donors

2022թ-ի տարեկան պետական բյուջեով սկզբնապես նախատեսված էր օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից (այսուհետ՝ միջազգային դոնորներից) վարկի և դրամաշնորհի տեսքով ներգրավել 129.4 մլրդ դրամ 28 բյուջետային նպատակային ծրագրերի համաֆինանսավորման համար։ Պայմանավորված մի շարք հանգամանքներով՝ բյուջետային նպատակային ծրագրերի մասով միջազգային դոնորներից սպասվող ֆինանսավորման պլանը կատարվել է ընդամենը 44.1%-ով:

Միջազգային դոնորների ֆինանսավորման դերը ՀՀ պետբյուջեի համար

2022թ-ի պետական բյուջեով սկզբնապես պլանավորված էր միջազգային դոնորներից ներգրավել 129.4 մլրդ դրամ, որից 92.6 մլրդ դրամը՝ որպես վարկ, 36.8 մլրդ դրամը՝ որպես դրամաշնորհ։ Այդ միջոցները, համադրվելով 25.9 մլրդ դրամ տեղական համաֆինանսավորման հետ, պետք է ուղղվեին 28 բյուջետային ծրագրերի իրականացմանը։ Ընդ որում՝ 28 ծրագրից 5-ի դեպքում նախատեսվում էր ստանալ միայն դրամաշնորհ, 11-ի դեպքում՝ միայն վարկ, 12-ի դեպքում՝ և՛ վարկ, և՛ դրամաշնորհ։ Բյուջեի կատարողականի վերլուծությունը ցույց է տալիս, որ սկզբնապես նախատեսված 28 ծրագրերից 6-ի մասով դոնորներից առհասարակ ֆինանսավորում չի ստացվել, 4-ի մասով սկզբնապես պլանավորված ֆինանսական ցուցանիշը գերակատարվել է, իսկ 18-ի մասով՝ թերակատարվել։ Միաժամանակ, ճշտված պլանի հիման վրա միջազգային դոնորները լրացուցիչ ֆինանսավորել են 7 նոր ծրագիր։ Արդյունքում, դոնորների համաֆինանսավորմամբ իրականացվող 29 ծրագրերի շրջանակում դոնորների ֆինանսավորման ընդհանուր չափը եղել է շուրջ 57.1 մլրդ դրամ, ինչը համարժեք է 2022թ-ի պետական բյուջեի փաստացի ծախսերի մոտ 2.5%-ին։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ միջազգային դոնորների ֆինանսական ցածր կատարողականին զուգահեռ, ցածր է եղել նաև ՀՀ կառավարության ֆինանսավորման կատարողականը՝ սկզբնական պլանավորած 25.9 մլրդ դրամ ֆինանսավորման փոխարեն փաստացի ֆինանսավորումը եղել է 12.3 մլրդ դրամ (կատարողականը՝ 47.6%):

Ովքեր են 2022թ-ի պետական բյուջեի միջազգային խոշոր դոնորները

2022թ-ին Հայաստանի պետական բյուջեի խոշորագույն միջազգային դոնորը եղել է Ասիական զարգացման բանկը՝ 20.4 մլրդ դրամ ֆինանսավորմամբ (36%), որին հաջորդում են Համաշխարհային բանկը և Եվրոպական նեդրրումային բանկը, համապատասխանաբար, 15.1 մլրդ դրամ (27%) և 4.6 մլրդ դրամ (8%) ֆինանսավորմամբ, ընդ որում՝ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորումը եղել է բացառապես վարկի տեսքով, իսկ Համաշխարհային բանկը և Եվրոպական ներդրումային բանկը ունեցել են նաև դրամաշնորհային կոմպոնենտ (համապատասխանաբար՝ 15% և 8%):

Օտարերկրյա պետությունների կառավարությունների կողմից ուղղակի ֆինանսավորում նախատեսված է եղել ստանալու ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանի Դաշնությունից, սակայն փաստացի ստացվել է միայն ԱՄՆ-ից և Ֆրանսիայից։

Ինչի՞ն է ուղղվում միջազգային դոնորների ֆինանսավորումը

 2022թ-ին միջազգային դոնորների ֆինանսավորմամբ իրականացված  բյուջետային ծրագրերի հիմնական մասը եղել է կապիտալի ծախսերի տեսքով, ընդ որում՝ միջազգային դոնորների ֆինանսավորման շուրջ 36%-ն ուղղվել է ճանապարհային ցանցի բարելավմանը և քաղաքային զարգացմանը, 17%-ը՝ ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավմանը, 16%-ը՝ կրթության ապահովմանը և ենթակառուցվածքների բարելավմանը։

Հաշվի առնելով ծրագրերի բնույթը՝ միջազգային դոնորների ֆինանսավորման մեծ մասը  ուղղվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող ծրագրերին (69.7%), որին հաջորդում են Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարությունները, համապատասխանաբար, 8.4% և 7.4%:

Ինչո՞ւ է պլանավորածից պակաս եղել միջազգային դոնորների ֆինանսավորումը

2022թ-ին միջազգային դոնորների կողմից պետբյուջեի ֆինանսավորման թերակատարումը մասամբ պայմանավորված է դրամի արժեվորմամբ: Մասնավորապես, միջազգային դոնորների պարտավորությունները ճնշող մեծամասնությամբ եղել են դոլարով, իսկ 2022թ-ի պետական բյուջեի նախագծով դոլար/դրամի փոխարժեքը նախատեսվել է 477.55 դրամ, այնինչ փաստացի փոխարժեքը միջինում եղել է 435.7 դրամ։ Բացի այդ, առանձին դեպքերում թերևս միջազգային դոնորների պլանները փոփոխվել են՝ պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով, օրինակ, ՌԴ կառավարության դրամաշնորհով պլանավորված էր իրականացնել երկու միջոցառում հանրային ֆինանսների կառավարման բնագավառում, իսկ ԵՄ ֆինանսավորմամբ՝ գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծում, որոնք չեն իրականցվել։

 

 

Սույն հոդվածը պատրաստվել է Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի (ACSES)  կողմից «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության աջակցությամբ՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Արևելյան գործընկերության համար ԵՄ բարեվարքության ծրագրի շրջանակում։ Դրա բովանդակության պատասխանատվությունը բացառապես Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնինն (ACSES) է և պարտադիր չէ, որ արտացոլի ԲԿԳ կամ ԵՄ դիրքորոշումները։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են