2020թ.-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը (ՕՈՒՆ) կազմել է շուրջ $500 մլն, ինչը մոտ 16%-ով ավելի քիչ է, քան 2019թ.-ին և 30%-ով ավելի քիչ քան 2015թ.-ին։

Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում

Վերջին հինգ տարիների ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը դեպի Հայաստան շարունակաբար նվազել է, սակայն 2020թ.-ին COVID-19-ի և պատերազմի հետևանքով անկման տեմպն էականորեն արագացել է՝ հասնելով շուրջ 16%-ի:

Հիշեցնենք, որ օտարերկրյա ուղղակի ներդրում (ՕՈՒՆ) է համարվում օտարերկրյա ներդրողի կողմից ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպության կապիտալում ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ բաժնեմասի առնվազն 10%-ի ձեռք բերումը և շարունակաբար ներդրումների իրականացումը: ՕՈՒՆ-երը, ի տարբերություն այլ տեսակի ներդրումների, ապահովում են ռեզիդենտ կազմակերպությունում կա՛մ լիարժեք վերահսկողություն, կա՛մ որոշումների կայացման վրա էական ազդեցության իրավունք:

2020թ.-ին ՀՀ իրական հատվածում կատարվել է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի գերակշիռ մասը (84.5% կամ 421 մլն ԱՄՆ դոլար) ուղղվել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտ, ինչը թերևս սպասելի էր, քանի որ մի շարք լայնամասշտաբ ներդրումային նախագծեր են իրականացվում այս ոլորտում, ներառյալ՝ ատոմակայանի վերազինման նախագիծը, «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտայիկ էլեկտրակայանի նախագիծը, բարձրավոլտ օդային էլեկտրագծերի և ենթակայանների տարբեր նախագծեր։

 

Անդրադառնալով ՕՈՒՆ ներհոսքի աշխարհագրական բաշխվածությանը՝ պետք է նշել, որ առաջատարը Ռուսաստանն է. 2020թ.-ին ՕՈՒՆ ներհոսքի շուրջ 74%-ը ստացվել է Ռուսաստանից, որին հաջորդում են՝ Գերմանիան (5%) և Լյուքսեմբուրգը (4%):

 

Անշուշտ, սպասելի էր ՕՈՒՆ ներհոսքի նվազումը 2020թ.-ին, սակայն նախնական ցուցանիշները ցույց են տալիս, որ Հայաստանում արձանագրված անկումն (16%) ավելի մեծ է, քան զարգացող երկրների համարժեք ցուցանիշը (12%)։ Համաձայն ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի տվյալների (UNCTAD)՝ 2020թ.-ին ՕՈՒՆ համաշխարհային ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 42%-ով, ընդ որում՝ զարգացող երկրներում անկումը եղել է 12%, իսկ զարգացած երկրներում՝ 69%:  Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Հայաստանում ՕՈՒՆ ներհոսքի անկումն ավելի մեղմ է եղել քան ԵԱՏՄ այլ երկրներում, ինչպես օրինակ Բելառուսը (17%), Ղրղզստանը (56%), Ռուսաստանը (95%): Ի հեճուկս համաշխարհային միտումների Ադրբեջանում գրանցվել է ՕՈՒՆ ներհոսքի աճ. 2020թ.-ին ՕՈՒՆ ներհոսքը Ադրբեջանում աճել է 5.9%-ով:

Տնտեսության մեջ իրականացված ներդրումներն արտացոլող ևս մեկ կարևոր ցուցիչ է հիմնական միջոցների համախառն կուտակման ցուցանիշը, որն իրենից ներկայացնում է ռեզիդենտ-միավորների կողմից շենքերի, շինությունների, մեքենաների, սարքավորումների և այլ հիմնական միջոցների մեջ իրականացված ներդրումները: Քանի որ հիմնական միջոցների մեջ ներդրումները իրականացվում են ապագայում նոր եկամտի ստեղծման համար, կարելի է ասել, որ այդ ցուցանիշը ինչպես արտացոլում է հասարակության վստահությունը ապագայի նկատմամբ, այնպես էլ հանդիսանում է երկրարաժամկետ կայուն տնտեսական աճի կարևոր գրավականներից մեկը:

Նախորդ տարվա ապրիլից Հայաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, տնտեսական ակտիվությունը կտրուկ անկում ապրեց՝ կապված երկրում սահմանված արտակարգ դրության և դրանից բխող տնտեսական գործունեության սահմանափակումների հետ: Արդյունքում հիմնական միջոցների համախառն կուտակման ցուցանիշը 2020թ. ապրիլ-հունիս ամիսներին վերջին 10 տարիների համար աննախադեպ 28.8% անկում գրանցեց: Սակայն հիմնական միջոցներում ներդրումների անկումը սկսվել էր ավելի վաղ՝ առաջին եռամսյակում, ինչը 2017թ. հունվար-մարտի ամիսներից ի վեր (0.6% անկում) այս ցուցանիշի առաջին անկումն էր (-7%):

Անցած տարվա երկրորդ եռամսյակի կտրուկ անկումից հետո երրորդ եռամսյակում հիմնական միջոցների համախառն կուտակման անկումը մեղմվեց հասնելով 7.6%-ի իսկ չորրորդ եռամսյակում՝ 0.6%-ի: Ենթադրաբար անկման տեմպի այս մեղմմանը նպաստել են COVID-19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները, ներառյալ, 2020թ.-ի հունիսի 1-ին  ԱԺ-ի ընդունած Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծը, որով սահմանվում էր  մաշվածության հաշվառման արագացված ռեժիմ (1 տարի) 01.07-31.12.2020թ.-ի ժամանակահատվածում ձեռք բերվող հիմնական միջոցների համար, ինչը ենթադրաբար խրախուսել է ներդրումները։

Ընդհանուր առմամբ, 2020թ.-ին հիմնական միջոցների համախառն կուտակումը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 8.6%-ով, իսկ երբ դիտարկում ենք վերջին 5 տարիների միտումը, պարզ է դառնում, որ հիմնական միջոցների  համախառն կուտակման ցուցանիշը նվազելով գրեթե հավասարվել է 2017թ.-ի բացարձակ ցուցանիշին։

2020թ.-ին Հայաստանում հիմնական միջոցների համախառն կուտակումը կազմել է ՀՆԱ 16.6%, ինչը ցածր է տարածաշրջանի այլ երկրների համեմատ, այլ կերպ ասած, տարածաշրջանի երկրները երկարաժամկետ տնտեսական աճի ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում իրենց համար, քան թե Հայաստանը:

Ինչպես ցուցադրված է վերոնշյալ գծապատկերում, այս ցուցանիշով Հայաստանը 2020թ.-ին 5.2 տոկոսային կետով զիջել է Ռուսաստանին, 6.9 տոկոսային կետով Ադրբեջանին, 7.9 տոկոսային կետով Վրաստանին և 10.4 տոկոսային կետով Բելառուսին:

Ամփոփելով պետք է նշել, որ COVID-19 և արցախյան երկրորդ պատերազմը էականորեն ազդել են և՛ տեղական, և՛ օտարերկրյա ներդրումների վրա, թեև կառավարությունը որոշակի միջոցառումներ է ձեռնարկել բացասական հետևանքները մեղմելու համար, սակայն դրանց ազդեցությունը բավականին սահմանափակ է եղել։ Այս և հաջորդ տարիներին կառավարության առաջնահերթություններից պետք է լինի ներդրումների ծավալի վերականգնումը տնտեսության իրական հատվածում, որպեսզի ապահովվեն նպաստավոր պայմաններ երկարաժամկետ հորիզոնում կայուն տնտեսական աճի համար։

 

Հոդվածը սկզբնապես հրապարակվել է CivilNet.am կայքում։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են