Դրամի անվանական արդյունավետ փոխարժեքը 2022թ-ի մարտին 2019թ-ի հունվարի համեմատ աճել է 13%-ով, ինչը նշանակում է, որ ՀՀ դրամը 13%-ով արժևորվել է հիմնական գործընկեր երկրների արժույթներից բաղկացած զամբյուղի նկատմամբ։
Դրամի իրական արդյունավետ փոխարժեքը 2022թ-ի մարտին 2019թ-ի հունվարի համեմատ աճել է 5%-ով, ինչը նշանակում է, որ այլ հավասար պայմաններում, հիմնական գործընկեր երկրներում հայկական արտադրանքի գնային մրցունակությունը նվազել է 5%-ով։
Անվանական արդյունավետ փոխարժեքի ինդեքսը ցույց է տալիս տվյալ երկրի արժույթի գնի փոփոխությունը հիմնական գործընկեր երկրների արժույթների միջին կշռված զամբյուղի նկատմամբ: Որպես կշիռ վերցվում է արտաքին առևտրաշրջանառության մեջ յուրաքանչյուր գործընկեր երկրի մասնաբաժինը:
Իրական արդյունավետ փոխարժեքի ինդեքսը արտաքին մրցունակության գնահատման ցուցանիշ է, որը ցույց է տալիս տվյալ երկրի հարաբերական գների փոփոխությունը հիմնական գործընկեր երկրների միջին կշռված գների նկատմամբ՝ արտահայտված միևնույն արժույթով: Որպես կշիռ վերցվում է արտաքին առևտրաշրջանառության մեջ յուրաքանչյուր գործընկեր երկրի մասնաբաժինը: