ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով 2021թ-ին Հայաստանի ապրանքային արտահանումը եղել է շուրջ 3 մլրդ ԱՄՆ դոլար, որի 29.4%-ը բաժին է ընկել ԵԱՏՄ երկրներին, այդ թվում միայն Ռուսաստանին՝ 28%-ը, ընդ որում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալի 60.7%-ը իրականացվում է ռուսական ռուբլով։ 2021թ-ին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 847.3 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, որի մի մասը կազմում է վերաարտահանումը, սակայն Ռուսաստան կատարված վերաարտահանման ծավալների վերաբերյալ վիճակագրական տվյալներ չեն հրապարակվում։ Այդուհանդերձ, Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը։
Սույն հոդվածի շրջանակում մենք փորձել ենք գնահատել, թե արդյունաբերության որ ենթաոլորտներն են առավել խոցելի այս իրավիճակի պարագայում (հաշվի առնելով նրանց արտահանման ուղղվածությունը) և ինչպես են այդ ենթաոլորտի ձեռնարկությունները զգում/զգալու բացասական ազդեցությունները։
Համաձայն ՏԳՏԴ խմբ․ 2-ի արդյունաբերությունը ընդգրկում է հետևյալ ոլորտները՝
- Հանքագործական արդյունաբերություն և բացհանքերի շահագործում (B),
- Մշակող արդյունաբերություն (C),
- Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում (D),
- Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում (E)։
ԵԱՏՄ-ն Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների արտահանման հիմնական ուղղությունը չէ
2021 թվականի տվյալներով Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի 56%-ը իրացվում է տեղական՝ հայաստանյան շուկայում (1.3 տրիլիոն դրամ), մնացածը արտահանվում է, այդ թվում ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը արդյունաբերական արտադրանքի իրացման կառուցվածքում 8.4% է։ Միգուցե շատերի համար զարմանալի լինի, բայց դա պայմանավորված է նրանով, որ հանքահումքային արտադրանքը հիմնականում արտահանվում է երրորդ երկրներ։
Ընդհանուր առմամբ 2021թ-ին ՀՀ արդյունաբերական ձեռնարկությունները ԵԱՏՄ երկրներում իրացրել են 201.4 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, որի՝ 97%-ից ավելին Ռուսաստանում, ընդ որում՝ 201.4 մլրդ դրամից 199 մլրդ դրամը բաժին է ընկնում մշակող արդյունաբերությանը, իսկ 2.2 մլրդ դրամը հանքագործական արդյունաբերությանը։
2021թ-ին Հայաստանի մշակող արդյունաբերության արտադրանքի 13%-ը իրացվել է ԵԱՏՄ երկրներում
Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2021թ-ին Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների արտադրանքի 13%-ը իրացվել է ԵԱՏՄ շուկայում, ընդ որում՝ առանձին ենթաոլորտների դեպքում այդ ցուցանիշը գերազանցել է նույնիսկ 80%-ը։ Հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը՝ սպասվում տնտեսական անկումը և բարձր ինֆլյացիան՝ ռուսական շուկայի վրա կենտրոնացած արտահանողները, այլ հավասար պայմաններում, կկրեն լուրջ վնասներ։
2021թ-ին բացարձակ մեծությամբ ԵԱՏՄ արտահանող առաջատար 10 ենթաոլորտներին բաժին է ընկել մշակող արդյունաբերության ԵԱՏՄ ընդհանուր արտահանման ավելի քան 79%-ը, ընդ որում՝ միայն կոնյակի արտադրության ոլորտին շուրջ 41%-ը։ Հաշվետու տարում այս ոլորտի ձեռնարկությունները ԵԱՏՄ են արտահանել ավելի քան 82 մլրդ դրամի արտադրանք, որի ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի Դաշնություն։
Առաջատար 10 ենթաոլորտներում ԵԱՏՄ երկրներ արտահանման մասնաբաժինը տատանվում է 14-83% միջակայքում։ ԵԱՏՄ երկրներ արտահանման մասնաբաժինը առավել բարձր է ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակում և պահածոյացման ենթաոլորտում (83%), ադամանդների մշակման ենթաոլորտում (77%)։ Այլ ենթաոլորտներից հատկանշական է, որ Հայաստանում արտադրվող ոգելից խմիչքների մոտ 70%-ը իրացվում է ԵԱՏՄ երկրներում․ կոնյակի արտադրության 66%-ը, գինու արտադրության 37.4%-ը, այլ ալկոհոլային խմիչքների 73%-ը։ Պետք է նշել, որ այս ենթաոլորտի վրա բացասական ազդեցությունը իրենց վրա շղթայաբար զգալու են նաև տասնյակ հազարավոր խաղողագործներ։
Ինչպես են իրենց վրա զգում/զգալու բացասական ազդեցությունները Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները
Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների վրա ռուսական շուկայի զարգացումները բացասաբար են անդրադարձել/անդրադառնալու մի քանի հիմնական մեխանիզմներով՝
-
Հայկական ձեռնարկությունների մրցունակությունը ռուսական շուկայում նվազել է – այն շուկաներում, որտեղ հայկական ձեռնարկությունները մրցում են ռուսական տեղական արտադրողների հետ, դրամի նկատմամբ ռուսական ռուբլու շուրջ 30% արժեզրկման պատճառով ռուսական ընկերությունները գնային առումով հարաբերականորեն ավելի մրցունակ են դարձել, քանի որ իրենց արտադրանքի ինքնարժեքի մի զգալի մասը գնանշվում է ռուբլիով։
- Ռուսական շուկայում սպառման ծավալները կկրճատվեն – տարբեր կանխատեսումներով 2022թ-ին Ռուսաստանում սպասվում է առնվազն 8% տնտեսական անկում և 20% գնաճ, ինչի արդյունքում ռուսական շուկայում ամբողջական սպառումը կրճատվելու է, որն այլ հավասար պայմաններում, բացասաբար է անդրադառնալու նաև հայկական ձեռնարկությունների ապրանքների սպառման ծավալների վրա։ Հարկ է նշել, որ չի բացառվում սցենար, երբ հայկական ընկերությունները առանձին շուկաներում կփոխարինեն իրենց արևմտյան մրցակիցներին կամ պարզապես կգործի փոխարինման էֆֆեկտը։
- Շահույթի մարժան կնվազի – ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման պարագայում, հավանականությունը, որ հայկական ձեռնարկությունների ապրանքները համարժեք կթանկանան քիչ է, ինչը ենթադրում է, որ նույնիսկ իրացման ֆիզիկական ծավալների պահպանման պարագայում, ընկերությունների շահույթի մարժան կնվազի։
- Դեբիտորական պարտքերը դրամական արտահայտությամբ արժեզրկվել են – ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020թ-ի տարեվերջի դրությամբ Հայաստանի միայն խոշոր և միջին ձեռնարկությունները Ռուսաստանի կոնտրագենտների գծով ունեցել են շուրջ 85 մլրդ դրամի դեբիտորական պարտքեր։ Եթե ընդունենք, որ դեբիտորական պարտքերի մեծությունը չի փոխվել, նախապատերազմական իրավիճակի համեմատ դրամի նկատմամբ ռուսական ռուբլու շուրջ 30% արժեզրկման պատճառով Հայաստանյան միջին և խոշոր ընկերությունների վնասը դրամական արտահայտությամբ կազմել է շուրջ 16 մլրդ դրամ։
Ամփոփելով` հարկ է նշել, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է պետական օժանդակության միջոցառումների շտապ իրականացում, ինչը թույլ կտա կանխարգելել բացասական հետևանքների խորացումը Հայաստանի տնտեսության վրա։