2020թ.-ի պետական բյուջեն պլանավորելիս կառավարությունը նախատեսել էր, որ պետական բյուջեի եկամուտները պետք է լինեն 1.695 տրիլիոն դրամ, իսկ ծախսերը՝ 1.856  տրիլիոն դրամ։ Սակայն COVID-19-ի համավարկը և արցախյան 2-րդ պատերազմը ստիպեցին էականորեն վերափոխել այդ ցուցանիշները, արդյունքում՝ 2020թ-ի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության համաձայն պետական բյուջեի եկամուտների փաստացի մեծությունը կազմել է 1.563 տրիլիոն դրամ (-7.8%), իսկ ծախսերը` 1.895 տրիլիոն դրամ (2.1%): Այս հոդվածաշարում՝ երկու հոդվածի տեսքով պատրաստվում ենք ներկայացնել 2020թ.-ի պետական բյուջեի կատարողականին վերաբերող առավել ուշագրավ 10 փաստ. առաջին հոդվածը վերաբերում է ընթացիկ ծախսերին և դեֆիցիտին։

Պարգևատրումներն աճել են 7.3%-ով

2020թ.-ին պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությունը կազմել է  176.1 մլրդ դրամ՝ շուրջ 2%-ով (3.5 մլրդ դրամ) ավել, քան 2019թ-ին։ Թեև բյուջեի կատարողականի հաշվետվությունում ֆինանսների նախարարությունը նշել է, որ նման աճը հիմնականում պայմանավորված է օրենքով սահմանված աշխատավարձերի դրույքաչափերի բնականոն աճով, դժվար չէ նկատել, որ իրականում այդ 3.5 մլրդ դրամից 2.5 մլրդ դրամը պարգևատրումների հավելաճն է։ Անդրադառնալով պարգևատրումներին՝ պետք է նշել, որ 2020թ-ին պետական հիմնարկների աշխատողները ստացել են 37.2 մլրդ դրամի պարգևատրում՝ 7.3%-ով ավել, քան նախորդ տարի։ Պետք է նշել, որ պարգևատրումների աճը համատարած չէ, ավելին, առանձին պետական հիմնարկների դեպքում նույնիսկ էական անկում է արձանագրվել, օրինակ, Ազգային ժողովում՝ 39%, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունում՝ 77%, իսկ աճ արձանագրվել է ոստիկանությունում՝ 43%, ՊԵԿ-ում՝ 35.2%։ Քանի որ հասարակության լայն շրջանակներում տարընկալումներ կան  պարգևատրումների հետ կապված, հարկ է նշել, որ պարգևատրումներ ստանում են ոչ միայն բարձրաստիճան պետական պաշտոնյաները, այլև պետական հիմնարկների աշխատողների մեծամասնությունը, այսինքն՝ խոսքը գնում է տասնյակ հազարավոր մարդկանց մասին։

Հանրությանը հուզող մեկ այլ կարևոր հարց է, թե ինչքան պարգևավճարներ են տրվել վերջին տարիներին. համաձայն ֆինանսների նախարարության տվյալների՝ 2018-2020թթ-ին պետական հիմնարկների աշխատողները ստացել են 84.1 մլրդ դրամի պարգևատրում։

Պետական բյուջեից ամեն ծախսած 1000 դրամից 188 դրամն ուղղվել է կենսաթոշակների վճարմանը

Վերջին երեք տարիներին կենսաթոշակների գծով ծախսերը շարունակաբար աճում են։ 2020թ-ին պետական բյուջեից կենսաթոշակների վճարմանն է ուղղվել 356.9 մլրդ դրամ՝ 11.8%-ով ավել, քան նախորդ տարի,  ինչը պայմանավորված է կենսաթոշակների միջին ամսական չափի աճով։ Մասնավորապես, գործող կառավարությունը իր 2019թ ծրագրում նպատակադրել էր պարբերաբար ավելացնել կենսաթոշակների միջին ամսական չափը՝ գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ ապահովելու նպատակով: Այսպես, 2020թ-ի հունվարի 1-ից աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափերը բարձրացվել են 16000 դրամից 18000 դրամի, ինչպես նաև աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար բարձրացել է 800 դրամից 950 դրամի, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1 500 դրամից 1 600 դրամի։

Հարկ է նշել, որ 2020թ-ին ընդհանուր կենսաթոշակառուների թիվը ավելացել է աննշան չափով, սակայն նոր նշանակված կենսաթոշակառուների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է (կազմելով 49103 մարդ), ինչը վկայում է, այսպես կոչված, բնակչության ծերացման միտումների մասին։ 

Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ 2020թ-ին կենսաթոշակի գծով ծախսերի մասնաբաժինը պետական բյուջեի ընդհանուր ծախսերի կառուցվածքում եղել է 18.8%, այլ կերպ ասած, պետական բյուեից ծախսված ամեն 1000 դրամից 188 դրամը ուղղվել է կենսաթոշակների վճարմանը, այն դեպքում, երբ պաշտպանությանն է ուղղվել 205 դրամը։

Երրորդ հանրապետության պատմության մեջ վճարվել է ամենաշատ տոկոսավճարը՝ գրեթե 165 մլրդ դրամ

2020թ-ին պետական պարտքի տոկոսավճարների վճարմանն է ուղղվել 164.8 մլրդ դրամ` 2%-ով պակաս, քան պլանավորված էր և 4.6%-ով ավել, քան նախորդ տարի, ինչը ռեկորդային մեծություն է երրորդ հանրապետության պատմության մեջ։

Պետք է նշել, որ 2020թ-ի տարեվերջի դրությամբ պետական պարտքը հասել է գրեթե 8 մլրդ դոլարի։ Չնայած դրան, պետական պարտքի պորտֆելի կառավարման բոլոր ուղենիշային ցուցանիշները մնացել են թիրախային միջակայքում, իսկ միջին տոկոսադրույքը նույնիսկ նվազել է 0.5%-ային կետով՝ հասնելով 4.3%-ի։ Այլ կերպ ասած, թեև պետական պարտքը 2020թ-ին աճել է, այն դեռևս կառավարելի է։

Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում, ինչպես նաև փոխարժեքի արժեզրկման ազդեցությամբ՝ չի հաջողվել ՀՀ կառավարության պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ պահել հարկաբյուջետային կանոններով սահմանված 60% սահմանային շեմից ներքև (2020թ-ին այն հասել 63.5%-ի)։ Կառավարությունը պետք է մշակի միջոցառումների ծրագիր առաջիկա հինգ տարիներին պարտքի բեռը 60%-ից նվազեցնելու համար։

Համայնքները պետական բյուջեից ստացել են 22%-ով ավել դրամաշնորհներ, քան 2019թ․-ին

2020թ-ին պետական բյուջեից համայնքներին տարբեր ծրագրերի գծով հատկացվել է 88.5 մլրդ դրամ՝ 22%-ով ավել, քան 2019թ-ին։

2020թ-ին հատկապես էական աճ է (2.2 անգամ) արձանագրվել կապիտալ սուբվենցիաների գծով։ Մասնավորապես, տարվա ընթացքում ՀՀ համայնքների կողմից ներկայացվել է 760 սուբվենցիոն նախնական հայտ ու տեխնիկական բնութագիր, որից միայն 705 սուբվենցիոն ծրագրերի մասով են կազմվել ամբողջական փաթեթներ և ներկայացվել համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը, որոնց ճնշող մեծամասնությունը (700) հավանության է արժանացել, ընդ որում՝ սուբվենցիաներ են ստացել նախատեսված 373 համայնքներից 343-ը։

2020թ․-ին պետական բյուջեի դեֆիցիտը նախնական պլանավորվածից ավել է եղել 173 մլրդ դրամով

Սկզբնապես 2020թ-ին հաստատված բյուջեով նախատեսված էր, որ պետական բյուջեի դեֆիցիտը լինելու է 160.6 մլրդ դրամ, սակայն հետագայում COVID-19-ի համաճարակը և արցախյան 2-րդ պատերազմը ստիպեցին, որ կառավարությունը որդեգրի ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն՝ դեֆիցիտը փաստացիորեն ընդլայնելով 173.3 մլրդ դրամով։

Պետք է նշել, որ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է 148.1 մլրդ դրամ, որը հիմնականում ապահովել են ֆինանսական կազմակերպությունները։

 

Հոդվածը սկզբնապես հրապարակվել է CivilNet.am կայքում։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են