2021 թվականին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։ Այս հոդվածաշարում՝ երկու հոդվածի տեսքով, պատրաստվում ենք ներկայացնել ընտրապայքարի առաջատար մասնակիցների՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Քաղաքացու Որոշում» կուսակցությունների, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների նախընտրական ծրագրերում տեղ գտած խոստումները/դիրքորոշումները/մոտեցումները մի շարք տնտեսական հարցերի վերաբերյալ։
Տվյալ հոդվածի շրջանակում մենք անդրադառնալու ենք բնակչության լայն զանգվածներին հուզող հետևյալ տնտեսական հարցերին՝ գիտություն, ներդրումներ, հարկային բարեփոխումներ, ինչպես նաև ամենաէքստրավագանտ խոստումներին և ձևակերպումներին։
Գիտություն
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած «Հայ Ազգային Կոնգրեսը» (ՀԱԿ) խոստանում է գիտության պետական ֆինանսավորումը դարձնել առնվազն ՀՆԱ-ի 1%-ի չափ, որից հետո ապահովել 0.2% տարեկան աճ՝ աստիճանաբար գիտության պետական ֆինանսավորումը հասցնելով 3%-ի:
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը (ՔՈ) խոստանում է գիտության ոլորտի ֆինանսավորումը երեք տարվա ընթացում հասցնել ՀՆԱ 1%-ին, իսկ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) խոստանում է առաջիկա 3 տարվա ընթացքում գիտության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ 1.5%-ի:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ԼՀԿ) ևս խոստանում է կտրուկ ավելացնել գիտության ֆինանսավորումը այնուամենայնիվ կոնկրետ չափ նախընտրական ծրագրում չի նշում։
«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը խոստանում է հիմնադրել ազգային հիմնադրամ, որը կզբաղվի ռիսկային նախաձեռնությունների գնահատմամբ և դրանցում ներդրումների իրականացմամբ՝ դրան հատկացնելով մինչև 10 մլրդ դրամ դրամագլխային բյուջե։ Ինչպես նաև կուսակցությունը պատրաստվում է էկոնոմիկայի նախարարության կազմում ստեղծել կառույց, որը կզբաղվի գիտության մեջ առկա և առևտրայնացման պոտենցիալ ունեցող մշակումների ուսումնասիրությամբ և կտրամադրի խորհրդատվություն և իրավական աջակցություն՝ դրանց առևտրայնացման համար։
Առավել լավ պատկերացնելու համար, թե ինչ թվերի մասին է խոսք գնում, նկատենք, որ 2020 թվականին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 12.9 մլրդ ԱՄՆ դոլար, որի 1%-ը կազմում է 128.9 մլն դոլար կամ 61.8 մլրդ դրամ, իսկ 3%-ը՝ 185.4 մլն դոլար կամ 386.0 մլրդ դրամ։ Այս առումով նշված երեք կուսակցությունների նախընտրական խոստումներն էլ իրատեսական են թվում։
Հարկային բարեփոխումներ
«Հայ Ազգային Կոնգրեսը» և «Հայաստան» դաշինքը խոստանում են կրճատել հարկատեսկների քանակը։ ՀԱԿ-ը խոստանում է «հարկատեսակների թիվը 15-ից իջեցնել 6-ի»՝ թողնելով շահութահարկը, եկամտահարկը, ակցիզային հարկը, ավելացված արժեքի հարկը, տեղական հարկը, ինչպես նաև մաքսատուրքը, իսկ շրջանառության հարկը կիրառել միայն որպես փոխարինող հարկ։ Նկատենք, որ Հայաստանում գործող հարկատեսակները իրականում 15-ից պակաս են․ ՀՀ-ում գործում են 7 պետական և 2 տեղական հարկատեսակ։
«Հայաստան» դաշինքը հաղթանակի դեպքում նախատեսում է սկզբում բարձրացնել ՓՄՁ շրջանառության հարկի շեմը, որից հետո անցում կատարել ՓՄՁ-ների համար մեկ հարկատեսակի սահմանման (օրինակ, միայն շրջանառության հարկի կամ հաստատագրված վճարների):
ԲՀԿ-ն և ՔՈ-ն հաղթանակի դեպքում պատրաստվում են եկամտային համակարգի գործող համահարթ սանդղակից անցում կատարել պրոգրեսիվ սանդղակի, որի պարագայում քաղաքացիների եկամուտները կհարկվեն կախված դրանց մեծությունից։ Միևնույն ժամանակ, ՔՈ-ն պատրաստվում է հնարավորինս խուսափել արտադրության միջոցների հարկումից, փոխարենը հնարավորինս հարկել փայաբաժինները, խնայողությունները և շքեղության առարկաները։
ՀԱԿ-ը նաև խոստանում է վերացնել հարկային պլանային ստուգումների պրակտիկան (դրանք կատարել միայն ուսումնասիրությունների արդյունքում և օպերատիվ տվյալների հիման վրա ձեռք բերված էական խախտումների վերաբերյալ տեղեկատվության առկայության պարագայում), իսկ ԱԱՀ դրույքաչափը պետական եկամուտների աճին համամասնորեն աստիճանաբար իջեցնել մինչև 15 տոկոս: Նկատենք, որ հարկատեսակների կրճատման և հարկային բեռի նվազեցման հետ միևնույն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը խոստանում է ավելացնել պետական բյուջե վճարվող հարկերի չափը՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը առաջիկա երեք տարիներին դարձնելով 23%, իսկ հինգ տարվա կտրվածքով՝ մինչեւ 25% (ներկայումս այս հարաբերակցությունը կազմում է 22%): Այս երկու ծրագրերը ինչ-որ չափով իրարամերժ են։
«Պատիվ ունեմ» դաշինքը խոստանում է հարկային ոլորտում ապահովել պարզ, հասկանալի, թափանցիկ և կայուն խաղի կանոնների, միևնույն ժամանակ երաշխավորում է, որ տեսանելի հեռանկարում սահմանված կանոններն էական փոխությունների չեն ենթարկվելու։
ՔՊ-ն խոստանում է քայլեր ձեռնարկել հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ։ Այնուամենայնիվ, այստեղ չի հստակեցվում, թե ինչ քայլերի մասին է խոսքը։
Ներդրումներ
Ներդրումների աճը համարվում է մեր տնտեսության համար առաջնահերթ հարցերից մեկը, հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին դրանք նվազում էին իսկ անցած տարի անկումը արագացել է։ Եվ զարմանալի չէ, որ գրեթե բոլոր դիտարկված թեկնածուների անդրադարձել են այս հարցին։
Մասնավորպես, «Հայաստան դաշինքը» խոստանում է առաջին տարում ապահովել 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի մեկնարկ։ Ներդրումները կիրականացվեն առնվազն հետևյալ երեք հիմնական բնագավառներում՝ էներգետիկա, ջրամբարաշինություն, լոգիստիկա։ Միևնույն ժամանակ դաշինքը պատրաստվում է ներդրումների ավելացման առումով նախևառաջ կենտրոնանալ ներքին ներդրողների վրա, և ոչ թե թիրախավորել օտարերկրյա ներդրողներին և օտարերկրյա ներդրումները։ Դաշինքը խոստանում է 5 տարում ընդհանուր ներդրումների ծավալը հասցնել առնվազն 3 միլիարդ ԱՄՆ դոլարի։
ՔՊ-ն նպատակ ունի մասնավոր ներդրումների ծավալը ՀՆԱ նկատմամբ հասցնել առնվազն 25%-ի իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումներինը՝ ՀՆԱ 6%-ին։
ԲՀԿ-ն խոստանում է առաջիկա հինգ տարիների ընթացքում կտրուկ ավելացնել ներդրումները՝ ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնելով 40%-ի։ Ինչ վերաբերում է մասնավորապես օտարերկրյա ներդրումներին, ապա որպես օտարերկրյա ներդրումների ներհոսքի կարևորագույն աղբյուր ԲՀԿ-ն տեսնում է ԵԱՏՄ երկրները։
Քանի որ Հայաստանում ազգային վիճակագրական ծառայությունը չի հրապարակում ընդհանուր ներքին և օտարերկրյա ներդրումների ցուցանիշները, կարող ենք ենթադրել, որ թեկնածուները այստեղ խոսում են ներդրումների ցուցանիշին փոխարինող համախառն կուտակում ցուցանիշի և ՀՆԱ նկատմամբ դրա հարաբերակցության մասին։ Այս առումով պետք է նշել, որ 2020 թվականին Հայաստանում համախառն կուտակման ցուցանիշը կազմել էր 1․1 տրիլիոն դրամ (2.3 մլրդ ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ 18%-ը։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2020 թվականին կազմել են 500 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ 3.9%-ը:
ՔՈ-ն խոստանում է ներդրումների ներգրավման համար երկրում առավելագույնս ապահովել «միջավայրի կանխատեսելիություն, պետական կարգապահություն, որակյալ արդարադատություն», ինչպես նաև բանակցել գործընկեր պետությունների և մասնավոր ընկերությունների հետ՝ ռազմավարական նշանակության նախագծերի իրականացման համար ներդրումներ ներգրավելու նպատակով։ Իսկ ներքին ներդրումների ավելացման նպատակով կուսակցությունը պատրաստվում է խթանել բաց բաժնետիրական ընկերությունների հիմնադրման, վարման, գործունեության գործընթացները։
ԼՀԿ-ն պատրաստվում է օտարերկրյա ներդրումների ներհոսք ապահովելու նպատակով համակողմանի և հետևողական աշխատանք իրականացնել սփյուռքի և միջազգային գործընկերների հետ։ ԼՀԿ-ն նաև խոստանում է մարզերում ներդրումների ներհոսքի խրախուսման համար ներդնել տարբեր խթաններ, այդ թվում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գործիքներ, երկրում խրախուսել «կանաչ» տնտեսության մեջ ներդրումները, ձևավորել ներդրողների հետ «մեկ պատուհան» սկզբունքով աշխատող կառույց և այլն։ Ընդ որում պետք է նշել, որ այդպիսի կառույց արդեն իսկ կա՝ ներդրումների աջակցման կենտրոնը (Enterprise Armenia)։
«Պատիվ ունեմ» դաշինքը ներդրումային միջավայրի բարելավումը տեսնում է որպես տնտեսական քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը։ Ներդրումային միջավայրի բարելավման և ծավալուն ներդրումներ ներգրավելու համար դաշինքը պատրաստվում է ներդնել գործիքներ սեփականության իրավունքի և բանկային գաղտնիքի պաշտպանության երաշխավորման համար, ազատականացնել կապիտալի ներկրումը երկիր, բանկային համակարգում ճկուն գործիքներ ներդնել և այլն։
ՀԱԿ-ը խոստանում է հարկային արտոնություններ սահմանել ներդրումների խրախուսման համար, ստեղծել արտաքին առևտրի և ներդրումների պետական բանկ՝ երկարաժամկետ ներդրումները վարկավորելու գործառույթով, փոփոխութուններ իրականացնել ներդրումային օրենսդրության մեջ և այլն։
Խոստում՝ «Խաչակրաց պատերազմ» բանկերի դեմ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խոստանում է իշխանության գալու դեպքում երկու ամսվա ընթացքում ներել ՀՀ վարկառուների մինչև 3 մլն դրամի հասնող վարկերը։ Այնուամենայնիվ պետք է նշել, որ կուսակցությունը չի նշում ինչ մեխանիզմներով է պատրաստվում այս խոստումը կյանքի կոչել․ օրինակ, արդյոք բանկերն են ներելու այս վարկային պարտավորությունները, թե պետությունն է դրանց համար վճարելու։
Կուսակցությունը նաև խոստանում է, որ գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի տոկոսադրույքները չեն գերազանցի 2-3%-ը։ Կրկին պարզ չէ՝ արդյոք պետությունը «պարտադրելու է» բանկային համակարգին նման ցածր տոկոսադրույքներ սահմանել, թե միգուցե սուբսիդավորելու է տարբերությունը։ Երկու դեպքում էլ սա խնդրահարույց է թվում։ Նշենք, որ արդեն երկու տարի Հայաստանում իրականացվում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, իսկ 2021 թվականի փետրվարի 11-ին ՀՀ կառավարությունը ընդունել որոշում է համաձայն որի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսության ոլորտի վարկերը հասանելի կլինեն շահառուներին 0% տոկոսադրույքով։ Ծրագրի շրջանակներում նաև մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը ֆիզիկական անձանց կտրամադրվեն 0% տոկոսադրույքով, մինչև 1 մլն ՀՀ դրամի չափով միկրովարկեր։
Առհասարակ նախընտրական պայքարի շրջանակներում ԲՀԿ ներկայացուցիչների բազմիցս նշել են, որ բանկային համակարգն ըստ էության աշխատում է քաղաքացիներին դեմ և անհրաժեշտ է դա փոխել։ Իսկ ԼՀԿ տեսլական բանկային համակարգի վերաբերյալ կայանում է նրանում, որ «Ֆինանսաբանկային համակարգը պետք է հանդիսանա երկրի տնտեսության արդար տերն ու ջանասեր ծառան՝ միաժամանակ»։ ՀԱԿ-ը հայտարարում է, որ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից «արհեստական և ապօրինի ճնշումներ և արգելանքներ» են կիրառվում բանկերի նկատմամբ՝ կրիպտոբորսաների հաշիվների սպասարկման գործում, որոնք կուսակցությունը գտնում է, որ պետք է վերացվեն, ինչն էլ հաղթանակի դեպքում խոստանում է անել։