2022թ-ի բյուջեի նախագծով նախատեսվում է ընթացիկ տարվա համեմատ պետական բյուջեից գիտության ֆինանսավորումը ավելացնել ավելի քան 85%-ով*՝ հասցնելով 25 մլրդ դրամի**, որը համարժեք կլինի 2022թ-ի կանխատեսվող ՀՆԱ-ի 0.32%-ին, սակայն գիտական հանրությունը դեռևս գոհ չէ և որպես հիմնավորում նշում է, որ այլ երկրներում այդ ցուցանիշը շատ ավելի մեծ է։
Արդյո՞ք Հայաստանում գիտության պետական ֆինանսավորումը քիչ է
Այս հարցին օբյեկտիվորեն պատասխանելու համար, մեր կողմից համեմատության համար ընտրվել են երկու խումբ երկրներ՝
Խումբ I — այս խմբում ընդգրկվել են այն երկրները, որոնց 1 շնչին ընկնող գնողունակության համարժեքով ՀՆԱ-ն գտնվում է $12,500–15,000-ի միջակայքում, այսինքն բարեկեցության մակարդակով այս երկրները համադրելի են Հայաստանի հետ, որի 1 շնչին ընկնող գնողունակության համարժեքով ՀՆԱ-ն 2020թ-ին եղել է $13,284: Այդ երկրներն են՝ Պարագվայը, Եգիպտոսը, Բրազիլիան, Մոլդովան, Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը, Կոլումբիան և Շրի Լանկան։
- Խումբ II — այս խմբում ընդգրկվել են գիտության ֆինանսավորման «չեմպիոնները» (խոսքը գնում է բոլոր աղբյուրներից ֆինանսավորման մասին), ինչպիսիք են Հարավային Կորեան, Ավստրիան, Շվեդիան, Գերմանիան, Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Իսրայելը, Ճապոնիան։
Համեմատության համար ընտրվել է 2016–2018թթ-ի ժամանակահատվածը, այսպիսի կտրվածքով հրապարակային տվյալներ կան նշված բոլոր երկրների գիտության պետական ծախսեր/ՀՆԱ ցուցանիշի վերաբերյալ։
Ինչպես ներկայացված է վերոնշյալ գծապատկերում, 2016–2018թթ-ին Հայաստանում միջին տարեկան գիտության պետական ծախսեր/ՀՆԱ հարաբերությունը եղել է 0.17%, ինչը նշանակում է, որ Հայաստանը այս ցուցանիշով զիջում է գիտության ֆինանսավորման բոլոր «չեմպիոն» երկրներին և բարեկեցության մակարդակով համադրելի երկրների մեծամասնությանը՝ միևնույն ժամանակ գերազանցելով Վրաստանին և Ադրբեջանին։ Ինչպես սպասվում է, 2022թ-ին գիտության ֆինանսավորման աճը էականորեն կարող է բարելավել Հայաստանի ցուցանիշը, սակայն միևնույն է այն մնալու է ցածր այնպիսի համադրելի երկրների ցուցանիշներից ինչպիսիք են՝ Պարագվայը, Եգիպտոսը և Բրազիլիան։
Ինչի՞ վրա է ծախսվելու գիտության պետական բյուջեն 2022թ-ին
Համաձայն 2022թ-ի Հայաստանի պետական բյուջեի նախագծի՝ գիտության ոլորտում նախատեսվում է իրականացնել 14 միջոցառում, որոնցից 4-ին բաժին է ընկնում նախատեսված ծախսերի շուրջ 90%-ը։
Գիտության ոլորտում 2022թ-ին նախատեսվող միջոցառումները
Գիտության գծով ծախսերի շուրջ կեսը` շուրջ 12 մլրդ դրամ, բաժին է ընկնում «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառմանը։ Այդ գումարը նախատեսվում է ուղղել գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների զարգացմանը, ծրագրերի իրականացմանը, գիտական սարքավորումների արդիականացմանը, միջազգային համագործակցության աջակցությանը։ Ընդ որում միջոցառման գումարի մեջ ներառված է նաև գիտական կադրերի աշխատավարձի աստիճանական ավելացման գծով 3.4 մլրդ դրամի չափով ծախսը։ Հիշեցնենք, որ Կառավարությունը հանձն է առել 2022–2025թթ ընթացքում աստիճանաբար ավելացնել գիտական կադրերի աշխատավարձը։
Հաջորդ խոշոր միջոցառումը «Գիտական և գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ» միջոցառումն է, որին նախատեսվում է հատկացնել 6.7 մլրդ դրամ կամ գիտության գծով ծախսերի 26.7%-ը։ Այս միջոցառման գծով ծախսերը նախորդ տարվա պլանավորածի նկատմամբ աճել են 63.2%-ով կամ 4.2 մլրդ դրամով։
Ինչպես հայտնի է, Արևելյան գործընկերության ՀՀ-ԵՄ համագործակցության նոր 5-ամյա փուլի շրջանակներում ԵՄ-ն նախատեսում է տարատեսակ ֆինանսական գործիքների միջոցով ՀՀ-ին հատկացնել 2.6 մլրդ եվրո աջակցություն։ Սպասվում է, որ գումարի շրջանակներում 2022-ին գիտության ոլորտին կուղղվի 2.5 մլրդ դրամ դրամաշնորհ՝ գիտական գերազանցության կենտրոնների ստեղծման, համալրման, զարգացման, գիտական սարքավորումների և հետազոտական ենթակառուցվածքների արդիականացման համար։
2022թ-ին Հայաստանում գիտության ոլորտի ծախսերը կկազմեն կանխատեսվող ՀՆԱ-ի 0.32%-ը, ինչը նշանակալիորեն գերազանցում է 2021թ-ի պլանավորված ցուցանիշը (0.19%)։ Պետք է նշել, որ գիտության պետական ֆինանսավորման շարունակական աճը (հատկապես պայմանավորված կորոնավիրուսային ճգնաժամով) ներառվել է շատ երկրների տնտեսական օրակարգում, օրինակ Էստոնիան, ծրագրում է գիտության ոլորտում պետական ծախսերը հասցնել առնվազն ՀՆԱ 1%-ին, իսկ ԱՄՆ նոր վարչակազմը պլանավորում է այդ ծախսերը 2022թ-ի հարկային տարում ավելացնել 9%-ով։
*Համաձայն 2021թ․ պետական բյուջեի՝ գիտության գծով ծախսերը պետք է կազմեն 13.5 մլրդ դրամ։ 2021-ի ընթացքում գիտության ոլորտում մի շարք միջոցառումների ծախսեր փոփոխվել են՝ ըստ ՀՀ կառավարության N 371-Ն և N 524-Ն որոշումների, որի արդյունքում գիտության գծով պետական բյուջեի պլանավորված ծախսերը 2021թ․ համար պետք է կազմեն 15.5 մլրդ դրամ։ Այս հոդվածում 2021-ի համար դիտարկվել են 2021թ․ պետական բյուջեում սկզբնապես ծրագրավորված ցուցանիշները։
**Եվս 5.2 մլրդ դրամ նախատեսվում է հատկացնել պաշտպանության ոլորտում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող հետազոտական և նախագծային աշխատանքներին, որը 2021թ․ պետական բյուջեով հաստատված գումարից ավել է 13%-ով։