Պատմական ակնարկ

Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ համազգային հատուկ նպատակների իրագործումը ֆինանսավորելու համար ներդրվել են առանձին հարկատեսակներ կամ վճարներ։ Օրինակ, 1991թ. հուլիսի 1-ից Գերմանիայում ներդրվել է, այսպես կոչված, solidarity surcharge (համերաշխության վճար), որը նպատակ ուներ ֆինանսավորելու Արեւելյան եւ Արեւմտյան Գերմանիաների վերամիավորման ծախսերը։ Որոշ ընդհատումներով այն գործում է մինչեւ օրս, ներկայումս այս վճարի դրույքաչափը 5.5% է եւ այն վճարվում է եւ՛ իրավաբանական, եւ՛ ֆիզիկական անձանց կողմից։ Հարկման բազայի համար հիմք են հանդիսանում եկամտային հարկի, շահութահարկի եւ ակտիվների արժեքի հավելաճի (capital gain) հարկման բազաները։

Նմանապես, 1968թ. Վիետնամի պատերազմի ծախսերը ֆինանսավորելու համար ԱՄՆ-ում ներդրվել է «պատերազմի հարկ» (war tax)։ Հարկի դրույքաչափը սկզբնապես 10% էր, վճարում էին եւ՛ ֆիզիկական, եւ՛ իրավաբանական անձինք, իսկ հարկման բազան եկամտային հարկի եւ շահութահարկի հարկման բազաներն էին։

Նախապատմությունը Հայաստանում

2016թ. դեկտեմբերի 16-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը, որով նախատեսվում էր, որ աշխատանքային եւ քաղիրավական պայմանագրերով եկամուտ ստացող ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները ամեն ամիս պետք է վճարեն 1000 դրամ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, որն էլ պետք է միանվագ (5 կամ 10 մլն դրամ) եւ ամսական (100-300 հազ. դրամ) հատուցում  տրամադրի զոհվածների, անհայտ բացակայող ճանաչվածների ընտանիքներին, 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամներին։ Ներկայումս, Հիմնադրամի ակտիվների մեծությունը գնահատվում է մոտ 30 մլրդ դրամ, իսկ ոչ ընթացիկ պարտավորությունների ընդհանուր մեծությունը շուրջ 6 մլրդ դրամ։

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի զինված ուժերի (ներառյալ կամավորականների եւ պահեստազորայինների) շարքում արդեն իսկ առկա են 1000-ից ավել զոհեր եւ վիրավորներ, ինչը ենթադրում է, որ Հիմնադրամի դրամական ներհոսքը պետք է ավելացվի, ստանձնած պարտավորությունները պատշաճ եւ ժամանակին կատարելու համար։

Կառավարության առաջարկ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակված նախագծի համաձայն Պաշտպանության նախարարությունը առաջարկում է դրոշմանիշային վճարի մեծությունը ամսական 1000 դրամից հասցնել 3000 դրամի, ինչը թույլ կտա 632 հազ. պոտենցիալ վճարողների դեպքում տարեկան հիմնադրամը համալրել ավելի քան 22.7 մլրդ դրամով։

ԲՀԿ առաջարկ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է պրոգրեսիվ հարկման մեխանիզմ՝ սկսելով 1000 դրամից (մինչեւ 150,000 դրամ եկամտի դեպքում) հասցնելով մինչեւ 12,000 դրամի 1 մլն դրամ եւ ավել ամսական եկամտի դեպքում։ Պատգամավոր Արտակ Մանուկյանի հաշվարկները ցույց են տալիս, որ այս մեխանիզմի դեպքում հնարավոր կլինի Հիմնադրամը տարեկան համալրել շուրջ 13.94 մլրդ դրամով, այնինչ ըստ նախնական գնահատականների միայն 2021թ. անհրաժեշտ է լինելու առնվազն 22 մլրդ դրամ։

ACSES վերլուծական կենտրոնի առաջարկ

ACSES վերլուծական կենտրոնի գնահատականները ցույց են տալիս, որ միայն միանվագ հատուցումների համար առաջիկա ամիսներին Հիմնադրամը պետք է  հատկացնի շուրջ 85.6 մլրդ դրամ (10.8 հազար շահառուի հաշվարկով), իսկ առաջիկա 20 տարիներին Հիմնադրամը ամսական հատուցումների գծով կունենա շուրջ 468 մլրդ դրամի պարտավորություն, այնինչ ներկայումս Հիմնադրամի ակտիվների մեծությունը գնահատվում է շուրջ 30 մլրդ դրամ։ Առաջացած ֆինանսական ճեղքվածքը ֆինանսավորելու համար, առաջարկվում է 0% տոկոսադրույքով 47 մլրդ դրամ ներգրավվել Կենտրոնական բանկից, որը ենթակա է վերադարձման առաջիկա տարիների ընթացքում։

ACSES վերլուծական կենտրոնն առաջարկում է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության եւ դրանից դուրս գտնվող աղբյուրներից չստացվող եկամուտների հետեւյալ տեսակների հարկման բազայի նկատմամբ սահմանել 1.5% «համերաշխության հարկ» (solidarity tax)՝

– Աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարներ,
– Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում  իրականացվող գործունեությունից ստացվող դրամական կամ բնաիրային եկամուտներ,
– Շահաբաժին (այդ թվում անհատ ձեռնարկատիրոջ անձնական եկամուտը),
– Տոկոս,
– Վարձակալական վճար,
– Ռոյալթի,
– Ակտիվների արժեքի հավելաճ։

Հաշվի առնելով հարկային իրավահարաբերությունների ընթացիկ կարգավորումները՝ առաջարկվում է ՀՕ 267-րդ հոդվածի համաձայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող անձանց համար սահմանել տարեկան վճար՝ 36 հազ. դրամի, նոտարների հանդիսացող անձանց համար՝ 60 հազ. դրամի չափով։

Մեր կազմած ֆինանսական մոդելը ցույց է տալիս, որ ամենամսյա վճարների գծով Հիմնադրամի տարեկան պարտավորությունների ընդհանուր մեծությունը կարող է հասնել 23.7 մլրդ դրամի (ներառյալ նախորդ ժամանակահատվածից ունեցած պարտավորությունները), իսկ «համերաշխության հարկից» դրամական ներհոսքի մեծությունը 2021-2031թթ. կկազմի նվազագույնը 23.7 մլրդ դրամ (2021թ.) եւ մինչեւ 2031թ. կհասնի 47.4 մլրդ դրամ։

Նախորդ երկու մոտեցումները, ըստ էության հարկային բեռը բաշխում են միայն վարձու աշխատողների միջեւ, այնինչ պասիվ եկամուտ ունեցողները, օրինակ, խոշոր ձեռնարկատերերը, ավանդատուները, անշարժ գույքի սեփականատերերն, ըստ էության, անմասն են մնում այս պարտավորություններից, իսկ ACSES վերլուծական կենտրոնի առաջարկը ենթադրում է ֆիզիկական անձանց ավելի մեծ շրջանակ, որի պարագայում յուրաքանչյուրն իր ունեցած հնարավորությունների չափով կնպաստի Հիմնադրամի միջոցների համալրմանը։

ACSES վերլուծական կենտրոնը իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցելու Օրենքի փոփոխությունների նախագծի քննարկմանը եւ ներկայացնելու հաշվարկների հիմք հանդիսացող ֆինանսական մոդելը։

 

Հոդվածը սկզբնապես հրապարակվել  է banks.am կայքում։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են