2020թ-ի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմն իր աղետալի հետևանքներով և հաջորդած «հետցնցումներով» դեռ երկար ժամանակ իր բացասական ազդեցությունն է ունենալու հայկական երկու պետությունների վրա, ընդ որում՝ տնտեսական առումով այդ բացասական ազդեցությունը դրսևորվել և դեռ դրսևորվելու է ոչ միայն ռազմական և սոցիալական ծախսերի տեսքով, այլև բաց թողնված եկամուտների, արտագաղթի և բարեկեցության կորստի տեսքով։ Քանի որ հարցը շատ ընդգրկուն է և լայնածավալ ուսումնասիրության կարիք ունի, սույն հոդվածում մենք անդրադարձել ենք միայն 2020թ-ին ռազմական դրությամբ պայմանավորված ՀՀ պետբյուջեի ծախսերին։

«Պատերազմի գինը» կարճաժամկետում

2020թ-ի սեպտեմբերին սանձազերծված պատերազմը ստիպեց կառավարությանը վերանայել 2020թ-ի պետական բյուջեն՝ հավելյալ 134.6 մլրդ դրամ հատկացնելով ռազմական դրությամբ պայմանավորված հավելյալ ծախսերին, որից 1337 մլրդ դրամ պետք է ուղղվեին տարբեր ծրագրերի ֆինանսավորմանը, իսկ 940 մլն դրամը՝ Արցախի Հանրապետությանը բյուջետային վարկի տրամադրման համար։ Համաձայն 2020թ-ի պետական բյուջեի կատարողականի՝ ռազմական դրությամբ պայմանավորված ծրագրերի կատարողականը եղել է 92.8%, այսինքն նախատեսված 134.6 մլրդի փոխարեն դե ֆակտո ծախսվել է 124.9 մլրդ դրամ, ինչն էլ հենց կարճաժամկետում (2020թ-ին) վճարած «պատերազմի գինն» է՝ առանց բաց թողնված եկամուտների։ Այլ կերպ ասած, 2020թ-ին պետբյուջեից կատարված ամեն 100 դրամից 6.6 դրամն ուղղվել է ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերին։

Ռազմական դրությամբ պայմանավորված փաստացի ծախսերի գերակշիռ մասը (79.2% կամ 99 մլրդ դրամ) ուղղվել է պաշտպանության ապահովմանը, որի համար պատասխանատու էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, 12.3%-ը կամ 15.4 մլրդ դրամը՝ սոցիալական հարցերի լուծմանը (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն), առանձին ծախսային ծրագրեր են ունեցել նաև՝ առողջապահության, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունները և այլ պետական գերատեսչություններ, օրինակ, արտաքին գործերի նախարարությանը հավելյալ հատկացվել է 1.2 մլրդ դրամ օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացման համար։

Ռազմական դրությամբ պայմանավորված 31 ծրագրերից 19-ը թերակատարվել են

Ինչպես արդեն նշվեց ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի կատարողականը եղել է 92.8%, ընդհանուր առմամբ նախատեսված 31 ծրագրերից 19-ը թերակատարվել են։

Բյուջեի կատարողականի հաշվետվությունում ֆինանսների նախարարությունը նշել է, որ առանձին ծրագրերի գծով ցածր կատարողականը պայմանավորված է փաստացի դիմած քաղաքացիների՝ նախատեսվածից փոքր թվով: Օրինակ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հաշվառված քաղաքացիներին նախատեսված 9.9 մլրդ դրամ, սակայն փաստացի տրամադրվել է 4.1 մլրդ դրամ, իսկ Արցախում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական աջակցության, նպատակով նախատեսված 303 մլն դրամը ընդհանրապես չի օգտագործվել՝ միջոցառման նկատմամբ պահանջի բացակայությամբ: Նմանապես, տեղական ինքնակառավարման մարմիններին նախատեսված էր տրամադրել 1.6 մլրդ դրամ Հայաստանի տարբեր համայնքներում հանգրվանած տեղահանված անձանց աջակցության ծրագրի շրջանակներում պարենային և ոչ պարենային ապրանքներ տրամադրելու համար, սակայն փաստացի տրամադրվել է 834 մլն դրամ, քանի որ նրանցից շատերը նոյեմբերից սկսած վերադարձել են իրենց մշտական բնակության վայրեր։

Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի 42%-ը ֆինանսավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում հայթայթված գումարներից 52.7 մլրդ դրամը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ փոխանցվել է ՀՀ կառավարությանը ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերը մասամբ հոգալու համար։ Այսպիսով, 2020թ-ին ռազմական դրությամբ պայմանավորված 124.9 մլրդ դրամ ծախսերի 42%-ը ֆինանսավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայթայթած միջոցների հաշվին։

 

Հոդվածը սկզբնապես հրապարակվել է CivilNet.am կայքում։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են