2023թ-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի թողարկումն աճել է ընդամենը 0․5%-ով, ընդ որում՝ աճը հիմնականում զսպել են փոխարժեքի հետ չկապված իրավիճակային գործոնները։

 

Ռուսաստանի 2022թ-ի ներխուժումը Ուկրաինա խառնեց տարածաշրջանի երկրների խաղաքարտերը, եթե ոչ ամբողջ աշխարհի։ Ստեղծված իրավիճակը, ի տարբերություն շատ երկրների, նպաստավոր էր ԵԱՏՄ անդամ Հայաստանի տնտեսության համար, և 2022թ-ին արձանագրվեց 2008թ-ից ի վեր ամենաբարձր աճը՝ 12.6%։ Տարբեր գնահատականներով ռուս-ուկրաինական պատերազմին վերագրելի գործոնների նպաստումը Հայաստանի 2022թ-ի ՀՆԱ-ի 12.6% իրական ծավալի աճին եղել է 5-6%-ային կետ։ Նոր իրականությունը, բացելով նոր հնարավորություններ հայաստանյան տնտեսավարողների համար, առաջացրեց նաև մարտահրավերներ, հանգեցնելով տնտեսության կառուցվածքի փոփոխության։ 2022թ-ին ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության մասնաբաժինը նվազեց 1.4%-ային կետով՝ հասնելով 18.5%-ի, այն դեպքում, երբ արդյունաբերության համախառն ավելացված արժեքն աճել էր 6.0%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի թողարկումը՝ 7.9%-ով։

Վիճակագրական համատեքստում «Արդյունաբերություն» ասելով հասկանում են տնտեսական գործունեության հետևյալ տեսակների համախումբը համաձայն տնտեսական գործունեության տեսակների միջազգային դասակարգչի՝ (B) Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում, (C) Մշակող արդյունաբերություն, (D) Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում, (E) Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում:


Ինչպիսի՞ն է արդյունաբերությունը Հայաստանում

2022թ-ին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի թողարկումը եղել է շուրջ 2.7 տրիլիոն դրամ, որի կառուցվածքում՝ 34.1%-ը բաժին է ընկել սննդամթերքի և խմիչքների արտադրությանը, 25.3%-ը` հանքարդյունաբերության արժեշղթային (B07 և C23), 12.3%-ը՝ էներգետիկային (D):

Այլ ոլորտներից հատկապես ուշադրության են արժանի՝ «Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը» և «Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը», որոնց մասնաբաժինը 2022թ-ի արդյունաբերության արտադրանքի կառուցվածքում եղել է, համապատասխանաբար, 8.3% և 5.4%: Ընդ որում՝ եթե առաջինը հիմնականում միտված է տեղական «շինարարության բումի» սպասարկմանը (ցեմենտի, բետոնի, ասֆալտի արտադրություն, քարի մշակում և այլն), երկրորդը միտված է արտահանմանը՝ այն էլ առավելապես դեպի ոչ-ԵԱՏՄ երկրներ։ 2022թ-ին արտահանմանը բաժին է ընկել այս ենթաոլորտի պատրաստի արտադրանքի իրացման 75.9%-ը։ Ընդհանուր առմամբ, դիտարկված ոլորտներին բաժին է ընկել 2022թ-ի արդյունաբերական արտադրանքի թողարկման 85%-ից ավելին։

 

Անդրադառնալով արդյունաբերական արտադրանքի թողարկման աշխարհագրական բաշխմանը՝ պետք է նշել, որ 2022թ-ին արդյունաբերական արտադրանքի 34.1%-ը բաժին է ընկել Երևանին, որին հաջորդում են Սյունիքն ու Արարատը, համապատասխանաբար, 21.0% և 11.6% մասնաբաժիններով։

Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի արդյունաբերության հետ

Հայաստանի արդյունաբերությունը վերջին 10 տարվա ընթացքում աճել է ավելի արագ, քան տնտեսության ոչ-արդյունաբերական հատվածը։ Այսպես, 2012թ-ի նկատմամբ 2022թ-ին համադրելի գներով արդյունաբերությունը աճել է 69%-ով, իսկ տնտեսության ոչ-արդյունաբերական հատվածը՝ 53%-ով, արդյունքում՝ արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում 16.1%-ից մինչ ռուս-ուկրաինական պատերազմը հասել էր 19.9%-ի (2021թ)։ Այդուհանդերձ, վերջին երեք տարիներին արդյունաբերությունը իր աճի տեմպերով զիջում է տնտեսության ոչ-արդյունաբերական հատվածին, և այդ խզվածքը գնալով խորանում է, օրինակ, 2023թ-ի առաջին կիսամյակում արդյունաբերության ոլորտի համախառն ավելացված արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.9%-ով, այնինչ ոչ-արդյունաբերական հատվածն աճել է 15.8%-ով։

Անդրադառնալով 2023թ-ի զարգացումներին պետք է նշել, որ արդյունաբերական արտադրանքի թողարկումը հունվար-հուլիս ամիսներին աճել է ընդամենը 0.5%-ով, ընդ որում՝ անկում է գրանցվել 10 խոշորագույն ենթաոլորտներից 4-ում։

Դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերության աճին առավել շատ նպաստել են (C23) այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը` 0.9%-ային կետ, (C13) ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 0.9%-ային կետ, և (C32.12) ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը՝ 0.8%-ային կետ։ Միևնույն ժամանակ, մետաղական հանքաքարի արդյունահանումը, հիմնային մետաղների և սննդամթերքի արտադրության ոլորտները զսպել են արդյունաբերական արտադրանքի թողարկման աճը՝ ունենալով, համապատասխանաբար, -1.6%-ային կետ, -1.5%-ային կետ և -0.6%-ային կետ նպաստում։

Ի՞նչն է եղել արդյունաբերության հիմնական ոլորտներում անկման պատճառը

Հանքագործության արժեշղթայում (մետաղական հանքաքարի արդյունահանում և հիմնային մետաղների արտադրություն) արդյունաբերական արտադրանքի թողարկումը զսպող առանցքային գործոնները կարելի է խմբավորել երեք խմբում՝

  1. Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով պարապուրդի վիճակում է հայտնվել ՎՏԲ բանկի հետ փոխկապակցած ընկերությանը պատկանող Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, ռուս գործարար Օլեգ Դերիպասկայի հետ կապերի և ռուսական հումքի օգտագործման պատճառով դժվարացել է արևմտյան երկրներում ալյումինի նրբաթիթեղի իրացումը «Ռուսալ Արմենալի» համար։
  2. Հայ-ադրբեջանական հակամարտության սրացումը: Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ նկրտումների պատճառով խափանվել է Սոթքի հանքավայրում ոսկու հանքաքարի արդյունահանումը, որը շղթայաբար բացասաբար է ազդել նաև Արարատի ոսկու կորզման գործարանի գործունեության վրա։
  3. Արտադրական խնդիրներ: Դիտարկվող ժամանակահատվածում արտադրական վթարի և արդյունահանված հանքաքարի մեջ պղնձի պարունակության քիչ լինելու պատճառով նվազել է առանձին ընկերությունների կողմից պղնձի խտանյութի թողարկումը։ Արդյունքում, 2023թ-ի հունվար-հուլիս ամիսներին բնեղեն արտահայտությամբ պղնձի խտանյութի արտադրությունը կրճատվել է 21.0%-ով, ալյումինե նրբաթիթեղինը՝ 18.7%, ֆեռոմոլիբդենինը՝ 14.6%-ով, նվազել է նաև դորե ոսկու արտադրությունը և արդյունահանումը։

2023թ-ի հունվար-հունիս [1] սննադամթերքի արտադրության ոլորտի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անկումը հիմնականում պայմանավորված է (C10.8) «Այլ սննդամթերքի արտադրության», (C10.6)«Ալրաղացարդյունաբերության», (C10.2) «Ձկնարդյունաբերության», (C10.7) հացի և ալուրահրուշակեղենի ենթաոլորտների անկումով, որոնց նպաստումը ոլորտի արտադրանքի թողարկմանը եղել է, համապատասխանաբար, -4.2%-ային կետ, -2.9%-ային կետ, – 1.0%-ային կետ և -0.5%-ային կետ։

Դիտարկվող ժամանակահատվածում այլ սննդամթերքի արտադրության ոլորտում հատկապես մեծ անկում է արձանագրել կակաոյի, շոկոլադի և շաքարի հրուշակեղենի արտադրությունը՝ 65.7%, ինչը, առավելապես պայմանավորված է դրամի արժեվորմամբ, ընդ որում՝ այն երկակի է դրսևորվել։ Մասնավորապես, ռուսական ռուբլու նկատմամբ դրամի արժեվորման պատճառով մի կողմից նվազել է շոկոլադի և շաքարի հրուշակեղենի արտահանումը դեպի Ռուսաստան, մյուս կողմի՝ ներքին շուկայում իրենց մրցակցային դիրքերն են ամրապնդել արտասահմանյան բրենդները։ Ալրաղացարդյունաբերությունում արտադրանքի թողարկումը նվազել է 24.6%-ով, ինչը թերևս պայմանավորված է նրանով, որ տեղական ներկրողների համար ավելի ձեռնտու է դարձել ներմուծել ռուսական ալյուր, քան հացահատիկ և հետո վերամշակել։ Այսպես, 2023թ-ի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ալյուրի ներմուծումը ավելացել է 5,716 տոննայով։ Ձկնարդյունաբերությունում թողարկումը նվազել է 39.8%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է դրամի արժեվորմամբ։ Հացի և ալրահրուշակեղենի ենթաոլորտում թողարկումը նվազել է 1.8%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է հացի արտադրության կրճատմամբ, իսկ հացի արտադրության կրճատում իր հերթին պայմանավորված է մի կողմից բնակչության սննդակարգում հացի կրճատման միտումով, մյուս կողմից մարդիկ սկսել են ավելի շատ հաց ձեռքբերել փոքր արտադրամասերից, որոնք միշտ չէ, որ ներառված են Վիճակագրական կոմիտեի վիճակագրական ծածկույթում։

Արդյո՞ք դրամի անկումը նպաստել է արդյունաբերության կրճատմանը

Մինչև 2023թ-ի ապրիլը դրամի իրական արդյունավետ փոխարժեքի ինդեքսը շարունակաբար աճում էր 2021թ-ի դեկտեմբերի համեմատ։ Այլ կերպ ասած, դրամը արժեվորվում էր հիմնական առևտրային գործընկերների արժույթների նկատմամբ՝ հաշվի առած նաև այդ երկրներում և Հայաստանում գների փոփոխությունները։ Այս իրավիճակը, բնականաբար, բացասաբար է անդրադարձել Հայաստանից արտահանվող ապրանքների գնային մրցունակության վրա, բայց, ինչպես ցույց է տալիս մեր ուսումնասիրությունը, արդյունաբերական արտադրանքի թողարկման աճի դանդաղման հիմնական պատճառը չէ։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ 2023թ-ի մայիս-հուլիս ամիսներին արդեն նկատվում է որոշակի կայունացում, ինչը թույլ կտա զսպել գնային մրցունակության հետագա անկումը։

Արտաքին մրցունակության գնահատման ցուցանիշ է, որը ցույց է տալիս տվյալ երկրի հարաբերական գների փոփոխությունը հիմնական գործընկեր երկրների միջին կշռված գների նկատմամբ՝ արտահայտված միևնույն արժույթով: Որպես կշիռ վերցվում է արտաքին առևտրաշրջանառության մեջ յուրաքանչյուր գործընկեր երկրի մասնաբաժինը:

Այսպիսով, պետք է նշել, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունում արդյունաբերությունը աճում է ավելի դանդաղ տեմպերով, քան տնտեսության ոչ արդյունաբերական հատվածը, ինչը հանգեցրել է տնտեսության կառուցվածքային փոփոխությունների։ Այդ միտումը ավելի վառ արտահայտվել է հատկապես 2022թ-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Անդրադառնալով 2023թ-ի զարգացումներին՝ պետք է նշել, որ դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերության համախառն արտադրանքի աճը հիմնականում զսպել են մետաղական հանքաքարի արդյունահանման, հիմնային մետաղների և սննդամթերքի արտադրության ենթաոլորտները, որտեղ անկումը առավելապես պայմանավորված է եղել փոխարժեքի հետ չկապված իրավիճակային գործոններով։

[1] Դիտարկվել է հունվար-հունիս ժամանակահատվածը, որի համար առկա են տվյալներ  արդյունաբերության արտադրանքի թողարկման վերաբերյալ հնգանիշ դասակարգմամբ

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են