2020թ-ի հունվար-հունիս ամիսներին արդյունաբերության ոլորտի թողարկումն աճել է 1.5%-ով, ինչը թույլ է տվել շուրջ 0.25-0.3%-ային կետով զսպել տնտեսական անկման տեմպը հանրապետությունում:
Արձանագրված 1.5% հավելաճին մետաղական հանքարդյունաբերության ենթաոլորտի նպաստումը կազմել է 4.3%-ային կետ, այլ կերպ ասած մշակող արդյունաբերության, էներգետիկայի և ջրամատակարարման ոլորտում անկում է գրացվել, և միայն շնորհիվ մետաղական հանքարդյունաբերության ենթաոլորտի տպավորիչ աճի (24.9%) հնարավոր է եղել չափավոր հավելաճ գրանցել։
Իր հերթին մետաղական հանքաքարի արդյունահանման ենթաոլորտի այսպիսի աճը 2020թ-ի առաջին կիսամյակում պայմանավորված է, այսպես կոչված, ցածր բազայի առկայությամբ։ Բանն այն է, որ Թեղուտի հանքավայրը մոտ 1.5 տարի չաշխատելուց հետո, վերագործարկվել է 2019թ-ի հուլիսին։ Սա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում, մենք չենք կարող ակնկալել, որ 2020թ-ի հուլիսից սկսած մետաղական հանքարդյունաբերության ենթաոլորտը կարող է էականորեն նպաստել տնտեսության անկման զսպմանը։