2020թ-ը մարտահրավերներով լեցուն էր համաշխարհային տնտեսության համար, որից անմասն չմնաց նաև Հայաստանը՝ տարեսկզբին կորոնավիրուսի համավարակը, ապա նաև սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը լուրջ մարտահրավերներ առաջացրեցին Հայաստանի տնտեսության համար։ ACSES վերլուծական կենտրոնը փորձել է հակիրճ՝ 5 գծապատկերի տեսքով, ներկայացնել 2020 թվականի ՀՀ տնտեսության պատկերը։


1. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցել է 7.5% անկում

2020 թվականին Հայաստանի Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), որը բնութագրում է տնտեսությունում ապրանքների եւ ծառայությունների թողարկման ծավալների փոփոխությունը, գրանցել է 7.5% անկում: Ամենամեծ անկումը գրանցվել է ապրիլ ամսին (-16.4%)՝ կապված երկրում սահմանված արտակարգ դրության հետ եւ դրանից բխող տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ կիրառված ժամանակավոր սահմանափակումներով: Ապրիլի 12-ին ծխախոտային արտադրատեսակների արտադրության նկատմամբ սահմանափակումները վերացվեցին, ավելի ուշ՝ մայիսի 3-ին, վերացվեցին  նաեւ հագուստի արտադրության նկատմամբ սահմանափակումները, որոնք նպաստեցին մայիսին ՏԱՑ անկման մեղմմանը (-12.9%):

Հուլիս ամսին տնտեսությունում ապրանքների ու ծառայությունների թողարկման ծավալի անկումը խորացավ (-10.2%), ինչը կարող էր պայմանավորված լինել մի քանի հանգամանքով, այդ թվում՝ մշակող արդյունաբերության անկմամբ: Հուլիսին մշակող արդյունաբերությունում գրանցվել էր 3.6% անկում, մասնավորապես դանդաղել էր հագուստի արտադրության ծավալի հավելաճը: Վերջինիս համար պատճառ կարող էին հանդիսանալ ներքին եւ արտաքին պահանջարկի կրճատումը եւ/կամ հուլիսյան ռազմական բախումների պատճառով «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի գործունեության խափանումը:

Սեպտեմբերին բռնկված եւ 44 օր տեւած պատերազմի, ինչպես նաեւ կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի աճի ֆոնին տնտեսության անկումը խորացավ հոկտեմբերին եւ նոյեմբերին (-9.3% եւ -10.7% համապատասխանաբար):

Հիշեցնենք, որ ՏԱՑ-ը տարբերվում է ՀՆԱ-ից: Անցած տարվա վերջին ՀՀ Կենտրոնական բանկը 2020 թվականի Հայաստանի ՀՆԱ անկումը գնահատում էր –7.2%-ի չափով, սակայն օրերս վերանայեց այս գնահատականը. ըստ ՀՀ Կենտրոնական բանկի վերջին գնահատականի՝ 2020 թվականի Հայաստանի ՀՆԱ-ի անկումը կկազմի 7.8%: Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը (ACSES) կանխատեսում է ՀՆԱ-ի 8% անկում:

2. Արդյունաբերության, շինարարության, առեւտրի շրջանառության, ծառայության ոլորտներում թողարկման ծավալները կրճատվել են. ծառայությունների մատուցման ոլորտում գրանցվել 14.7% անկում


2020 թվականին տնտեսության բոլոր ճյուղերը, բացի գյուղատնտեսությունից, անկում են ապրել նախորդ տարվա համեմատ:  Ամենամեծ անկումը գրանցվել է ծառայությունների մատուցման ոլորտում (-14.7%)՝ չհաշված առեւտրի ոլորտը: Առեւտրի ոլորտում անկումը կազմել է 14%, շինարարությունը եւս էական անկում է գրանցել՝ -9.5%, իսկ արդյունաբերությունում թողարկման ծավալի անկումը կազմել է մոտ 1%` ըստ նախնական գնահատականների: Ամենամեծ անկումն արդյունաբերության, շինարարության եւ առեւտրի շրջանառության ոլորտներում գրանցվել է ապրիլ ամսին (-7.7%, -51%, -33.1% համապատասխանաբար): Ծառայությունների ոլորտն անցած տարի ամենաշատ տուժած ոլորտն էր՝ մի կողմից համավարակի եւ մյուս կողմից պատերազմի ազդեցության ներքո: Ամենամեծ անկումը ծառայությունների ոլորտում գրանցվել է հոկտեմբերին՝ -23.4%:

3. Արտաքին տնտեսական հատված

 

2020 թվականին Հայաստանի արտահանումը նվազել է 3.9%-ով, իսկ ներմուծումը՝ 17.7%-ով: Արտահանման անկումը մի կողմից պայմանավորված է COVID-19-ի հետեւանքով արտաքին շուկաներում առանձին ապրանքների պահանջարկի կրճատմամբ (օրինակ՝ կոնյակի), մյուս կողմից տեղական արտադրության խափանմամբ (առաջարկի կրճատմամբ, օրինակ՝ ծխախոտային արտադրատեսակների արտադրության)։

 

Արտահանման անկման հավանական գործոններից է նաեւ ավտոմեքենաների վերաարտահանման ծավալների կրճատումը. 2020 թվականին ավտոմեքենաների արտահանումը նվազել էր 50.9%-ով:

 

4-րդ եռամսյակում պատերազմը, ամենայն հավանականությամբ, եւս ազդեցություն է ունեցել արտահանման անկման տեմպերի վրա: Մասնավորապես, խոսքը գնում է դորե ոսկու արտահանման մասին, ինչը պայմանավորված է Ադրբեջանի հարձակումների պատճառով Սոթքի հանքավայրի գործունեության ժամանակավոր խափանմամբ։

 

Չնայած արտահանման ծավալների կրճատմանը, այնուամենայնիվ որոշ ճյուղերում գրանցվել էր արտահանման աճ, ինչն, ըստ էության, մեղմել է արտահանման անկումը, ինչպես օրինակ հանքահումքային արտադրանքի արտահանման դեպքում (11.5% հավելաճ), որը ենթադրաբար պայմանավորված էր 2020 թվականին Թեղուտի հանքավայրի վերագործարկմամբ:

 

Ինչ վերաբերում է ներմուծման անկմանը, ապա ամենամեծ գործոնն այստեղ ավտոմեքենաների ներմուծման կրճատումն էր: 2020 թվականին Հայաստանը ներմուծել է 74.4%-ով պակաս ավտոմեքենա, քան 2019-ին: Ավտոմեքենաների ներկրման նման կրճատումը պայմանավորված էր նախ եւ առաջ 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացմամբ՝ համապատասխան ԵԱՏՄ ընթացակարգերի:

4. Դրամն արժեզրկվել է դոլարի նկատմամբ

 

Դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ տեղի է ունենում, նախ եւ առաջ երկիր դոլարի ներհոսքի կրճատման արդյունքում: 2020 թվականի նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով արտասահման փոխանցված միջոցները (167.7 մլն դոլար) առաջին անգամ գերազանցեցին արտասահմանից ստացված միջոցներին (152.7 մլն դոլար): Դրամի արժեզրկմանը նպաստած այլ հավանական գործոններից են նաեւ համավարակի տարածումը եւ պատերազմի բռնկումը:

5. Պարտքային բեռն ավելացել է 628.0 մլն ԱՄՆ դոլարով

 

Հայաստանի պարտքային բեռը 2020 թվականին ավելացել է 628.0 մլն ԱՄՆ դոլարով՝ տարեվերջին հասնելով մոտ 8 միլիարդ ԱՄՆ դոլարի: Համաձայն ֆինանսների նախարարության կանխատեսումների՝  2020 թվականին Հայաստանի պետական պարտքը կկազմի նախորդ տարվա ՀՆԱ-ի 70%-ը, իսկ պետական պարտքն առանց ԿԲ պարտքի, այսինքն միայն կառավարության պարտքը, կկազմի ՀՆԱ-ի 66%-ը՝ ՀՆԱ նկատմամբ ավելանալով 4.5 տոկոսային կետով: Հարկ է նշել, որ ըստ ՀՀ օրենսդրության՝ ՀՀ պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը:

Հոդվածը սկզբնապես հրապարակվել է banks.am կայքում։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են