2021 թվականին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։ Այս հոդվածաշարում՝ երկու հոդվածի տեսքով, պատրաստվում ենք ներկայացնել ընտրապայքարի առաջատար մասնակիցների՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Քաղաքացու Որոշում» կուսակցությունների, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների նախընտրական ծրագրերում տեղ գտած խոստումները/դիրքորոշումները/մոտեցումները մի շարք տնտեսական հարցերի վերաբերյալ։

 

Նախքան կոնկրետ հարցերին անդրադառնալը, պետք է նշել, որ ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (նախկինում «Իմ քայլը» դաշինքը), ներկայացրել է մանրամասն նախընտրական ծրագիր տնտեսության և դրա առանձին ոլորտների (մշակող արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, ռազմարդյունաբերություն, հեռահաղորդակցություն, զբոսաշրջություն, շինարարություն և այլն) վերաբերյալ, ինչը նրան հաճելիորեն առանձնացնում է դիտարկված մյուս կուսակցություններից/դաշինքներից, որոնք իրենց նախընտրական ծրագրերում առավելապես ընդհանրական ձևակերպումներ են օգտագործել։ Նման իրավիճակը ամենևին զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ իշխող ուժը տիրապետում է պետական գերատեսչություններից ստացվող ահռելի տեղեկատվության/մասնագիտական վերլուծությունների, իսկ ոչ իշխանական ուժերը, որպես կանոն, չունեն լավ զարգացած այսպես կոչված «ուղեղային կենտրոններ» (think tank):  

 

Տվյալ հոդվածի շրջանակում մենք անդրադառնալու ենք բնակչության լայն զանգվածներին հուզող հետևյալ տնտեսական հարցերին՝ կենսաթոշակ, նվազագույն աշխատավարձ, գույքահարկ, հանքարդյունաբերություն, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ ներկայացնելով մեր դիրքորոշումը։

Կենսաթոշակ

Էլ ինչ նախընտրական քարոզարշավ, եթե ընտրապայքարի մասնակիցները չխոստանան կենսաթոշակի բարձրացում, մանավանդ, որ կենսաթոշակառուները հանդիսանում են ընտրողների ամենամեծ խումբը (18%):  Այդ առումով այս ընտրությունները բացառություն չեն, այսպես, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը խոստանում է բարձրացնել կենսաթոշակների չափը տնտեսական աճին համաչափ և գնաճից բարձր տեմպերով, թեև ո՛չ տնտեսական աճի տեմպի, ո՛չ էլ գնաճի տեմպի մասին որևէ թիրախային տվյալ չեն ներկայացրել։ Ինչևէ, եթե առաջնորդվենք Կենտրոնական բանկի պահպանողական կանխատեսումներով , ըստ որի 2021թ․-ին ՀՀ տնտեսական աճը կկազմի շուրջ 1.4%, հաջորդ երկու տարիներին՝ 1.5% և 4.2%, իսկ գնաճը, համապատասխանաբար, 5.4%, հաջորդ երկու տարիներին` 4.4% և 3.7%, կարող ենք ենթադրել, որ «Հայաստան» դաշինքի նախանշած մոտեցման համաձայն՝ առաջիկա տարիներին ամեն տարի կարելի է ակնկալել կենսաթոշակների առնվազն 4%-5% աճ։

ԲՀԿ-ն խոստանում է առաջիկա հինգ տարիների ընթացքում տարեկան առնվազն 10%-ով բարձրացնել թոշակների չափը։ Սրան կուսակցությունը պատրաստվում է հասնել խոստացված ներդրումների աճի և հարկային մուտքերի աճի հաշվին։ 

 

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը պատրաստվում է մինչև 2026 թվականը կենսաթոշակի միջին չափը 43,500 դրամից դարձնել առնվազն 61,000 դրամ, ինչը նշանակում է տարեկան ավելացնել կենսաթոշակների միջին չափը 6.3%-ով։ Նվազագույն կենսաթոշակի մասով կուսակցությունը պատրաստվում է նվազագույն կենսաթոշակի չափը 26,500 դրամից դարձնել 37,000 դրամ՝ այսինքն հինգ տարվա մեջ տարեկան ապահովել 7% աճ։

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ԼՀԿ) խոստանում է, որ նվազագույն կենսաթոշակները կսահմանվեն նվազագույն սպառողական զամբյուղի մեծությանը համապատասխան․ այսինքն, նվազագույն կենսաթոշակի չափը չի կարող լինել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից պակաս։ Ենթադրաբար ԼՀԿ-ն այս թիրախին պատրաստվում է հասնել առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Նկատենք, որ 2020թ. IV եռամսյակի միջին ընթացիկ գներով Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում էր 60,305.7 դրամ։ Այսինքն, եթե նույնիսկ նվազագույն սպառողական զամբյուղի մեծությունը մնա անփոփոխ, ԼՀԿ-ն ամեն տարի պետք է նվազագույն կենսաթոշակի չափը ավելացնի 18%-ով, իր խոստումը ապահովելու համար։

 

Որպեսզի շարքային ընթերցողը պատկերացնի, թե կենսաթոշակը ինչ բեռ է մեր բյուջեի համար պետք է նշել, որ 2020 թվականին պետական բյուջեից ծախսված ամեն 1000 դրամից 188 դրամն ուղղվել է կենսաթոշակի վճարմանը։ Եթե հաշվի առնենք, որ մեր երկիրն առաջիկա տարիներին ունի լուրջ մարտահրավեր՝ ի դեմս բանակի համալրման, վերազինման, սահմանների կահավորման և սպասվում է տարիքային կենսաթոշակառուների զգալի աճ (2023 թվականին նախատեսվում է, որ տարիքային կենսաթոշակ է նշանակվելու 60,000 անձի, մինչդեռ 2020 թվականին նոր նշանակված կենսաթոշակառուների քանակը եղել է 40,760), ապա կարող ենք եզրակացնել՝ հավանականությունը քիչ է, որ նշված կուսակցությունների՝ կենսաթոշակի վերաբերյալ թիրախային ցուցանիշները, առաջիկա 5 տարիների ընթացքում կիրականանան։

Նվազագույն աշխատավարձ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոստանում է առաջիկա հինգ տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը 68,000 դրամից դարձնել առնվազն 85,000 դրամ, ինչը նշանակում է տարեկան միջինում նվազագույն աշխատավարձը բարձրացնել մոտ 4.6%-ով։ ԲՀԿ-ն խոստանում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել տարեկան 10%-ով, ինչը նշանակում է առաջիկա հինգ տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը դարձնել 109,515 դրամ։ Միևնույն ժամանակ, ԲՀԿ-ն ասում է, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Նշենք, որ այսօր արդեն հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձը նվազագույն սպառողական զամբյուղից բարձր է մոտ 8000 դրամով։ 

 

ԼՀԿ-ն խոստանում է նվազագույն ամսական աշխատավարձը շարունակական բարձրացնել՝ ելնելով սպառողական զամբյուղի արժեքի բարձացումից։

Հաշվի առնելով միջին աշխատավարձի և աշխատանքի արտադրողականության միտումները Հայաստանում՝ կարող ենք եզրակացնել, որ և՛ ՔՊ-ի, և՛ ԼՀԿ-ի նախանշած թիրախային ցուցանիշները միանգամայն հավանական են, իսկ ԲՀԿ-ինը՝ քիչ հավանական։

Գույքահարկ

Անցած տարի ընդունվեցին գույքահարկի համակարգի բարեփոխումները, համաձայն որի գույքի կադաստրային արժեքը մոտարկվելու է շուկայական արժեքին։  Այս փոփոխությունը հասարակության շրջանում լուրջ քննարկումների թեմա էր դարձել, քանի որ այն ենթադրում էր գույքահարկի զգալի աճ։  Մի շարք կուսակցություններ և դաշինքներ իրենց նախընտրական ծրագրերում խոստանում են վերանայել այդ բարեփոխումները։

 

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) խոստանում է փոխել ներկայումս գործող կարգավորումները, այդ թվում մինչև 12 մլն դրամ շուկայական արժեք ունեցող անշարժ գույքի համար սահմանել զրոյական դրույքաչափ։ Այսինքն ԲՀԿ-ն ըստ էության խոստանում է վերացնել գույքահարկը մարզերում գտնվող հարկման օբյեկտների մեծամասնության համար։ Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ մինչև 10 մլն դրամ արժեքով բնակարանների համար սահմանված է 0.05% դրույքաչափ։ 

 

«Հայաստան» դաշինքը նախատեսում է անցած տարի ընդունված փոփոխությունները լրացուցիչ քննարկել՝ հաշվի առնելով սոցիալական արդարության սկզբունքը, հանրային շահը և բնակչության եկամուտները։

 

Երկու քաղաքական ուժերի նշած խոստումներն էլ միանգամայն իրատեսական են, եթե վերացարկվում ենք դրանց նպատակահարմարության խնդրից։

Հանքարդյունաբերություն

Գրեթե բոլոր դիտարկված քաղաքական ուժերը այս կամ այն ձևով անդրադառնում են հանքարդյունաբերությանը։ Օրինակ, «Հայաստան» դաշինքը խոստանում է, որ հանքարդյունաբերությունը կհամապատասխանեցվի շրջակա միջավայրի պահպանության միջազգային չափանիշներին, «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է ոլորտում ներդնել շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է գործարկել կանաչ տնտեսության ներդրման, էկոլոգիական և բնական ռեսուրսների, այդ թվում նաև հանքարդյունաբերության ոլորտի կառավարման ռազմավարություն։ 

Առավել ընգծված և հստակ դիրքորոշում հարցի շուրջ ունի «Քաղաքացու որոշում» կուսակցությունը (ՔՈ)։ Կուսակցությունը դեմ է հանդես գալիս նոր մետաղական հանքերի շահագործմանը, իսկ գործող հանքարդյունաբերական կազմակերպությունների դեպքում առաջարկում է կարճաժկետում խրախուսել հին տեխնոլոգիաները փոխարինել նոր՝ «կանաչ» տեխնոլոգիաներով՝ օրինակ, հարկային արտոնություններ կիրառելու միջոցով։ Համաձայն ՔՈ-ի ծրագրի՝ երկարաժամկետում գործող մետաղական հանքերը պետք է փակվեն: Կուսակցությունը այստեղ խոստանում է մշակել համապատասխան քաղաքականություններ հանքերի փակման բացասական տնտեսական հետևանքները համայնքների և ընդհանուր տնտեսության վրա չեզոքացնելու համար, որից հետո միայն մետաղական հանքերը կփակվեն:

Ե՛վ ՔՊ-ն, և՛ ԼՀԿ-ն գտնում են, որ վերամշակող հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության հեռանկարային ճյուղերից է, որն անհրաժեշտ է խթանել։ ՔՊ-ն շեշտում  է, որ պատրաստվում է ոլորտում խտանյութի և չվերամշակված հումքի արտահանումը փոխարինել վերամշակված հանքանյութի (այսինքն մետաղի) արտադրությամբ և արտահանմամբ։  Մշակող արդյունաբերության զարգացման շրջանակներում ՔՊ-ն հատկապես պատրաստվում է քայլեր ձեռնարկել պղնձաձուլության զարգացման ոլորտում։

Այս առումով պետք է նշել, որ բոլոր դիտարկված քաղաքական ուժերն էլ, ընդհանուր առմամբ, տվյալ հարցի վերաբերյալ ունեն պրագմատիկ մոտեցում։ Ինչ վերաբերում է Հայաստանում պղնձի հանքարդյունաբերության արժեշղթայի ընդլայնմանը (պղնձաձուլարանի հիմնմանը) պետք է նշել, որ այն «կարմիր գծով» գնում է իշխող ուժի ելույթներում։ Թեև նախկինում պետական մակարդակով այս հարցի շուրջ իրագործելիության ուսումնասիրություններ չեն իրականացվել, բայց դրա անհրաժեշտությունը թերևս կա, ինչը կարող է հստակեցնել՝ դա պատրանք է, թե կարող է դառնալ իրականություն։

 

 

Հոդվածը սկզբնապես հրապարակվել է CivilNet.am կայքում։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են