2021թ.-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտների մասով ՀՀ պետական բյուջեն գերակատարվել է 27.9 մլրդ դրամով, ընդ որում՝ պաշտպանության նախարարության վճարած հարկերի նպաստումն այդ աճին կազմել է 6.1 մլրդ դրամ (գրեթե 22%):

Ապրիլի 15-ին Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է «2021թ.-ի 1-ին եռամսյակի առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը», որը կազմված է նոր մեթոդաբանության համաձայն։ Ի տարբերություն նախորդ հրապարակումների՝ հետայսու առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված են լինելու նաև խոշոր հարկատու պետական և համայնքային կառավարչական հիմնարկները։

Ինչքա՞ն հարկ են վճարել կառավարչական հիմնարկները

Համադրելի մեթոդաբանությամբ հաշվարկած՝ 2021թ.-ի 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ավելացել են 242 նոր հարկ վճարողներ, որոնցից 43-ը պետական և համայնքային կառավարչական հիմնարկներ են՝ նախարարություններ, մարզպետարաններ, տեսչական մարմիններ, համայնքապետարաններ և այլն։ Համաձայն ՊԵԿ տվյալների, 2021թ.-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված պետական և համայնքային կառավարչական հիմնարկները պետական բյուջե են վճարել շուրջ 25.6 մլրդ դրամի հարկեր և վճարներ, ինչը մոտ 5.6 մլրդ դրամով (28%) ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից։ Ընդ որում, 2021թ.-ի ընթացքում պետական և համայնքային կառավարչական հիմնարկների վճարած հարկերի և վճարների 85.8%-ը բաժին է ընկել եկամտային հարկին, 7.9%-ը՝ ԱԱՀ-ին, իսկ 6.3%-ը այլ հարկատեսակներին և վճարներին (պարտադիր սոցիալական վճար, դրոշմանիշային վճար և այլն)։

Անդրադառնալով առանձին հարկատեսակների գծով խոշոր հարկատու պետական և կառավարչական հիմնարկների վճարած հարկերին՝ պետք է նշել, որ մեծամասնության մոտ եկամտային հարկի գծով դիտվել է  նվազում, ինչը թերևս պայմանավորված է 2021թ.-ի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափի նվազմամբ (23%-ից 22%), ինչպես նաև փաստացի վճարված պարգևավճարների ծավալի կրճատմամբ։ Դատելով վճարած եկամտային հարկի մեծությունից (դրույքաչափի փոփոխությունը հաշվի է առնված)՝ վարձատրության ֆոնդի (աշխատավարձ, լրավճարներ, պարգևավճարներ և այլն) աճ է արձանագրվել միայն 7 պետական կառավարչական հիմնարկներում՝ պաշտպանության նախարարություն, վարչապետի աշխատակազմ, ոստիկանության կրթահամալիր, անձնագրային և վիզաների վարչություն, ԲՏԱ նախարարություն, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, նախագահի աշխատակազմ, ինչն էլ ենթադրաբար պայմանավորված է անձնակազմի թվի աճով:   Ի տարբերություն եկամտային հարկի՝ աճել են այլ հարկերը և վճարները, որը պայմանավորված է պարտադիր սոցիալական վճարների և դրոշմանիշային վճարների դրույքաչափերի աճով։

Ուժային կառույցները գլխավորում են խոշոր հարկատու պետական կառավարչական հիմնարկների ցանկը

Տվյալների մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիտարկված 42 մարմիններից 21-ի դեպքում 2021թ.-ի 1-ին եռամսյակում վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարած հարկերից և վճարներից ավել է եղել, հատկապես զգալի աճ է արձանագրվել պաշտպանության նախարարության պարագայում՝ շուրջ 6.1 մլրդ դրամ, ինչը հիմնականում պայմանավորված է մեծաքանակ պայմանագրային զինծառայողների ներգրավմամբ։

Ընդհանուր առմամբ, խոշոր հարկատու պետական կառավարչական հիմնարկների ցանկը գլխավորում է պաշտպանության նախարարությունը, որին հաջորդում են ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը, ընդ որում՝ պաշտպանության նախարարությունը արձանագրել է վճարած հարկերի և վճարների շեշտակի աճ (6.1 մլրդ դրամ)։ Համադրելով կառավարության մամլո հաղորդագրության հետ, ըստ որի 2021թ.-ի 1-ին եռամսյակում արձանագրվել է 27.9 մլրդ դրամի հարկային եկամուտների գերակատարում, կարող ենք փաստել, որ ՊՆ վճարած հարկերի նպաստումն այդ աճին եղել է շուրջ 22%:

Այսպիսով կարող ենք փաստել, որ 2021թ.-ի 1-ին եռամսյակում 43 պետական և 1 համայնքային կառավարչական մարմին ներառված են 1000 խոշոր հարկատուների ցանկում, որոնց ընդհանուր վճարած հարկերի մեծությունը կազմում է 25.6 մլրդ դրամ՝ 5.6 մլրդ դրամով ավել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2021թ.-ի հունվար-մարտին արձանագրված 27.9 մլրդ դրամի հարկային եկամուտների գերակատարմանը մեծապես նպաստել է ՊՆ կողմից վճարված հարկերի աճը։

 

Հոդվածը սկզբնապես հրապարակվել է CivilNet.am կայքում։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են