2026-ի ապրիլի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ՌԴ նախագահը, խոսելով Հայաստանի տնտեսության՝ Ռուսաստանից կախվածության մասին, ակնարկեց, որ Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը կարող է վերանայվել և համապատասխանեցվել շուկայական մակարդակին։ Արդեն մայիսի 27-ին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ՌԴ դեսպանատունը դիվանագիտական ուղիներով Հայաստանի իշխանություններին է փոխանցել ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը՝ զգուշացնելով, որ կարող է վերանայել գազի մատակարարման համաձայնագիրը, եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։
Զենքայնացում
Ժամանակակից քաղաքագիտությունը «զենքայնացում» է անվանում երևույթը, երբ մի երկիրը զենք չհամարվող երևույթները օգտագործում է մյուսի դեմ՝ առաջ մղելու իր քաղաքական շահերը։ ՌԴ-ի կողմից բնական գազի գնի շահարկումը զենքայնացման օրինակ է, որի «պայթյունի» վտանգը կախված է մեր տնտեսության գլխին։
Այս հոդվածի շրջանակում նպատակ ունենք նկարագրել, թե ինչպես առաջացավ նման խոցելիություն, Հայաստանը ինչքան է շահում գազի արտոնյալ գնից, գազի մատակարարման ինչ այլընտրանքներ ունի մեր երկիրը։
Ինչպես Հայաստանը դարձավ այդքան խոցելի ռուսական գազից
Ինչպես Հայաստանը դարձավ այդքան խոցելի ռուսական գազից
2013-ի դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց երկու «գազային» համաձայնագիր։
Առաջին համաձայնագրով ռուսական «Գազպրոմը» ուղղակի վաճառքի միջոցով, առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համաձայնեցումների և թույլտվությունների, ձեռք բերեց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարությանը պատկանող վերջին 20% բաժնեմասը՝ դառնալով Հայաստանի ամբողջ գազաբաշխիչ ցանցի միակ սեփականատերը։ Բացի այդ, համաձայնագրով՝ հայկական կողմը պարտավորվեց մինչև 2043-ը բնական գազ գնել բացառապես «Գազպրոմից»։
Երկրորդ համաձայնագրով ամրագրվեց Հայաստան մատակարարվող ռուսական բնական գազի գնի ձևավորման մեխանիզմը, որի համաձայն՝ 2014-ի հունվարի 1-ից գազի գինը սահմանին որոշվում էր ինդեքսավորման մեխանիզմով։ Ինդեքսը ձևավորվում է երկու բաղադրիչից՝ 65%-ով հաշվի է առնվում Ռուսաստանի Օրենբուրգի մարզում գազի գնի փոփոխությունը, իսկ 35%-ով՝ սղաճը։
Այսպիսով, Հայաստանը դարձավ ամբողջովին կախյալ ռուսական գազի մատակարումից։ Սակայն, ըստ մտահաղացման, ռուսական կողմը զրկվում էր գինը կամայականորեն վերանայելու հնարավորությունից, իսկ գնագոյացումն ամբողջությամբ կապվում էր ռուսական ներքին շուկայի ցուցանիշներին:
Գազի գնագոյացումը
Նախքան համաձայնագրի կնքումըմ Հայաստանի համար ռուսական բնական գազի գինը սահմանին կազմում էր 270 դոլար 1,000 խմ-ի դիմաց, որի մեջ ներառված էր նաև 30% մաքսատուրքը։ 2013-ի համաձայնագրով մաքսատուրքը վերացվեց, ինչի արդյունքում գազի գինը սահմանին Հայաստանի համար ամրագրվեց 1,000 խմ-ի համար 189 դոլար։ 2014-ից ի վեր ռուսական բնական գազի գինը սահմանին փոխվել է մի քանի անգամ՝ ի վերջո 2019-ին հաստատվելով 165 դոլար՝ 1,000 խմ-ի դիմաց։ 2022-ից սահմանին գազի գնի հաշվարկման կարգը վերանայվեց՝ ներդրվեց գազի գինը կալորիականությամբ (ջերմատվությամբ) ճշգրտելու մեխանիզմը։ Ըստ այդմ՝ պայմանագրով սահմանված 165 դոլար բազային գինը կիրառվում է 7,900 կկալ/խմ կալորիականությամբ բնական գազի նկատմամբ։ Եթե մատակարարվող գազի կալորիականությունն ավելի բարձր է, գինը վերահաշվարկվում է․ մասնավորապես, 8,500 կկալ/խմ ստորին այրման ջերմության դեպքում հաշվարկային գինը կազմում է 177.5 դոլար՝ 1,000 խմ-ի դիմաց, իսկ կալորիականության ավելի բարձր կամ ցածր լինելու դեպքում համամասնորեն փոփոխվում է։ Ըստ պաշտոնյաների՝ Հայաստան մատակարարվող գազի կալորիականությունը գերազանցում է 7,900 կկալ/խմ-ը, այդ իսկ պատճառով սահմանին վճարվող փաստացի գինը վերջին տարիներին եղել է 173 և 175 դոլար:
Հայաստանի համար ռուսական բնական գազի գինը պատմականորեն ձևավորվել է միջպետական համաձայնագրերով, «Գազպրոմ Էքսպորտի» և «ՀայՌուսգազարդի» (հետագայում` «Գազպրոմ Արմենիա») միջև կնքված պայմանագրերով և այդ պայմանագրերին կից լրացուցիչ համաձայնագրերով։ Եվրոպական երկրների դեպքում ռուսական գազի գինը հիմնականում ձևավորվում է շուկայական մեխանիզմներով՝ առաջարկի և պահանջարկի հարաբերակցության հիման վրա։
Արդյունքում՝ 2014-2025 թթ. Հայաստանի համար սահմանված ռուսական բնական գազի գինը հիմնականում եղել է ավելի ցածր, քան ռուսական գազի միջին գինը ԵՄ շուկայում։ Սակայն եղել են ամիսներ, երբ Հայաստանի համար սահմանված գինը ավելի բարձր է եղել, քան Եվրոպայում։ Օրինակ՝ 2016-ի ապրիլին շուկայական գինը Եվրոպայում եղել է 128 դոլար, 2019-ի հուլիսին՝ 116 դոլար, այնինչ Հայաստանի համար նույն ժամանակահատվածներում սահմանված գինը եղել է համապատասխանաբար 150 և 165 դոլար։
Ի՞նչ օգուտներ ու կորուստներ են եղել «արտոնյալ» գազի գնից
Այնուամենայնիվ, չնայած տնտեսական օգուտներին, 2013-ին կնքված համաձայնագրերով հայկական կողմը ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնք երկարաժամկետ հեռանկարում սահմանափակում են երկրի էներգետիկ քաղաքականության ճկունությունն ու ինքնուրույնությունը։ Մասնավորապես.
- «ՀայՌուսգազարդի» (ներկայում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) գույքի և գույքային իրավունքների օտարումը կարող է իրականացվել առանց հայկական կողմի նախնական համաձայնության անհրաժեշտության։ Այսինքն, տեսականորեն հնարավոր է նաև վաճառքը հակառակորդ երկրների։
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին վերապահվում է Ռուսաստանից Հայաստան առաքվող գազի ներմուծման բացառիկ իրավունք։ Ավելին՝ Հայաստանն առանց ռուսական կողմի համաձայնության, մինչև 2043-ը չի կարող վերանայել համագործակցության պայմանները կամ փոփոխել իր ներքին օրենսդրությունն ու կարգավորումները, եթե դրանք կարող են փոփոխել կամ սահմանափակել «Գազպրոմ» ԲԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի իրավունքներն ու շահերը։
- «Գազպրոմ» ԲԲԸ-ի ներդրումները և նրա եկամուտները, ինչպես նաև Հայաստանի տարածքում «Գազպրոմ» ԲԲԸ-ին կամ նրա փոխկապակցված անձանց պատկանող ցանկացած գույք օգտվում են ՀՀ լիակատար և անվերապահ պաշտպանությունից և չեն կարող ենթարկվել ուղիղ կամ անուղղակի բռնագրավման, ազգայնացման կամ ռեկվիզիցիայի։ Փաստացի սա նշանակում է, որ նույնիսկ եթե նման միջոցառումները բխեն Հայաստանի ազգային շահերից կամ անվտանգության նկատառումներից, հայկական կողմը չի կարող դրանք իրականացնել առանց ստանձնած պարտավորությունները խախտելու։ Իսկ այս պարտավորությունը խախտելու դեպքում հայկական կողմը պետք է անհապաղ հատուցի այդպիսի գույքի, իրավունքների կամ շահերի արժեքը ԱՄՆ դոլարով դրանց լրիվ շուկայական արժեքով։
Հայաստանի գազամատակարարման դիվերսիֆիկացման հնարավորությունները
Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանը Ռուսաստանից տարեկան միջինը ներմուծել է շուրջ 2.2 մլրդ խմ բնական գազ։ Եթե սպառման ներկայիս մակարդակը պահպանվի, իսկ գազի գները բարձրացվեն սպառողների բոլոր խմբերի համար, ապա լրացուցիչ տարեկան վճարումները կարող են կազմել շուրջ 400 մլն դոլար, ինչը Հայաստանի տնտեսության համար զգալի ֆինանսական բեռ է։ Բնականաբար, գնի բարձրացման վտանգի ներքո հարց է առաջանում, թե ինչ այլընտրանքներ կան։
Ստեղծված իրավիճակում բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացումը դառնում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Ստորև ներկայացվում են հնարավոր այլընտրանքային ուղղությունները, դրանց առավելություններն ու առկա մարտահրավերները։
Բնական գազի ներմուծումը Իրանից
2009-ից ի վեր Հայաստանը Իրանից ներմուծում է բնական գազ, որի դիմաց Իրան է արտահանում էլեկտրաէներգիա՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։ 2025-ին Իրանից Հայաստան ներմուծվել է 476 մլն խմ գազ, ինչը կազմում է այդ տարի Հայաստան ներմուծված բնական գազի 17.6%-ը։ Սակայն գազատարի արդիականացման ու ճնշման ավելացման պարագայում Իրան-Հայաստան գազատարը կարող է ապահովել տարեկան շուրջ 2 մլրդ խմ գազ, այսինքն մոտավորապես այնքան, որքան Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից (2.2 մլրդ խմ)։
Այս տարբերակի արդյունավետությունը մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք Իրանը կհամաձայնի բնական գազ մատակարարել Հայաստանին արտոնյալ պայմաններով։ Հարկ է նշել, որ դեռ 2013-ին Հայաստանում Իրանի դեսպանը նշել էր, որ չի բացառվում՝ Իրանը որոշ բարեկամ երկրների համար կիրառի արտոնյալ սակագներ։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար սահմանվելիք բնական գազի վերջնական գինը ամբողջությամբ կախված կլինի երկկողմ բանակցությունների արդյունքներից։ Այդուհանդերձ, Իրանից բնական գազի ներմուծումը ունի մի շարք սահմանափակումներ, որոնք պետք է հաշվի առնել.
- Իրան-Հայաստան գազատարը «Գազպրոմի» ենթակայության ներքո է, ուստի ընկերությունը կարող է ազդեցություն ունենալ գազատարի շահագործման պայմանների վրա՝ ինչպես տեխնիկական սահմանափակումների (օրինակ՝ արդիականացման աշխատանքների իրականացումը թույ չտալով կամ դրանք ձգձգելով), այնպես էլ ենթակառուցվածքի օգտագործման համար բարձր վճարներ սահմանելու միջոցով։
- Թեև 2025-ի տվյալներով Իրանը 264.8 մլրդ խմ բնական գազ է արտադրել, 2026-ի մարտի 26-ի Հարավային Ֆարսի բնական գազի հանքավայրի ռմբակոծությունից հետո պարզ չէ, թե արտադրական կարողությունների ո՞ր մասն է պիտանի մնացել շահագործման համար։ Հարկ է նշել, որ այս հանքավայրին բաժին էր ընկնում Իրանի բնական գազի արտադրության 70%-ը։
- Նույնիսկ մինչև 2026-ի ռազմական բախումը Իրանում առկա էր գազի մատակարարման կառուցվածքային դեֆիցիտ, հատկապես, ձմեռային ամիսներին, ինչն ըստ որոշ գնահատականների ձմեռվա առանձին օրերի հասնում է մինչև 540 մլն խմ-ի։ Պատճառն այն է, որ տնային տնտեսությունների գրեթե 95%-ը ունեն հասանելիություն գազամատակարարման ցանցին և գազ են օգտագործում ջեռուցման ու սննդի պատրաստման համար։ Բացի այդ, համատարած սուբսիդիաների պատճառով ո՛չ տնային տնտեսությունները, ո՛չ էլ ձեռնարկությունները շահագրգռված չեն էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ։
Հաշվի առնելով այս սահմանափակումները, իրատեսական կլինի Իրանից գազ ներմուծել ապրիլից հոկտեմբեր ամիսներին ընթացիկ սպառման և կուտակման համար՝ ձմեռային ամիսներին օգտագործելու նպատակով։
Թուրքմենստանից գազի ներմուծում
Թուրքմենստանից Իրանի տարածքով Հայաստան ավելի էժան գազ ներմուծելու հնարավորությունը դիտարկվում էր դեռ 1990-ականներին։ Համարվում էր, որ Թուրքմենստանը կարող է վառելիք մատակարարել Իրան գործող Կորպեջե-Կուրտ-Կուի գազամուղով, որից էլ գազը կուղղվեր Հայաստան Իրան-Հայաստան գազամուղով: 2001-ի նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Իրանի տարածքով Հայաստան թուրքմենական գազի տարանցման մասին» հայ-իրանական համաձայնագրի նախագծին, որի ստորագրումը նախատեսվում էր նույն տարվա դեկտեմբերին: Sակայն այս ծրագիրը այդպես էլ իրականություն չդարձավ։
Թուքմենստանից գազ գնելու հնարավորությունը ակտիվ քննարկվում էր վերջին հինգ-վեց տարիների ընթացքում, իսկ 2025-ին ՀՀ վարչապետի խորհրդականը հայտարարեց, որ Հայաստանը բանակցություններ է վարում Թուրքմենստանի հետ սվոփ մեխանիզմով գազ գնելու շուրջ։ Համաձայն այս ծրագրի՝ թուրքմենական գազը կմատակարարվի Իրան, որտեղ կսպառվի սահմանամերձ մարզերում, իսկ դրա դիմաց Հայաստանին կմատակարարվի համարժեք ծավալով իրանական բնական գազ։ Նույնիսկ նշվում էր մատակարարման ծավալների մասին. այն պետք է կազմեր տարեկան 600 մլն-ից մինչև 1 մլրդ խմ։
Թուրքմենստանը աշխարհի խոշորագույն գազային պաշարներ ունեցող երկրներից է և ակտիվ փորձում է դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները, այդ թվում Իրանի հետ գազի փոխանակման մեխանիզմի միջոցով։ Սվոփ մեխանիզմով Թուրքմենստանը Իրանի միջոցով գազ էր մատակարարում նաև Թուրքիա։ Սակայն Թուրքմենստան-Իրան-Թուրքիա սվոփ գործարքը գործել է միայն 2025-ի մարտից մինչև հունիս։ Դրանից հետո գազի մատակարարումները հանկարծակի դադարել են։ Թեև կողմերը ներկայացրել են տարբեր բացատրություններ, ըստ ամենայնի, գործարքի դադարեցման հիմնական պատճառը եղել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, որոնք զգալիորեն բարդացնում են իրանական գազի ներմուծումը։
Հայաստանի դեպքում ևս պատժամիջոցների գործոնը կարող է խոչընդոտել Թուրքմենստան-Իրան-Հայաստան սվոփ գործարքի իրականացմանը։ Այս ծրագրի գլխավոր բաղադրիչներից է նաև գազի գնի շուրջ կողմերի միջև համաձայնության գալը։
Ադրբեջանից գազի մատակարարում
Երրորդ տարբերակը Ադրբեջանից Վրաստանի միջոցով գազի մատակարարումն է Հայաստան։ Քանի որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազն անցնում է Վրաստանի տարածքով, և Վրաստանը գազ է ներմուծում Ադրբեջանից, տեխնիկապես ադրբեջանական գազի ներմուծումը Հայաստան հնարավոր է կազմակերպել օրերի ընթացքում։ Այս սխեմայով Ադրբեջանը, օգտագործելով վրացական ենթակառուցվածքները, կարող է գազ մատակարարել Հայաստան։
Օրինակ՝ 2021-ին Հյուսիսային Կովկաս–Անդրկովկաս գազատարի վերանորոգման ընթացքում Հայաստան ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես իրականացվել են Ադրբեջանի տարածքով՝ Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի տարանցմամբ Ադրբեջան–Վրաստան–Հայաստան երթուղով։ Կան նաև խորհրդային տարիներին կառուցված գազատարներ, որոնք ուղակիորեն գազ են մատակարարում Հայաստան, սակայն դրանց տեխնիկական վիճակի մասին ներկայում տվյալները քիչ են և առնվազն մի քանի ամիս կամ մոտ մեկ տարի կպահանջվի դրանք նորից գործարկելու համար։ Այս տարբերակը թեև տեխնիկապես հնարավոր է, կողմերը պետք է համաձայնության գան քաղաքական հարցերի և գնի շուրջ։ Հայաստանը միաժամանակ ադրբեջանական գազի մատակարարումը պետք է պահի այնպիսի ծավալների մեջ, որը չի վտանգում երկրի էներգետիկ անվտանգությունը։
Ադրբեջանական գազի գինը
2025-ին ադրբեջանական գազի գինը միջինը եղել է 289 ԱՄՆ դոլար՝ 1,000 խմ-ի դիմաց։
Այսպիսով բոլոր հնարավոր այլընտրանքներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները։ Այս հոդվածն այն մասին չէ, որ ռուսական գազի մատակարարումը պետք է փոխարինել միայն ադրբեջանական, միայն իրանական կամ միայն թուրքմենական գազով, ընդհակառակը, Հայաստանի համար առավել նպատակահարմար է զարգացնել գազի մատակարարումը միաժամանակ մի քանի աղբյուրներից, ինչը հնարավորություն կտա նվազեցնել կախվածության ռիսկերը, բարձրացնել էներգետիկ անվտանգությունը և ուժեղացնել երկրի բանակցային դիրքերը բնական գազի շուկայում։
Սակայն այդ ամենը անհնար է, եթե Հայաստանը չվերականգնի էներգետիկայի ոլորտում ավելի ճկուն քաղաքականություն վարելու իր իրավունքը, ինչը հնարավոր է իրականացնել երկու եղանակով. (1) Բանակցել Ռուսաստանի հետ 2013-ի դեկտեմբերի 2-ին կնքված համաձայնագրի սահմանափակող դրույթների վերանայման շուրջ, (2) չկատարել այդ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և համաձայն պայմանագրի վճարել 63,3 մլրդ դրամին համարժեք դոլար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 20%-ի դիմաց և փոխհատուցել «Գազպրոմ» ԲԲԸ-ի բոլոր վնասները, որոնք կառաջանան ստանձնած պարտավորությունների չկատարման արդյունքում, ինչը հղի է նաև անցանկալի քաղաքական զարգացումներով։