Վերջին շաբաթների ընթացքում ընտրություններին զուգահեռ ամենաշատ քննարկվող թեմաներից է դրամի արժեվորումը։ Մասնավորապես, հուլիսի 6-ին հունիսի 1-ի համեմատ դրամ/դոլար միջին փոխարժեքը նվազել է 4.83%-ով (25.18 դրամով), դրամ/եվրո միջին փոխարեքը՝ 7.86%-ով (50.05 դրամով), դրամ/ռուբլի միջին փոխարժեքը՝ 4.66%-ով (0.33 դրամ)։ Քանի որ Հայաստանում դոլարայնացման մակարդակը բավականին բարձր է (53.2%, 31.03.2021թ.-ի դրությամբ) և բնակչության եկամուտների մի զգալի մասի ծագման աղբյուրը Հայաստանից դուրս է, իրավիճակը մտահոգություններ է առաջացրել հասարակության լայն շրջանակներում։ Այս հոդվածում մենք կանդրադառնանք դրամի արժեվորմանը նպաստած հիմնական գործոններին, ինչպես նաև դրա հետևանքներին։

 

Նախքան վերջին ժամանակաշրջանում դրամի արժեվորման պատճառներին անդրադառնալը, պետք է նշել, որ համաձայն վերջին 5 տարիների դիտարկումների՝ հունիս ամսին դրամը դոլարի նկատմամբ 0.1-0.6% արժեվորման միտում ունի, սակայն այս տարվա արժեվորումը պարզապես սեզոնային միտում չի, այլ մի շարք գործոնների ազդեցության հետևանք։ Մասնավորապես, վերջին շաբաթներին դրամի արժեվորմանը նպաստած առավել հավանական գործոններն են՝ արտահանման առաջանցիկ աճի տեմպը (այդ թվում զբոսաշրջության ակտիվացումը) և արտերկրից ստացվող տրանսֆերտների աճը։

Արտահանումը ներմուծման համեմատ աճում է առաջանցիկ տեմպերով

2021 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի ապրանքային արտահանումն աճել է 20.8%-ով, իսկ ներմուծումը՝ 6.7%-ով, ինչը այլ հավասար պայմաններում նպաստել է վճարային հաշվեկշռի պակասուրդի կրճատմանը և հետևաբար դրամի արժեվորմանը։ Մասնավորապես, դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի արտահանումն աճել է 187 մլն դոլարով, որից 109 մլն դոլարը պայմանավորված է պղնձի խտանյութի արտահանման աճով: Այսպես, 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 20,291.5 տոննա պակաս պղինձ, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում, սակայն դոլարային արտահայտությամբ արտահանումը աճել է 48%-ով (109 մլն դոլարով)։ Սա նշանակում է, որ դոլարային արտահայտությամբ արտահանումը աճել է միջազգային գների բարձրացման շնորհիվ, ընդ որում, 2021 թվականի հունվար ամսից սկսած միջազգային շուկաներում պղնձի գինը աճում է աննախադեպ բարձր տեմպերով։ Օրինակ, մայիս ամսվա ընթացքում պղնձի միջին գինը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրեթե  կրկնապատկվել ($5240/տ-ից հասնելով $10,162/տ-ի)։ 

Պղնձի արտահանման փոփոխությունը 2021-ի հունվար-մայիսին նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ, մլն ԱՄՆ դոլար

Աղբյուր․ ACSES` ՀՀ ԱՎԾ և ycharts.com տվյալների հիման վրա

Արտահանման աճին՝ ծառայությունների մասով, նպաստել է նաև զբոսաշրջության որոշակի վերականգնումը։ Չնայած պաշտոնական վիճակագրությունը դեռևս չի հրապարակվել, այս մասին Ազգային Ժողովի նիստի ժամանակ հայտարարել է նաև ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վերականգնմանը  նպաստում է  նաև, այսպես կոչված, վակցինային տուրիզմը (vaccine tourism), երբ Իրանի Իսլամական հանրապետության հազարավոր քաղաքացիներ ճամփորդում են Հայաստան պատվաստվելու համար COVID-19-ի դեմ։

Արտասահմանից ստացվող տրանսֆերտներն աճում են

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել են 37%-ով կամ 202.9 մլն դոլարով։ Այս աճը մեծ մասամբ (105.4 մլն դրամի կամ 52.1%-ի չափով) պայմանավորված էր ԱՄՆ-ից Հայաստան փոխանցվող դրամական միջոցների կտրուկ ավելացմամբ։ Այսպես, 2021 թվականի հունվար-մայիսին ԱՄՆ-ից Հայաստանի ֆիզիկական անձանց է  փոխանցվել շուրջ 212 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 106.5 մլն դոլարի փոխարեն։ Այսինքն տարվա սկզբից ԱՄՆ-ից Հայաստան ուղարկված դրամական փոխանցումները ավելացել են մոտ 2 անգամ։ Ավելին 2021 թվականի հունվար-մայիսին ԱՄՆ-ից իրականացված փոխանցումները կրկնակի անգամ ավել են նաև մինչ ճգնաժամային 2019-ի նույն ժամանակաշրջանից։  ԱՄՆ-ից իրականացված փոխանցումների նման աննախադեպ աճը կարելի է բացատրել համավարակի սոցիալ-տնտեսական բացասական հետևանքների չեզոքացման հետ կապված ԱՄՆ-ում քաղաքացիներին տրամադրված պետական օժանդակության հետ, ինչը դրական է ազդել ԱՄՆ-ում բնակվող հայերի եկամուտների վրա, ովքեր էլ արդյունքում ստացված դրամական օգնության մի մասը ուղղարկել են Հայաստանում իրենց հարազատներին։

 

Ռուսաստանի դեպքում տրանսֆերտների աճը այլ բացատրություն ունի։ Ի տարբերություն 2020 թվականի, 2021 թվականին տասնյակ հազարավոր սեզոնային աշխատողներ մեկնել են Ռուսաստան աշխատանքի և իրենց աշխատավարձի մի մասը ուղարկում են Հայաստան։

Բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան անձնական դրամական փոխանցումները 2020 և 2021 թթ․ հունվար-մայիսին, մլն ԱՄՆ դոլար

Աղբյուր․ ACSES` ՀՀ ԿԲ-ի տվյալների հիման վրա

Ի՞նչ է լինում, երբ դրամը արժեվորվում է 

Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող շատ սպառման ապրանքներ ներմուծվում են արտերկրից, որպես կանոն, այդ ապրանքները արտերկրում ձեռք են բերվում արտարժույթով, իսկ Հայաստանում վաճառում դրամով։ Երբ դրամը արժեվորվում է, արտերկրից բերված ապրանքների գները դրամով արտահայտված նվազում են, ինչը թույլ է տալիս որոշակիորեն զսպել գնաճը։ Սակայն այդ մեխանիզմը որոշակի ժամանակային լագով է գործում։ Հունիսին արձանագրված դրամի արժեվորումը իր ազդեցությունը կարող է ունենալ գնաճի վրա շաբաթներ անց։

 

Սակայն դրամի արժեվորումը նման է «երկսայր սրի», ի տարբերություն բնակչության լայն շերտերի, դրամի արժեվորման պատճառով Հայաստանից արտահանվող ապրանքները միջազգային շուկայում ավելի թանկ են դառնում և կորցնում են իրենց մրցունակությունը։ Նախորդ ամիսներին, երբ դրամը համեմատաբար արժեզերկված էր, դա նպաստել էր նաև Հայաստանից արտահանման աճին։

Պետք է Կենտրոնական բանկը միջամտի, թե ոչ

Սովորաբար փոխարժեքի տատանումների դեպքում հասարակությունը ակնկալում է, որ ԿԲ-ն որոշակի քայլեր պետք է ձեռնարկի արժութային շուկայում այդ տատանումները մեղմելու համար։ Ի՞նչ կարող է անել ԿԲ-ն և արդյոք պետք է միջամտի։ Նախ հարկ է նշել, որ 2006 թվականի հունվարի 1-ից ՀՀ ԿԲ-ն անցել է գնաճի նպատակադրման քաղաքականության, իսկ 2007 թվականին օրենսդրորեն ամրագրվեց, որ ԿԲ-ն ոչ թե սահմանում, այլ հրապարակում է արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը: Այսինքն, ԿԲ գլխավոր գործառույթը գների կայունության ապահովումն է։ Այնուամենանիվ ԿԲ-ն մշտադիտարկում է արտարժույթի շուկան և ըստ անհրաժեշտության իրականացնում արտարժույթի առք կամ վաճառք ֆինանսական կայունության պահպանման, փոխարժեքի տատնումները մեղմելու նպատակով։ Հաշվի առնելով, որ հունիսին 12-ամսյա գնաճը հասել է 6.5%-ի, դրամի արժեվորումը բխում է Կենտրոնական բանկի շահերից, մասնավորապես, թանկ դրամը կարող է նպաստել առաջիկա շաբաթներին գնաճի մեղմմանը։

 

Հոդվածը սկզբնապես հրապարակվել է CivilNet.am կայքում։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են