2022 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են անկախ Հայաստանի պատմության մեջ ռեկորդային բարձր 2.06 տրիլիոն դրամ, ինչը 22.5%-ով ավելի է, քան 2021-ին և 5.9%-ով ավելի, քան կառավարության նախնական պլանը։
2022-ին պետական բյուջեի եկամուտների 93.4%-ը կամ 1․9 մլրդ դրամը ձևավորվել է պետական բյուջե վճարված հարկերի և տուրքերի հաշվին, 0.7%-ը կամ 15 մլրդ դրամը՝ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհների հաշվին և 5.9%-ը կամ 122.1 մլրդ դրամը՝ այլ եկամուտներից, որոնց մեջ մտնում են պետական բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինները և այլն:
Պետական բյուջեի եկամուտների աճը գլխավորապես պայմանավորված էր հարկային եկամուտների ավելացմամբ (+21.4% կամ 339.1 մլրդ դրամ), որի վրա զգալի դրական ազդեցություն է ունեցել ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստանի տնտեսության ակտիվացումը: