Առողջապահական և տնտեսաքաղաքական մարտահրավերներով լի 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը 7.4% անկում է գրանցել, կրճատվել են  արդյունաբերության, շինարարության, առևտրի շրջանառության, ծառայության ոլորտներում թողարկման ծավալները, նվազել է արտահանումը ( 3.9%-ով) և ներմուծումը (17.7%-ով):

 

2020-ի տարեվերջին, ռազմական դրության և համավարակի հետ կապված ավելացող անորոշությունների պայմաններումՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) առաջիկա տարում Հայաստանի համար կանխատեսում էր 2% աճ, Համաշխարհային բանկը՝ 3.1%։ Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին տնտեսության մի շարք ոլորտներում սպասվածից ավելի դրական միտումները պատճառ հանդիսացան, որ Կենտրոնական բանկն ու Համաշխարհային բանկը հունիսին բարձրացնեն 2021 թվականի համար տնտեսական աճի կանխատեսումները՝ համապատասխանաբար 2.6 և 0.3 տոկոսային կետերով։ 

2021 թվականի հունվարմայիս ամիսներին երկրում տնտեսական ակտիվությունը գերազանցել է մինչճգնաժամային 2019-ի համապատասխան ժամանակաշրջանի մակարդակը 0.3%-ով։ Նման դրական միտումը կարող է պայմանավորված լինել ծառայություների և արդյունաբերության ոլորտների ակտիվացմամբ։ 

Ներքին սպառման աճով և զբոսաշրջության ակտիվացմամբ պայմանավորված տարվա առաջին հինգ ամիսներին ծառայության ոլորտը աստիճանական վերականգնվել  է և այս միտումը հավանաբար կպահպանվի։ Սպասվածից ավելի մեծ տեմպերով է նաև աճել արդյունաբերության ոլորտը։

Արդյունաբերության ոլորտում  թողարկման ծավալը նախորդ տարվա հունվարմայիսից աճել է 2.3%-ով։ Այս աճը մեծ մասամբ (1.7 տոկոսային կետի չափով) պայմանավորված էր հանքագործական արդյունաբերության ոլորտով, որն աճել է 8.4%-ով։ Ի տարբերություն հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության ոլորտը անկում է ապրել (-1.4%)։ 

 

Եթե Հայաստանում և այլ երկրներում սահմանափակումների աստիճանական վերացմանը, հյուրանոցների, ռեստորանների գործունեության վերականգնմանը զուգահեռ ակտիվացում է նկատվում սննդի և խմիչքի արտադրության ոլորտներում (մասնավորապես խմիչքի արտադրությունը աճել է 13.1%-ով), ապա մշակող արդյունաբերության մեկ այլ հիմնական ճյուղ՝ ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, տարվա առաջին հինգ ամիսներին գրանցել է 17.2% անկում։

Հանքարդյունաբերության ոլորտով է նաև հիմնականում պայմանավորված հունվար-մայիսին 20.8% արտահանման աճը։

 

Հանքահումքային արտադրանքի արտահանման աճը ապահովել է այս աճի կեսից ավելին՝ 12 տոկոսային կետը։

Նկատենք, որ ՀՀ հանքագործական արդյունաբերության հիմնական արտադրանք հանդիսացող  պղնձի խտանյութի թողարկումը բնեղեն արտահայտությամբ (տոննաներով արտահայտված) 2021-ի հունվարմայիսին ավելացել է 4.9%-ով, այնինչ արտահանումը կրճատվել է 9.3%-ով, ինչը կարող է պայմանավորված լինել Արցախում հանքարդյունաբերության ծավալների կրճատմամաբ (Արցախում արտադրված խտանյութը ևս ներառվում է Հայաստանի արտահանման ցուցանիշի մեջ)։ Միևնույն ժամանակ, չնայած բնեղեն արտահայտությամբ պղնձի խտանյութի արտահանման կրճատմանը, դոլարային արտահայտությամբ դրա արտահանումը գրանցել է 47.9% աճ, ինչը վկայում է, որ հանքարդյունաբերության ոլորտում արտահանման աճը պայմանավորված էր, ոչ թե թողարկման աճով, այլ միջազգային շուկաներում պղնձի գների կտրուկ աճով։

2021թ․ հունվար-մայիսի ՀՀ արտահանման աճին նպաստած ապրանքային խմբերը, %-ային կետ

Աղբյուր․ ACSES` ՀՀ ՎԿ-ի տվյալների հիման վրա

Անդրադառնալով մեր կանխատեսումներին՝ պետք է նշենք, որ ACSES վերլուծական կենտրոնը կանխատեսում է, որ 2021թին Հայաստանում տնտեսական աճը կլինի 6.5-8%-ի միջակայքում, եթե չլինի հայադրբեջանակ կոնֆլիկտի կամ COVID-19-ի համավարակի նոր սրացում, իսկ տնտեսական աճը հիմնականում պայմանավորված կլինի վերջնական սպառման աճով։

 

Հոդվածը սկզբնապես հրապարակվել է CivilNet.am կայքում։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են