Այս կամ այն երկրի արտահանման մասին խոսելիս նախ նշում ենք դրա մեծությունը։ Իսկ ի՞նչ է թաքնված արտահանման ամեն դոլարի հետևում, արդյո՞ք տնտեսական արդյունքները նույնական են։ Սաուդյան Արաբիայի և Շվեդիայի ապրանքային արտահանումները գրեթե նույն մեծությունն ունեն, սակայն ՄԱԿ-ի տվյալներից երևում է, որ եթե Սաուդյան Արաբիայի դեպքում ապրանքային արտահանման գրեթե 60%-ը հում նավթն է, ապա Շվեդիայի դեպքում արտահանման զամբյուղը դիվերսիֆիկացված է, ամենամեծ մասնաբաժինն ունեն ներքին այրման կամ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները, այն էլ՝ ընդամենը 3% կշռով։ Ակնհայտ է, որ այս երկու տարբերակներում թե՛ արժեշղթան, թե՛ տնտեսական արդյունքը, թե՛ ռիսկերի մակարդակը նույնը չեն։

 

Իսկ ի՞նչ պատկեր կլինի, եթե հումքային ռեսուրսները կամ պատահական առևտրային հնարավորությունները սպառվեն։

 

Ռեգիոնոմիքսի խորագրի ներքո այսօր ներկայացնելու ենք արտահանման կառուցվածքը Հարավային Կովկասի երկրներում՝ գնահատելով ոչ միայն փաստացի, այլ նաև այն հնարավոր թվերը, որոնք կլինեին, եթե սպառվեին հումքային ռեսուրսներն ու վերաարտահանման առևտրային հնարավորությունները:

 


Ի՞նչ և ինչքա՞ն են արտահանում Հարավային Կովկասի երկրները

Տարածաշրջանի ամենամեծ արտահանողի՝ Ադրբեջանի, արտահանման զամբյուղում առյուծի բաժինը նավթին ու գազին է բաժին ընկնում, ինչն էլ պայմանավորում է արտահանման մեծության կախվածությունը էներգակիրների համաշխարհային գների տատանումներից։ Մասնավորապես, 2022թ-ին ապրանքային արտահանման թռիչքաձև աճը (2021թ-ի համեմատ մոտ 72%-ով) ո՛չ արտադրողականության աճի, և ո՛չ էլ այնքան արտահանման ֆիզիկական ծավալներով պայմանավորված չէր (գազի արտահանման ֆիզիկական ծավալի աճը 2021թ-ի համեմատ եղել է ընդամենը 17%)․ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Եվրոպայում առաջացած էներգետիկ ճգնաժամը հանգեցրել էր գազի գնի պատմականորեն բարձր մակարդակի։ Երբ արտահանումը այսպես մեծանում է արտաքին, անվերահսկելի գործոնների ազդեցությամբ, այն կարող է նաև կտրուկ նվազել, երբ արտաքին դրական շոկին հաջորդում է բացասական շոկը։ Արդյունքում, ինչպես երևում է գծապատկերից, արտաքին շոկից երեք տարի անց Ադրբեջանի արտահանման մեծությունը մոտավորապես վերադարձավ իր նախկին դիրքին։

Գծապատկերից երևում է դրական շոկի ազդեցությունը նաև Հայաստանի արտահանման վրա։ Հայաստանի արտահանումը 2021-2024թթ-ին քառապատկվել է՝ մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլարից հասնելով ամենաբարձր ցուցանիշին՝ 13 մլրդ ԱՄՆ դոլար։ Այս աճը պայմանավորված էր այդ տարիներին դեպի Ռուսաստան վերաարտահանումների աննախադեպ ծավալով։ Սակայն շոկի ավարտին, արտահանումը սկսել է նվազել, միայն 2025թ-ին՝ նախորդ տարվա համեմատ ավելի քան 56%-ով։

 

Վրաստանը մշտապես ունեցել է վերաարտահանման, հատկապես՝ օգտագործված ավտոմեքենաների վերաարտահանման տարածաշրջանային հանգույցի դեր, սակայն ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում իր վերաարտահանման հանգույցի դերը չի կարողացել ամբողջովին օգտագործել և արտահանման ընդհանուր ծավալով զիջել է նաև Հայաստանին։ Ավելին, երկիրը կորցրել է ուկրաինական շուկան որպես ավտոմեքենաների վաճառքի խոշոր ուղղություն։ Բայց Վրաստանին հաջողվել է ստեղծել արտահանման այնպիսի մոդել, որը ապահովել է կայուն աճ՝ չնայած անբարենպաստ արտաքին հանգամանքներին․ 2021-2025թթ․ Վրաստանի ապրանքային արտահանումը ավելացել է դանդաղ, բայց ապահովել է մոտ 72% աճ հինգ տարում։

 

Արտաքին շոկերի նկատմամբ կայունությունը մեծապես պայմանավորված է արտահանման կառուցվածքով։ Ինչպես երևում է երկրորդ գծապատկերից, Վրաստանն ունի ամենադիվերսիֆիկացված արտահանումը։ Արտահանման «առողջության» համար պակաս կարևոր չէ նաև արտահանվող ապրանքների բնույթը։ Մշակման բարձր աստիճանով ապրանքախմբեր արտահանելը առավել մեծ տնտեսական օգտակարություն ունի, քան հումքային ռեսուրսներ արտահանելը. ի վերջո էներգակիրները մի օր սպառվում են, իսկ բարդ արժեշղթան ու զարգացած տնտեսական կարողությունները ոչ միայն չեն սպառվում, այլ բազմապատկվում են արտահանվող ամեն միավորի հետ։

 

Արտահանման ապրանքային կենտրոնացվածության մակարդակը արտացոլող Հերֆինդալ-Հիրշմանի գործակիցը (ըստ ԱՏԳ ԱԱ 6-նիշ դասակարգչի ծածկագրերի) 2025թ-ին Ադրբեջանի դեպքում եղել է 3581, ինչը նշանակում է, որ արտահանումը ունի չափազանց բարձր կենտրոնացվածություն։ Միայն նավթը, նավթամթերքներն ու գազը միասին ապահովել են Ադրբեջանի ապրանքային արտահանման ավելի քան 85%-ը։ Հայաստանի ու հատկապես Վրաստանի արտահանման կառուցվածքը ցածր կենտրոնացվածություն ունի․ Հերֆինդալ-Հիրշմանի գործակիցը համապատասխանաբար 705 ու 485 է։

Ապրանքների և ծառայությունների արտահանման պատկերը՝ առանց հումքային ռեսուրսների և վերաարտահանման

Ի՞նչ տեսք կունենան արտահանման մեծությունն ու որակը, եթե սպառվեն հումքային ռեսուրսները և վերաարտահանման հնարավորությունները։ Հարցին պատասխանելու համար մենք ապրանքների և ծառայությունների արտահանման կառուցվածքից առանձնացրել ենք պատկերը դեֆորմացնող հիմնական ապրանքախմբերը՝ ռեսուրսահեն արտահանումը (մետաղական հանքաքարը, խտանյութն ու տեղական հումքից համաձուլվածքները, օգտակար հանածոները, գազը և նավթը, ինչպես նաև նավթագազային ոլորտի բեռնափոխադրման ծառայությունները), ինչպես նաև վերաարտահանման ծավալները, որոնցից օգտվել են Հարավային Կովկասի երկրները ռուս-ուկրաինական շոկի արդյունքում։

Գծապատկերից երևում է, որ Հայաստանի ու Վրաստանի դեպքում մեծ է վերաարտահանման կշիռը ընդհանուր արտահանման կառուցվածքում՝ համապատասխանաբար 33% և 25%: Իսկ Ադրբեջանի դեպքում արտահանման մեծ մասը տեղական ռեսուրսահեն արտահանումն է (71%): Եթե դիտարկենք միայն ոչ ռեսուրսահեն տեղական արտահանումը, այսինքն՝ բացառենք տեղական ռեսուրսահեն արտահանումն ու վերաարտահանումը, ապա Վրաստանի մոտ այն 10.8 մլրդ ԱՄՆ դոլար է (ընդհանուր արտահանման 69%-ը), Ադրբեջանի մոտ՝ 9.5 մլրդ ԱՄՆ դոլար (28%), իսկ Հայաստանի մոտ՝ 8.3 մլրդ ԱՄՆ դոլար (58%)։

 

Հայաստանի ոչ ռեսուրսահեն տեղական արտահանման կառուցվածքում երկու առաջատար ապրանքախմբերը սիգարետը և բրենդին են։ Վրաստանի ոչ ռեսուրսահեն տեղական արտահանման հիմնական ապրանքախմբերն են գինին, բրենդին, հանքային ջրերը, իսկ Ադրբեջանի դեպքում՝ պտուղները, օրինակ՝ հատապտուղներ, նուռ և այլն, ինչպես նաև լոլիկը։

Այսպիսով, արտահանման մեծությունը դեռևս չի նշանակում դրա որակ կամ կայունություն։ Հարավային Կովկասի երկրների փորձը ցույց է տալիս, որ հումքից և վերաարտահանման հնարավորություններից կախված աճը երկարաժամկետ հիմք չի ստեղծում։ Առանցքային խնդիրը արտահանման ծավալը պարզապես մեծացնելը չէ, այլ դիվերսիֆիկացված, բարձր ավելացված արժեքով և տեղական կարողություններ զարգացնող արտահանման ձևավորումը։

Այս հոդվածը պատրաստվել է ACSES վերլուծական կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ACSES վերլուծական կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում:

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են