Թուրքիան առաջին երկրներից մեկն էր, որը 1991թ.-ին ճանաչեց Հայաստանի անկախությունը՝ ՀԽՍՀ սահմաններով, սակայն հրաժարվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Անկախության առաջին տարիներին թեև հայ-թուրքական սահմանի Կարս-Գյումրի և Ալիջան-Մարգարա սահմանադռները շրջափակված չէին, բայց հազվադեպ էին գործում։ Այդպիսի եզակի դեպքերից էր, երբ 1992թ.-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի պարենի նախարարության և Թուրքիայի առևտրի նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա Թուրքիան 52 հազ․ տոննա ցորեն ուղարկեց Հայաստան և նաև թույլ տվեց իր տարածքով տարանցել Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադի՝ Հայաստանին նվիրած, 12 հազ․ տոննա ցորենը։ Բացի այդ, հայ-թուրքական սահմանի առանձին հատվածներում ռուս սահմանապահների թողտվությամբ ակտիվորեն զարգանում էր մաքսանենգ առևտուրը։ Հետագայում՝ 1993թ.-ին, պայմանավորված Արցախում հայկական կողմի ռազմական հաջողություններով, Թուրքիան ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեց՝ ընդհուպ պատրաստվելով պատերազմի ընդդմեն Հայաստանի և շրջափակելով հայ-թուրքական սահմանը:

 

Այդ ժամանակներից ի վեր` հայ-թուրքական սահմանի վերաբացումը միշտ եղել է հանրային թեժ քննարկումների թեմա, այնուամենայնիվ քիչ խորքային հետազոտություններ կան արված Հայաստանի համար դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ: Տնտեսության վրա հնարավոր ազդեցությունների տեսանկյունից թերևս ամենախորքային վերլուծություններից մեկը իրականացվել է 2005թ.-ին Armenian-European Policy and Legal Advice Centre (AEPLAC)-ի կողմից: Այս հոդվածում համառոտ կներկայացնենք AEPLAC-ի 2005թ.-ի “Study of the economic impact on the Armenian economy from re-opening the Turkish-Armenian borders. implications for external trade” հետազոտության արդյունքները:

 

Հայ-թուրքական սահմանի բացումը այնպիսի խնդիր է, որը պահանջում է խորքային հետազոտություններ տարբեր ուղղություններով՝ այդ թվում տնտեսության վրա դրա ազդեցությունների տեսանկյունից, բոլոր օգուտները և վնասները գնահատելու և ճիշտ որոշում կայացնելու համար: Մինչդեռ ներկայացված հետազոտությունն իրականացվել է 16 տարի առաջ և այսօր նույն հետազոտությունը կարող է այլ արդյունքներ արձանագրել, այն ցույց է տալիս, որ սահմանի բացման տնտեսական օգուտները և վնասները չափելի են ու մեզ անհրաժեշտ են նոր նմանատիպ հետազոտություններ խնդրին առնչվող բոլոր հեռանկարները սթափ գնահատելու համար:

 

AEPLAC-ի հետազոտական թիմը՝ օգտագործելով քանակական հետազոտությունների գործիքակազմ, փորձել է պատասխանել այն հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում կարճաժամկետում (1 տարի) և միջնաժամկետում (մինչև 5 տարի) ինչպիսի զարգացումներ կարելի է ակնկալել Հայաստանի տնտեսության ու արտաքին առևտրի համար և չափել երկու երկրների միջև առևտրի կանոնների փոփոխության արդյունքում ի հայտ եկած օգուտները ու վնասները:

 

AEPLAC-ի փորձագետները իրենց հետազոտության համար կիրառել են Ընդհանուր հավասարակշռության հաշվարկելի մոդել (Computable General Equilibrium model, CGE): Սա տնտեսական մոդել է որը հիմնվելով փաստացի տնտեսական տվյալների վրա, սիմուլյացիաների միջոցով գնահատում է, թե ինչպես երկրի տնտեսությունը կարձագանքի այս կամ այն քաղաքականության փոփոխությանը: Հայաստանի համար ընդհանուր հավասարակշռության հաշվարկելի մոդելում (ARMCGE) առանձնացվել է տնտեսության 21 ճյուղ, երկու գործոն (աշխատուժ և կապիտալ, վերջինիս մեջ մտնում է նաև հողը), տնային տնտեսությունների հինգ կատեգորիաներ, ներդրումները, պետական հատվածի 28 բնագավառներ և արտաքին առևտրի ութ ոլորտներ:

 

Հետազոտությունը ցույց է տալիս, որ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում հինգ տարվա ընթացքում ՀՀ ՀՆԱ-ն կաճի 2.7%-ով, համախառն իրական աշխատավարձի մակարդակը 0.91%-ով, համախառն ներդրումները 0.59%-ով, պետական բյուջեի եկամուտները՝ 3.46%-ով, տնօրինվող եկամուտները՝ 1.79%-ով:

Այս սիմուլյացիան հիմնված է միայն սահմանների բացման արդյունքում տրանսպորտային ծախսերի և առևտրի հոսքերի փոփոխությունների վրա:

Մոդելում ենթադրվում է, որ կարճաժամկետում արտաքին առևտրի կառուցվածքում էական փոփոխություններ տեղի չեն ունենա, առևտրի ծավալներն ըստ երկրների կփոխվեն, սակայն առևտրի կառուցվածքն ընդհանուր առմամբ կմնա նույնը: Ակնկալվում է, որ միջնաժամկետում, ավելի էական փոփոխությունների կարելի է սպասել երկկողմանի առևտրի ծավալների և կառուցվածքի մեջ:

 

Սահմանափակ օգուտները կարճաժամկետում պայմանավորված են նրանով, որ առևտրային հարաբերություններն այնպիսի գործընթաց են, որ պահանջում են պարբերական վերանայումներ, նոր առևտրային պայմանագրերի և շուկայի ուսումնասիրություններ, որոնք չեն կարող իրականացվել մեկ տարում: Այս պարագայում միակ փոփոխությունը, որ կարելի է ակնկալել կարճաժամկետում դա տրանսպորտային ծախսերի կրճատումն է, ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը կսկսի օգտագործել Թուրքիայի ճանապարհները, այլև Վրաստանի կառավարությունը և վրացական տրանսպորտային ենթակառուցվածքների օպերատոր ընկերությունները՝ հանդիպելով մրցակցության, ստիպված կլինեն նվազեցնել իրենց ծառայությունների սակագները: Իհարկե, Հայաստանի համար կբացվեն արտաքին նոր շուկաներ մտնելու հնարավորություններ, սակայն մյուս կողմից չի կարելի ակնկալել, որ կարճաժամկետում հնարավոր կլինի ներգրավել մեծածավալ ներդրումներ այդ հնարավորություններից օգտվելու նպատակով ներքին արտադրությունն ընդլայնելու համար:

 

Ինչպես նշվում է հետազոտության մեջ՝ միջնաժամկետում Հայաստանը կկարողանա անհրաժեշտ մեխանիզմներ ներդնել ավելի բազմազան ապրանքներով Թուրքիայի միջոցով ԵՄ շուկա մուտք գործելու համար: Թուրքիայի հետ ներկայումս ունեցած առևտրաշրջանառության ծավալը ինչ-որ չափով կաճի՝ հաշվի առնելով, որ առևտուրն այդուհետ կիրականացվի առանց «միջնորդ» Վրաստանի: Արդյունքում, թուրքական ապրանքների գները տեղական շուկայում զգալիորեն կնվազեն: Միևնույն ժամանակ հայկական արտահանողները հնարավորություն կունենան բացահայտելու թուրքական շուկայի հնարավորությունները: Հինգ տարվա ընթացքում AEPLAC-ի փորձագետները մեծ կառուցվածքային փոփոխություններ և ներդրումներ չեն ակնկալում, որոնք որ կպահանջվեին Հայաստանից՝ արտաքին պահանջարկի մեծ փոփոխություններից օգտվելու համար, սակայն տրանսպորտային ծախսերը կշարունակեն նվազել: Այդ հետազոտության արդյունքները նաև ցույց են տալիս, որ կլինեն տնտեսության ճյուղեր, որոնք միջնաժամկետ կտրվածքում տուժելու են, օրինակ, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, մեծածախ և մանրածախ առևտրի, հանքագործության, տեքստիլ արդյունաբերության ոլորտները, ինչպես նաև գյուղատնտեսությունը: Քաղաքականության փոփոխության արդյունքում կդիտվեն աշխատատեղերի կրճատումներ, որոնք հիմնականում կառնչվեն այս ոլորտներին: Միևնույն ժամանակ, կոմունալ ծառայությունների ոլորտում, ներառյալ էլեկտրաէներգիայի արտադրությունը, կդիտվի աշխատատեղերի զգալի աճ։

 

Երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի և Թուրքիայի շուկանները կդառնան փոխկապակցված: Հայ արտադրողները կսկսեն մրցակցել թուրքական արտադրողների հետ, ինչը երկարաժամկետում կօգնի հայկական ձեռնարկությունների մոդեռնիզացմանը: Հայ արտադրողները կունենան բոլոր հնարավորություններն արդյունավետորեն մտնելու թուրքական շուկա: Սա նշանակում է, որ այստեղ կա արտահանման կառուցվածքի փոփոխության հնարավորություն օրինակ այնպիսի ապրանքների մասով, ինչպիսիք են շինարարական նյութերը, քիմիկատներ և այլն: Էլեկտրաէներգիայի արտահանումը ևս կաճի: Հետազոտության մեջ ենթադրվում է, որ Թուրքիան ունի էլեկտրաէներգիայի պահանջարկ, և ենթադրվում է, որ Հայաստանն ունի ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն:

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են