Վերջերս հայաստանյան պատվիրակության Չինաստան կատարած այցը նշանավորվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի 2025թ․ օգոստոսի 31-ին հրապարակված համատեղ հայտարարությամբ։

Չինաստանի արտաքին քաղաքականությունը, հատկապես նախորդ տասնամյակներում, ինտենսիվ քայլերով գործընկերություն է հաստատում տարածաշրջանի  երկրների հետ։ Ընդ որում, Պեկինի դեպքում գործում է դիվանագիտական գործընկերության մի քանի հիմնական մակարդակ․ (1) բարեկամական-համագործակցային, (2) համագործակցային, (3) ռազմավարական, (4) համապարփակ-ռազմավարական և (5) համապարփակ-ռազմավարական-համագործակցային գործընկերություն։

Այս հոդվածում կծանոթանանք, թե որոնք են Հայաստանի հետ հաստատված ռազմավարական գործընկերության հիմնական դրույթները և գործընկերության ինչպիսի մակարդակ կա տարածաշրջանի այլ երկրների հետ։

Ռազմավարական գործընկերություն հայ-չինական հարաբերություններում

Համատեղ հայտարարությունը ենթադրում է քաղաքական, տնտեսական, գլոբալ, ինչպես նաև գիտատեխնոլոգիական, կրթական և ոլորտային այլ համագործակցություններ։ Յուրաքանչյուր հատվածում միջազգային քաղաքականության մեջ ընդունված հիմնարար սկզբունքները վերահաստատելուց բացի՝ հայտարարությունը շոշափում է որոշակի կոնկրետ դիրքորոշումներ և հեռանկարներ։ Մասնավորապես․

  • Հայաստանը իր աջակցությունն է հայտնում «Մեկ Չինաստան» սկզբունքին՝ նկատի ունենալով Չինաստանի տարածքային ամբողջականությունը (ներառյալ Թայվանը), իսկ Չինաստանն իր հերթին խրախուսում է խաղաղության օրակարգն ու  ողջունում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։
  • Խոսք է գնում հայկական արտադրանքի՝ դեպի Չինաստան արտահանման, մյուս կողմից՝ Հայաստանի ենթակառուցվածքային ներդրումներում չինական ընկերությունների մասնակցությունը խրախուսելու մասին։ Առևտրի և ներդրումների ընդլայնման նպատակով դիտարկվում են հատկապես ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի աղբյուրների, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտները։
  • Կողմերը պատրաստակամություն են հայտնում կատարելագործել առևտրատնտեսական ոլորտին վերաբերող պայմանագրային-իրավական դաշտը, ազատականացնել և դյուրացնել առևտրի ու ներդրումների ընթացակարգերը։ Այս առումով նպատակ է սահմանվում աջակցել, որպեսզի Զարգացման համար ներդրումների դյուրացման համաձայնագիրը (IFD) ներառվի Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) իրավական կառուցվածքում։
  • Զբոսաշրջության խթանման նպատակով կողմերը կարևորում են հաստատված առանց վիզայի ռեժիմը, նախանշվում է ապագայում ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունը։
  • Գիտատեխնոլոգիական ոլորտում կողմերը պատրաստակամ են համագործակցել համատեղությամբ ստեղծելու նորարարական ինկուբատորներ, տեխնոպարկեր, ինչպես նաև գործակցել, օրինակ, Հայաստանի «Ինժեներական քաղաք» և «Ակադեմիական քաղաք» նախագծերի շրջանակում։
  • Կողմերը պայմանավորվում են համագործակցել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (ԳՃՆ) և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունների շրջանակում։
  • Չինական կողմը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Երևանին՝ Շանհայի համագործակցության կազմակերպությյանը (ՇՀԿ) անդամակցեկու գործում ։ Միաժամանակ, Պեկինը պատրաստ է խորացնել համագործակցությունը հայկական կողմի հետ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) շրջանակներում։

Ինչպես Հայաստանը, այդպես նաև Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը, պաշտպանում են «Մեկ Չինաստան» սկզբունքը, աջակցում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։

Վրաց-չինական ռազմավարական գործընկերության օրակարգն ավելի ընդգրկուն է

Վրաստանի հետ նույնպես Չինաստանի հարաբերությունները ունեն ռազմավարական գործընկերության մակարդակ։ Համատեղ հայտարարությունը հրապարկվել է 2023թ.օգոստոսին։ Այն թե՛ կառուցվածքով, թե՛ բովանդակությամբ շատ նման է  հայտարարությանը, որը հրապարակվել է ՀՀ և ՉԺՀ առաջնորդների կողմից այս տարվա օգոստոսին։

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը Վրաստանն առավել ինտենսիվորեն է ներգրավված, քանի որ հանդիսանում է ինչպես այդ նախաձեռնության այդպես էլ Միջին միջանցքի մասնակից երկիր Այդ հանգամանքով պայմանավորված, հայկական փաստաթղթի համեմատությամբ, առավել լայն են նաև համագործակցության ոլորտները, այդ թվում՝ երկաթուղային ցանցերի արդիականացում և ընդլայնում, չինական արտադրանքի՝ դեպի արևմտյան շուկաներ արտահանման նպատակով Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքների օգտագործում և այլն։

Քննարկվում են նաև Չինաստանի և Վրաստանի միջև 2018թ․ ստորագրված ազատ առևտրի և 1993թ․ ստորագրված գիտատեխնոլոգիական համագործակցության մասին համաձայնագրերը թարմացնելու և հարստացնելու հնարավորությունները։ Չինաստանը պատրաստակամություն է հայտնում քննարկել Վրաստանում սոցիալական և ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար արտոնյալ վարկեր տրամադրելու հնարավորությունները։

Ադրբեջան դեպի համապարփակ-ռազմավարական գործընկերություն

2024թ․ հուլիսին Ադրբեջանի ու Չինաստանի միջև հաստատվել է ռազմավարական գործընկերություն, իսկ մեկ տարի չանցած՝ 2025թ․ ապրիլին երկու երկրների առաջնորդները հանդես են եկել համապարփակ-ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հայտարարությամբ։ Տպավորիչ են ինչպես գործընկերության խորությունը, այնպես էլ ռազմավարականից համապարփակ-ռազմավարական գործընկերության անցում կատարելու արագությունը։

Առևտրի և ներդրումների խրախուսման նպատակով կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, նաև ձեռնամուխ լինել սկսելու ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ։ Հատկապես ուշադրության կենտրոնում են նավթամթերքները, մետալուրգիան, տեքստիլ արդյունաբերությունը, դեղագործությունը և մեքենաշինական սարքավորումները: Չինաստանը աջակցել է Ադրբեջանի շուտափույթ անդամակցությանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև «Միջազգային բազմամոդալ տրանսպորտի մասին» համաձայնագրի ստորագրումը։ Չինաստանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել՝ ընդլայնելու բեռնափոխադրումները Ադրբեջանի ու Չինաստան-Եվրոպա-Չինաստան ճանապարհին գտնվող այլ երկրների միջև ։

Իրան և Չինաստան գործընկերություն հին քաղաքակրթությունների միջև

Իրանի և Չինաստանի միջև 2016թ․ հունվարից հաստատվել է համապարփակ-ռազմավարական գործընկերություն։ Համատեղ հայտարարությունը թարմացվել է 2023թ․ փետրվարին։ Այն ունի այն հիմնական բաժինները, ինչ մյուս պետությունների հետ համատեղ հայտարարությունների տեքստերը, սակայն կա նաև առանձին բաժին նվիրված անվտանգությանն ու պաշտպանությանը։

Տնտեսական համագործակցության մասով նպատակ է հռչակվել խթանել գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցությունը, նախատեսվում է մշակել 2023-2030թթ․ գործողությունների ծրագիր։ Նկատենք, որ Չինաստան արտահանվողիրանական գյուղատնտեսական արտադրանքի համար գործում է «կանաչ ուղի» ռեժիմը։ Պեկինը պատրաստակամություն է հայտնել օգնել Թեհրանին բարելավել պարենային անվտանգությունը, կառուցել համատեղ լաբորատորիա, գյուղատնտեսության ոլորտում իրականացնել այլ նախագծեր։

Կողմերը համաձայնել են կյանքի կոչել Արդյունաբերական, հանքարդյունաբերական հզորությունների և ներդրումային համագործակցության ամրապնդման փոխըմբռնման հուշագիրը, համագործակցել էներգետիկական ոլորտում, մասնավորապես՝ ընդլայնել Իրանի՝ ֆոտովոլտային էներգիայի արտադրության հզորությունը։

Չինաստանը խոստացել է հրավիրել իրանցի պաշտոնատար անձանց և մասնագետներին՝ մասնակցելու աղքատության նվազեցման, առողջապահության և կանաչ զարգացման ոլորտներում վերապատրաստման դասընթացներին: Չինացի զբոսաշրջիկների համար առանց վիզայի ռեժիմ է սահմանվել Իրանում։ Կողմերը պայմանավորվել են նաև փոխադարձաբար ուսանողական կրթաթոշակներ տրամադրել, կազմակերպել փոխանակման ծրագրեր՝ աշակերտների, ուսանողների, ուսուցիչների համար։ Չինաստանը մտադիր է գալիք հինգ տարիներին Իրանի համար հատկացնել 100 կրթաթոշակ՝ չիներենի ուսուցիչներ պատրաստելու նպատակով։

 Ծավալուն անդրադարձ կա միջազգային խաղաղության պահպանմանը, ընդ որում՝ հայտարարության տեքստում Չինաստանը ընդգծված դեմ է արտահայտվում արտաքին ուժերի միջամտությանը Իրանի ներքին գործերին։

Թուրք-չինական ռազմավարական գործընկերությունը

Թուրքիան և Չինաստանը ունեն ռազմավարական գործընկերություն 2010թ․ հոկտեմբերից։ Ի տարբերություն տարածաշրջանի մյուս պետությունների հետ մշակված համատեղ հայտարարություների, որոնքստորագրվել են շատ ավելի ուշ, այս հայտարարության բովանդակությունը աղքատիկ է։ Այն հիմնականում անդրադառնում է հարաբերությունների ընդհանուր սկզբունքներին։ Կա հղում 2000թ․ ապրիլի համատեղ հաղորդագրությանը (կոմյունիկե)՝ վերահաստատելով այնտեղ ներկայացված կետերը։

Այդ կոմյունիկեի շրջանակում ստորագրվել էին թուրք-չինական համատեղ տնտեսական և առևտրային կոմիտեի հերթական նիստում ն ընդունված ու էներգետիկայի ոլորտում տնտեսական և տեխնոլոգիական համագործակցության հաստատման մասին արձանագրությունները։ Այդտեղ անդրադարձ կա Մետաքսի ճանապարհի վերականգնմանը և Թուրքիայի դերին, որպես կապող օղակ Եվրոպայի ու Չինաստանի միջև։

Ամփոփելով՝ նկատենք, որ Չինաստանը ընդլայնում է գործնկերությունը տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ընդ որում՝ Հայաստանի հետ հաստատված ռազմավարական գործընկերությունը վերջինն էր։

Վերը նշվածի ներքո կարող ենք եզրակացնել, որ Չինաստանի՝ տարածաշրջանային ակտիվության հիմնական խթանը Մետաքսի ճանապարհի վերածննդի նպատակով գործարկված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն է, որի շրջանակում մեր տարածաշրջանը դարձել է Չինաստանն ու Եվրոպան կապող օղակներից  մեկը։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են