Նախորդ տասնամյակում Չինաստանը սկսել է ինտենսիվորեն կիրառել փափուկ ուժի (soft power) քաղաքականությունը՝ հատկապես կիրառելով դրա մշակութային և կրթական բաղադրիչները։ Այդ գործընթացն իր դրսևորումներն ունի նաև Հայաստանում, որտեղ, մասնավորապես, տպավորիչ են չինական կրթական նախաձեռնությունները։
Հայաստանում չինական փափուկ ուժի նպատակը
Որպես փափուկ ուժի գործիքներ ակադեմիական փոխանակումներն ու Չինաստանում կրթություն ստանալու հնարավորությունը դարձել են Պեկինի առաջնահերթություններից մեկը։ Արդյունքում՝ եթե 2000-ականների սկզբին Չինաստանում սովորում էր մոտ 100 հազար օտաերկրացի ուսանող, ապա 2023թ-ի դրությամբ այդ թիվը գրեթե 7 անգամ աճել է։
Հայաստանում Չինաստանի ակտիվության պատճառը Պեկինի արտաքին քաղաքական նման գործիքների առկայությունը չէ միայն։ Կկարևոր է նաև Հայաստանի դերը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Թեպետ, Հայաստանն այդ նախաձեռնության հիմնական երթուղում չէ, սակայն մեր երկրի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցում են նախաձեռնության ներքո անցկացվող տարաբնույթ միջոցառումներին՝ սեմինարների, համաժողովների։ Ընդ որում՝ Չինաստանն ինքն է ապահովել հայ պատվիրակների մասնակցության ֆինանսավորումը։ Նշվածն, անուշտ, ցուցիչ է որ Հայաստանը՝ որպես ռազմավարական նշանակության տարածաշրջանի երկիր, հետաքրքրություն է ներկայացնում Պեկինում ։ Ակնհայտ է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացման գործում կրթական բաղադրիչը կարևոր է՝ ապագայում երթուղու երկայնքով գտնվող երկրներում չիներենին տիրապետող ու չինական մշակույթը առնվազն համակրող մասնագետների ցանց ապահովելու համար։
Չինաստանի ներկայությունը ՀՀ կրթական միջավայրում
Հայաստանի անկախացումից ի վեր, երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր գիտության և կրթության ոլորտներում, ինչպես կառավարությունների, այնպես էլ կառավարությանն առընթեր մարմինների միջև։ Ավելին, Հայաստանը դարձել է տարածաշրջանում առաջին Կոնֆուցիոսի ինստիտուտի տեղակայման վայրը, հիմնադրվել է նաև հայ-չինական բարեկամության դպրոց, իսկ չիներեն սովորողների թիվը կայուն աճում է, Չինաստան այցելությունների և վերապատրաստումների հնարավորությունները ընդլայնվում են։
Չիներենը Հայաստանի ուսումնական հաստատություններում
Չիներեն դասավանդվում է Հայաստանի յոթ հանրակրթական դպրոցում, վեցում՝ որպես երրորդ օտար լեզու, իսկ հայ-չինական բարեկամության դպրոցում՝ որպես հիմնական օտար լեզու։ Ընդհանուր առմամբ, 17 հանրակրթական դպրոցում գործում է չիներենի ուսուցման կենտրոն, որտեղ աշակերտները կարող են ուսանել լեզուն։ Ավելին, ակտիվ քայլեր են ձեռնարկվում համագործակցությունը ընդլայնելու համար, մասնավորապես՝ ստորագրվել են հուշագրեր, որոնք հիմք են դնում չիներեն դասավանդող հանրակրթական դպրոցների թվի ընդլայնմանը, կազմակերպվում են տնօրենների ամենամյա այցելություններ Չինաստան, և այլն։
Չիներեն դասավանդվում է նաև Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) և Ռուս-հայկական համալսարանում, իսկ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը (ԵՊԼՀ) առաջարկում է հայերեն-չիներեն թարգմանության մասնագիտացված ծրագիր: 2018թ-ին Հայաստանում չիներեն սովորում էր մոտ 2000 ուսանող, մինչդեռ 2025թ-ին այդ թիվը գերազանցել է 6000-ը, ինչը շատ տպավորիչ թիվ է Հայաստանի նման փոքր երկրի համար։
Հայ-չինական բարեկամության դպրոց
2016-2018թթ-ի ընթացքում Չինաստանի կառավարությունը Երևանում կառուցել է հայ-չինական բարեկամության դպրոց․ նախագծի ընդհանուր արժեքը գերազանցել է 12 մլն ԱՄՆ դոլարը։ Սկզբնապես դպրոցը նախատեսված էր շուրջ 400 սովորողի համար, սակայն մեծ պահանջարկով պայմանավորված՝ այն այժմ ընդունում է մոտ 700 աշակերտի։ Դպրոցը միջին ու ավագ դպրոցի սովորողների համար հնարավորություն է տալիս ոչ միայն սովորել չիներեն և ծանոթանալ չինական մշակույթին, այլև օգտվել չինական բուհերում սովորելու հնարավորությունից, ընդ որում՝ կրթության ծախսերը հոգում են ՀՀ կառավարությունն ու Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտը համատեղ, բացառությամբ՝ ճանապարհածախսի։ 2024թ-ի դրությամբ արդեն 20 ուսանող օգտվել է այդ հնարավորությունից, իսկ դիմորդների թիվը աճում է։
Հայաստանը Կոնֆուցիոսի իստիտուտի հանգրվան
Կոնֆուցիոսի ինստիտուտները Չինաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող ոչ առևտրային կրթական հաստատություններ են, որոնք ստեղծվել են չիներենն ու չինական մշակույթը տարածելու, մշակութային փոխանակումները հեշտացնելու համար: Դրանց թիվն աշխարհում աճում է 2008թ-ից ի վեր և հատկապես արագացել է 2013թ-ին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության պաշտոնական մեկնարկից հետո:
Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտը հիմնադրվել է 2009թ-ին չինական Շանսի համալսարանի և ԵՊԼՀ-ի նախաձեռնությամբ՝ դառնալով Հարավային Կովկասի առաջին Կոնֆուցիոսի ինստիտուտը: Ինչպես աշխարհի մյուս վայրերում, Հայաստանում ևս այն ամբողջությամբ ֆինանսավորվում է Չինաստանի կառավարության կողմից՝ տարեկան ունենալով մոտ 80-100 հազար ԱՄՆ դոլար բյուջե։ Կառույցը գործում է շատ արդյունավետ և մեծ ավանդ ունի Հայաստանում չիներենի տարածման գործում։ 2016թ-ին Հայաստանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտը ճանաչվել է աշխարհի լավագույն 15 ինստիտուտներից մեկը:
Ուսանողական կրթաթոշակներ
2023թ-ից ի վեր Հայաստանում Չինաստանի դեսպանատունը կազմակերպում է կրթական ցուցահանդես, որտեղ ներկայացված են լինում Չինաստանի առաջատար համալսարանները։ Օրինակ՝ 2025թ-ին այս ցուցահանդեսին մասնակցել են Չինաստանի 40 առաջատար համալսարաններ, այդ թվում՝ Շանհայի վարկանիշային աղյուսակի լավագույն 50-ի մեջ մտնող 3 համալսարաններ։ Չինական առաջատար բուհերում ուսանելը դարձել է երազանք հայաստանցի շատ պատանիների ու երիտասարդների համար, ինչը հնարավոր է դառնում իրականացնել միջկառավարական և այլ համաձայնագրերով տրամադրվող կրթաթոշակների միջոցով։ Օրինակ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այս տարվա սեպտեմբերին մեկնեց Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University)։ Հակոբյանն ուսումնասիրելու է չինական փիլիսոփայական դպրությունների, բարոյագիտության ու քաղաքական տեսությունները։
2019թ-ին Հայաստանի և Չինաստանի կրթության նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրով՝ ավելացել է ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների թիվը։ Օրինակ՝ միջկառավարական այս համաձայնագրի շրջանակներում 2025-2026 ուսումնական տարում 16 ուսանող կարող են անվճար ուսանել Չինաստանում, իսկ 2020-2021-ին հասանելի էին 11 կրթաթոշակ։
Ընդհանուր առմամբ, վերջին 10-15 տարիներին միջկառավարական համաձայնագրերի հիման վրա Չինաստանում սովորող հայ ուսանողների թիվը աճել է։ 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում, այս կրթաթոշակների միջոցով, Հայաստանից 17 ուսանող էին սովորում Չինաստանում։
Սակայն միջկառավարական համաձայնագրերն միակը չեն, որ ապահովել են հայաստանցի սովորողների կրթությունը Չինաստանում։ Կոնֆուցիոսի ինստիտուտը միայն 2024թ-ին տրամադրել է 30 կրթաթոշակ։ Հայ ուսանողների ու հետազոտողների համար հասանելի են նաև Չինաստանի կառավարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ գործարկված «Մեծ պատ» կրթաթոշակների ծրագիրը, ինչպես նաև Պեկինի տեխնոլոգիական համալսարանի կրթաթոշակները: Հայելայնորեն, չինացի ուսանողները նույնպես հնարավորություն ունեն սովորել հայաստանյան համալսարաններում, ուսումնասիրել հայերենն ու հայ մշակույթը։
Համագործակցություն բուհերի և հետազոտական խմբերի միջև
Հայաստանի գրեթե բոլոր համալսարաններն այժմ ունեն որոշակի համագործակցություն չինական բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատությունների հետ: 2025թ-ին Կենտրոնական Եվրոպայի ասիական հետազոտությունների ինստիտուտը (CEIAS) սկսել է համակարգված կերպով հաշվառել Հայաստանի ակադեմիական համագործակցությունը Չինաստանի հետ: Համաձայն այդ տվյալների՝ 2025թ-ի դրությամբ Հայաստանը ունի առնվազն 37 ինստիտուցիոնալ կապ չինական գործընկերների հետ, այդ թվում՝ համալսարաններ, պետական, հետազոտական և այլ հաստատություններ: Բացի այդ, 2025թ-ի սեպտեմբերին Չինաստանի Տյանցզինի առևտրի համալսարանը և Երևանի մշակույթի համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Երևանի մշակույթի համալսարանում Կոնֆուցիոսի ինստիտուտ ստեղծելու համար:
Այս կապերը ցույց են տալիս, թե ինչպես են կրթությունը և ակադեմիական փոխանակումը դարձել հայ-չինական հարաբերությունների կարևոր մասը:
Ավելին՝ ներկայումս Հայաստանը և Չինաստանը փոխադարձորեն ուսումնասիրում են կրթական ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների ընդլայնումը, Չինաստանն արդեն իր հետաքրքրությունն է հայտնել մասնակցել ՀՀ կառավարության «Ակադեմիական քաղաք» ռազմավարական նախաձեռնությանը ։
Մասնագետների վերապատրաստում
Նախորդ տարիներին, Չինաստանը կազմակերպում է նաև տարբեր
մասնագիտությունների գծով տարեկան վերապատրաստումներ հայաստանցի մասնագետների համար։ 2024թ-ին Հայաստանում Չինաստանի դեսպանատունը ֆինանսավորել է մոտ 450 փորձագետի վերապատրաստումը Չինաստանում: 2025թ-ի սեպտեմբերի դրությամբ հայ փորձագետների հինգ խումբ արդեն ուղարկվել է Չինաստան՝ վերապատրաստման, սեմինարների և փորձի փոխանակման ծրագրերին մասնակցելու համար:
Տեղեկատվական և ճանաչողական միջոցառումներ
Նախորդ տարիներին Հայաստանում չինական կողմի նախաձեռնությամբ անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, կյանքի կոչվում ձեռնարկումներ, որոնց ակնհայտ նպատակն է երկու երկրների մասին տեղեկացվածության ընդլայնումը։ Մասնավորապես, աչք է զարնում 2024թ-ին լույս տեսած «Հայ-չինական ուսումնասիրությունների տարեգիրքը», որը ամբողջությամբ Չինաստանի և չինական քաղաքակրթության ուսումնասիրությանը նվիրված առաջին հայկական ակադեմիական հրատարակությունն է: Նախատեսվում է առաջիկայում պարբերաբար թողարկել տարեգիրքը՝ տարեկան երկու անգամ։
Միայն 2024թ-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը կազմակերպել է Չինաստանի և հայ-չինական հարաբերությունների վերաբերյալ չորս գիտաժողով: Նմանապես, Կոնֆուցիոսի ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Ռուս-հայկական համալսարանը և այլ համալսարաններ անցկացնում են Չինաստանին նվիրված միջոցառումներ՝ հաճախ դեսպանի մասնակցությամբ: Իսկ 2021թ-ին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Չինաստանի մամուլի և հրատարակչության ազգային վարչությունը ստորագրել են դասական և կարևոր ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Այս համաձայնագրի համաձայն՝ Հայաստանը պետք է թարգմանի և հրատարակի չինական դասական գրականությունը հայերեն, իսկ Չինաստանը՝ հայ գրականությունը չիներեն։ Մի քանի դասական ստեղծագործություններ արդեն հրատարակվել են, այժմ ընթացքի մեջ են հետագա թարգմանությունները:
Մրցույթներ կրթության և մշակույթի ոլորտում
«Չինարենի կամուրջ»
2014թ-ին Հայաստանը՝ Երևանում Չինաստանի դեսպանատան և Կոնֆուցիոսի ինստիտուտի ջանքերով, առաջին անգամ մասնակցել է «Չիներենի կամուրջ» միջազգային մրցույթին: Մրցույթը անցկացվում է ամեն տարի։ Այն նախատեսված է չիներենին՝ ոչ որպես մայրենի լեզու տիրապետողների համար, որոնք մեկ հարթակում ցուցադրում են իրենց լեզվական հմտությունները և մշակութային գիտելիքները: 2022թ-ը նշանավորվել է մրցույթին ոչ միայն համալսարանական և ավագ դպրոցի աշակերտների, այլև տարրական դպրոցի աշակերտների մասնակցությամբ, ինչը արտացոլում է չիներենի նկատմամբ աճող ժողովրդականությունը մեր երկրում: Մասնակցությունը նույնպես զգալիորեն աճել է. եթե առաջին մրցույթին հայկական կողմից մասնակցել էր մոտ մեկ տասնյակ հոգի, ապա 2022թ-ից այդ թիվը գերազանցել է 60-ը։
«Չինարենի ուսուցման և դասավանդման մրցանակ»
Չինաստանի դեսպանատունը 2018թ-ից մեկնարկել է ամենամյա մրցույթ՝ նվիրված չիներենի ուսուցմանն ու դասավանդմանը։ Նախաձեռնության նպատակն է ճանաչել և խրախուսել չիներենի տարածման և ուսումնասիրության գործում նշանակալի ներդրում ունեցած մանկավարժներին և ուսանողներին։ Մրցույթի շրջանակում մինչև այժմ պարգևատրվել է ավելի քան 200 ուսուցիչ և սովորող։
Այսպիսով, մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Չինաստանը արագ տեմպերով ավելացնում է իր ներկայությունը Հայաստանում «փափուկ ուժի» գործիքներով, ինչը վկայում է այն մասին, որ Չինաստանը մեր երկրի հետ կապված հեռուն գնացող նպատակներ ունի։