանքային արտահանումն աճել է 23.2%-ով, իսկ ներմուծումը՝ 8.2%-ով։

5. Պետական պարտքը ավելացել է՝ տարեվերջին կազմելով 9.2 միլիարդ ԱՄՆ դոլար

Հայաստանի պարտքային բեռը 2021 թ-ին ավելացել է 1.2 մլրդ ԱՄՆ դոլարով՝ տարեվերջին հասնելով 9.2 մլրդ ԱՄՆ դոլարի: Չնայած դրան, պետական պարտքի պորտֆելի կառավարման բոլոր ուղենիշային ցուցանիշները մնացել են թիրախային միջակայքում, այլ կերպ ասած, թեև պետական պարտքը աճել է, այն դեռևս կառավարելի է։


Հարկ է նկատել, որ պետական պարտքի կառուցվածքում առաջանցիկ տեմպերով աճում է  ներքին պարտքը (հիմնականում ռեզիդենտների կողմից ձեռքբերված պետական պարտատոմսեր)։ 2021 թ-ին կառավարության ներքին պարտքը ավելացել է 31.7%-ով կամ 620.78 մլն դոլարով, իսկ արտաքին պարտքը ավելացել է 11.2%-ով կամ 621.94 մլն դոլարով։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են