Հուլիսի 12-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ տրամադրելու համար, որոնք ենթակա են վերանայման գների անկման պարագայում (օրինակ, պղնձի դեպքում, եթե $7,500-ից ցածր լինի)։ Հավելյալ հարկային բեռը այսօրվա գների պայմաններում կազմելու է շուրջ 15%: Ակնկալվում է, որ ներկայիս միջազգային գների և Հայաստանից արտահանման ծավալների պահպանման դեպքում, այս պետական տուրքերը բյուջեի համար կապահովեն հավելյալ 72 մլրդ դրամի եկամուտ։

Ի՞նչ հարկեր են վճարում Հայաստանում հանքարդյունաբերողները հիմա

Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության մեջ ներգրավված տնտեսվարող սուբյեկտները ի լրումն համընդհանուր հարկատեսակների (ԱԱՀ, եկամտային հարկ, շահութահարկ, ակցիզային հարկ) վճարում են նաև ռոյալթի, բնօգտագործման վճար և բնապահպանական հարկ։

 

Ռոյալթին մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է։ Համաձայն Հարկային օրենսգրքի Հայաստանում ռոյալթիի դրույքաչափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով և կիրառվում հարկման բազայի՝ իրացման շրջանառության, նկատմամբ՝

 

R = 4 + [Շ/(Հx8)]x100

 

որտեղ`

R – ռոյալթիի դրույքաչափն է՝ տոկոսով.

Շ – շահույթն է նախքան հարկումը` դրամով, որը հաշվարկվում է որպես ռոյալթիի բազայի և Օրենսգրքով նախատեսված նվազեցումների դրական տարբերություն.

Հ – ռոյալթիի բազան է` դրամով:

 

Ավելի պարզ ասած՝ Հայաստանում ռոյալթիի դրույքաչափը բաղկացած է երկու կոմպոնենտներից, որոնցից առաջինը ֆիքսված է (4%), իսկ երկրորդը փոխկապակցված է հանքարդյունաբերական ընկերության շահութաբերության հետ և համարժեք է նախքան հարկումը շահութաբերության (pretax profit margin) 1/8-րդին։ Օրինակ, եթե ընկերության նախքան հարկումը շահութաբերությունը 20% է, ռոյալթիի դրույքաչափը կազմում է 6.5% (4%+20%/8):

 

Բնօգտագործման վճարը պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ և համալիր օգտագործման, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է: Հանքարդյունաբերական ընկերությունները բնօգտագործման վճարներ են վճարում, օրինակ, մակերևութային ջրերի օգտագործման համար։

 

Հանքարդյունաբերական ընկերությունները բնապահպանական հարկը վճարում են հիմնականում վնասակար նյութերի արտանետումների, ընդերքօգտագործման թափոնների տեղադրման կամ պահման համար։ Կախված արտանետվող նյութի տեսակից և ընդերքօգտագործման թափողնների վնասակարության դասից այդ վճարների մեծությունը էականորեն կարող է տատանվել։

Ի՞նչ նշանակություն ունի մետաղական հանքարդյունաբերությունը պետական բյուջեի եկամուտների համար

2020թ․-ին մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների հաշվարկված հարկերը և վճարները կազմել են Հայաստանի պետական բյուջեի եկամուտների 3.2%-ը (49.3 մլրդ դրամ)։ Ընդ որում այս ընկերությունների կողմից հաշվարկված ընդհանուր հարկերի և վճարների կեսից ավելին՝ 25.2 մլրդ դրամի չափով, բաժին է հասնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որին հետևում են «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն (16.6 մլրդ դրամ) և «Թեղուտ» ՓԲԸ-ն (4.6 մլրդ դրամ)։

Մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների հաշվարկած հարկերի ու վճարների մեծ մասը բաժին է ընկնում ռոյալթիներին, որոնք 2020թ․-ին կազմել են շուրջ 45 մլրդ դրամ, որի գերակշիռ մասը (77%) կազմում են «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ և «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ վճարները։

Ինչպե՞ս է հարկվում հանքարդյունաբերության ոլորտը տարբեր երկրներում

Աշխարհի մի շարք երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մետաղական հանքարդյունաբերությունը, ի հավելումն երկրում գործող համընդհանուր հարկատեսակների, հիմնականում հարկվում է ռոյալթիի միջոցով, որի հաշվարկման բազան կամ իրացման շրջանառությունն է, կամ գործառնական գործունեությունից շահույթը։ Ստորև ներկայացնում ենք մի շարք երկրների փորձի ուսումնասիրության արդյունքները։

 

Չիլի

 

Այս պահին գործող օրենսդրությամբ Չիլիում մետաղական հանքարդյունբերության մեջ ներգրավված ընկերությունների համար գործում են հետևյալ հարկատեսակները՝ շահութահարկ (27%), հատուկ հարկ (ռոյալթի)՝ 0-34.5%, Օրինակ, պղնձի համար սահմանված է հատուկ հարկի (ռոյալթիի) դրույքաչափի հաշվարկման պրոգրեսիվ սանդղակ, որը կիրառվում է  գործառնական գործունեությունից շահույթի նկատմամբ (հասույթ-ծախսեր) հետևյալ կերպ։

2021թ․ մարտին խորհրդարանի ստորին պալատը հավանություն տվեց ռոյալթիների մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում էր պղնձի և լիթիումի իրացումից ստացված հասույթի նկատմամբ սահմանել 3% դրույքաչափով ռոյալթի՝ հանքավայրերի հարակից տարածքներում բնապահպանական և սոցիալական ծրագրերի ֆինանսավորման նպատակով։ Միջազգային գների կտրուկ աճով պայմանավորված, մեկ ամիս անց ընդունվեց որոշում նախագծի մեջ փոփոխություններ իրականացնելու և պղնձի իրացումից ստացված հասույթի նկատմամբ պրոգրեսիվ դրույքաչափ սահմանելու վերաբերյալ, համաձայն որի կախված պղնձի միջազգային գների աճից ռոյալթիի դրույքաչափը կարող է կազմել 15-75%։

 

Ավստրալիա

 

Ավստրալիում մետաղական հանքագործությամբ զբաղվող ընկերությունները վճարում են շահութահարկ (30%) և ռոյալթի (2.5-5.0%)։ Ռոյալթիի դրույքաչափը հաշվարկվում է արդյունահանված հանքաքարի իրացման շրջանառության նկատմամբ և փոփոխվում է մետաղների միջին գների փոփոխությունից կախված։

 

Պերու

 

Պերույում մետաղական հանքարդյունաբերության մեջ ներգրավված ընկերությունները բացի շահութահարկից (29.5%) նաև վճարում են մի քանի տեսակի տարբեր բնօգտագործման վճարներ, որոնց դրույքաչափերը հաշվարկվում են շահույթի նկատմամբ։

Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում հարկային բեռի ավելացմանը պետք է նախորդեր միջազգային փորձի ուսումնասիրությունը (դրույքաչափերի և կիրառված մեխանիզմների մասով)։ Պետք է նաև մասնրամասն ուսումնասիրություն իրականացվեր ոլորտում՝ պարզելու ոլորտում գործող ձեռնարկությունների ներդրումների հետգնման ժամկետը, շահութաբերության ներքին շեմը, ինչը թույլ կտար ավելի արդյունավետ որոշումներ կայացնել։

 

Հոդվածը սկզբնապես հրապարակվել է CivilNet.am կայքում։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են